Լրահոս
Օրվա լրահոսը

Ակտիվիստը ոստիկանության ներկայացուցչի հայտարարությունը ոչ բավարար կրթության արդյունք է համարում (Տեսանյութ)

Ապրիլ 29,2014 18:19

«Ոստիկանության ներկայացուցիչն ասում է, որ Երևանի քաղաքապետարանի աստիճաններին քնելու արգելող նորմ չկա, բայց, այնուամենայնիվ, դատի են տալիս, քանի որ թույլատրող նորմ էլ չկա: Այսինքն` հերքում է այն թեզը, որ ինչ արգելված չէ օրենքով, թույլատրված է»,-իր դեմ հարուցված  գործի դատական ընթացքի մասին խոսելով Aravot.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց ակտիվիստ Սուրեն Սահակյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչական դատարանում այսօր քննվեց ՀՀ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու համար ՀՀ քաղաքացի Սուրեն Սահակյանին վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջով գործը, որի ժամանակ հայցվոր կողմի ներկայացուցիչը հայտարարեց, թե չնայած նման նորմ չկա, որով սահմանվում է, որ քաղաքապետարանի աստիճաններին գիշերելը արգելվում է, բայց նաև չկա դա թույլատրող նորմ: Նշենք, որ հենց սա էր Երևանի քաղաքապետարանի առաջ շուրջօրյա ռեժիմով բողոքի ակցիայի մասնակից Սուրեն Սահակյանին` օգոստոսի 27-ին բերման ենթարկելու պատճառը:

Հայցվոր կողմի ներկայացրած պնդումներին ի պատասխան՝ Սուրեն Սահակյանը մեզ հետ զրույցում փոխանցեց հետևյալը. «Դա ոչ բավարար կրթության  կամ մասնագիտական կրթության արդյունք է»:

Մեր հարցին` շարունակո՞ւմ է մնալ այն կարծիքին, որ ոստիկաններն իրեն բերման են ենթարկել, որպեսզի խոչընդոտեն ակցիայի ընթացքին, Սուրեն Սահակյանը պատասխանեց. «Դրանից մի քանի օր առաջ մեր համախոհներին են ծեծի ենթարկել, ու քաղաքապետարանի մոտից ընդհանրապես վերացել էին  այդ վերակարգերը, որ գիշերը պետք է հետևեին անվտանգությանը: Ու մի քանի օր մնալուց հետո երկրորդ, թե երրորդ օրը որոշեցինք մենք ինքներս անվտանգություն ապահովել ու  գիշերել քաղաքապետարանի տեսախցիկների հսկողության տակ, որ գոնե մի բան լինի, փաստական ապացույցներ ունենանք, քանի որ այդ պահին ոստիկանություն չի եղել»:

Հավաստիացրեց, որ իրեն` բերման ենթարկելու փաստով որևէ իրավական հիմք չեն ներկայացրել, որևէ մեկն իրեն չի բացատրել իրավախախտումը, դրանից բխող հետևանքները, ուստի արդար դատարան ունենալու պարագայում դատարանը հօգուտ իրեն որոշում պիտի կայացնի:

Հետաքրքրվեցինք` հարկ եղած դեպքում դիմելո՞ւ են նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարան, Սուրեն Սահակյանը արձագանքեց. «Հույս ունեմ, որ գործն այդքան չի ձգվի»:

Մանրամասները` տեսանյութում:

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930