Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ճահճացած Սեւանից նախիրը ջուր էր խմել եւ թունավորվել

Ապրիլ 29,2014 18:05

«Չուսումնասիրված, որեւէ այլընտրանքային տարբերակ չքննարկված, գիտականորեն չհիմնավորված»,-Aravot.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց «Էկոլոգիական դաշինք» հ/կ անդամ, բնապահպան Գրետա Գաբրիելյանն՝ անդրադառնալով Սեւանա լճից ջրառի ավելացում նախատեսող օրենքի նախագծին, որն այսօր ԱԺ-ն ձայների 96 կողմ, 15 դեմ եւ 4 ձեռնպահ հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ ընդունել է:

«Ի՞նչ է նշանակում կոմերիտական պարտիայի նեխած, գաղջ մթնոլորտը բերել ակադեմիա եւ ակադեմիկոսի երեսին ասել, որ քո ասածը հուզական է եւ գիտական չէ: Եթե ակադեմիկոսի ասածը գիտական չէ, ապա ո՞ւմն է գիտական, ինքը, որ մասնագետ չէ իրավունք ունի՞ բերան բացելու խոսելու, այն էլ նկատողություն անելու»,-ասաց տիկին Գաբրիելյանը` հիշելով ԳԱԱ-ում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի պատասխանը ակադեմիկոս Ռուբեն Ջրբաշյանին, որը փորձում էր նախագահին ներկայացնել, թե Սեւանից 5 տարի անընդմեջ ջուր վերցնելու հետեւանքով Սեւանա լիճն ինչ վտանգի տակ կհայտնվի:

Տիկին Գաբրիելյանի համոզմամբ էլ, Սեւանը ռազմավարական նշանակություն ունի մեր երկրի համար եւ Երեւանի ու նրա տարածաշրջանի խմելու ջրերի աղբյուրները գոյանում են հենց Սեւանի շնորհիվ. «Այն, ուղղակի, պարտադրված որոշում է: Ազգային ժողովում իրենք մեծամասնություն են եւ իրենք են տերերը, իրենք օլիգարխներն են: Այն, որ նրանք չեն ուզում այլ միջոցներ գտնել Արարատյան դաշտի հարցը լուծելու, հենց խոսում է այն մասին, որ առաջին հերթին ուզում են լճի ջուրն իջեցնել, որ իրենց բիզնեսները` հյուրանոցները, ռեստորանները պահպանեն: Երկրորդ. Սեւանի ջուրը պետք է, որպեսզի Արարատյան դաշտավայրի ձկան բիզնեսը շարունակի նույն թափով, նույն հզորությամբ: Սեւանն այս պահին առողջացման փուլում է եւ, դեռես, շատ ցուցանիշներով շատ մոտ է ճահճացմանը եւ այս պահին նրա վրա ազդեցություն գործելը, Սեւանի համար կլինի կործանարար»:

Տիկին Գաբրիելյանի խոսքերով, ջրամբարների հարցը եւս մնում է «մութ», ըստ նրա, արդեն որերորդ տարին է, ջրամբարները չեն լցվում. «Ինչի՞ չեն լցվում, պետք է լուրջ ուսումնասիրվի: Այսինքն` միանշանակ ասում են, որ Սեւանից ջուր բաց թողնելը մեկ այլ նպատակի համար է պետք, այլ ոչ թե Արարատյան դաշտի»:

Նշենք, որ խոսքը գնում է Արարատյան դաշտի 10 հազար հեկտարին ջուր մատակարարելու մասին:

Տիկին Գաբրիելյանն ունի գյուղնախարարության ներկայացրած հաշվարկները, համաձայն որի, 10 հազար հեկտար հողատարածքի համար անհրաժեշտ է առավելագույնը 120 միլիոն խմ ջուր, այլ ոչ թե 520 միլիոն, ինչպես որ ներկայացված է կառավարական հաշվարկներում:

Գեղարքունիքի մարզում գործող «Տարածքային զարգացման եւ հետազոտությունների կենտրոն» հ/կ նախագահ Սաթենիկ Բադեյանը, որն առաջին ձեռքից է ծանոթ Սեւանի եւ մարզի բնակիչների խնդիրներին, Aravot.am-ի հետ զրույցում նկատեց. «Եթե օրինագիծն ընդունվի 5 տարի ժամկետով, ապա անհնար է, որ բացասական բալանս չարձանագրվի եւ ամեն տարի Սեւանա լճի մակարդակը գնալով կիջնի: Գիտականորեն ապացուցված է, որ տարեկան Սեւան է մտնում 220 միլիոն խմ ջուր, եթե, ամեն տարի Սեւանում 240 միլիոն խմ ջուր տարվի, բնականաբար, բացասական բալանս կարձանագրվի եւ լճի ջրի որակը ավելի կվատանա ու լճում ճահճացման գործընթացները շատ ավելի արագ կընթանան: Մտավախություն ունենք նաեւ, որ, եթե այսօր իրենք պնդում են, որ սակավաջուր տարի է ու ջրի պակաս կա Հայաստանում, բնականաբար, սակավաջրությունը նաեւ Սեւանին է սպառնում»:

Տիկին Բադեյանի խոսքերով, ոռոգման խնդիրը Գեղարքունիքի գյուղացին էլ միշտ ունի. «Ճիշտ է մենք այդքան բերք ու բարիք չենք արտադրում, ինչպես Արարատյան դաշտում է, բայց ոռոգման խնդիր կա: Մեր մարզում ոռոգման հարցը ընդհանարապես լուծված չէ, ափամերձ գյուղերը, օրինակ` Լճաշեն համայնքը ոռոգման ջուր չեն ստանում գտնվելով անմիջապես Սեւանի ափին: Լճի մակարդակի իջեցումը կբերի լճի ճահճացման, ջուրը տաքանում է եւ լճում սկսվում են նեխման պրոցեսներ, լիճը ծաղկում է կապտականաչ ջրիմուռներով, որոնք թունավոր են, նախկինում այդպիսի դեպք եղել է, որ գյուղի ամբողջ նախիրը թունավորվել էր լճից ջուր խմելուց, որովհետեւ այդ հատվածը ծաղկած էր այդպիսի ջրիմուռներով: Երբ որ մակարդակը բարձր է լինում, հատակին սառը շերտ է գոյանում, որը դադարեցնում է այդ նեխման պրոցեսները»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930