«Դուրս չի գալիս նոր կառավարությունը՝ իր կազմով, ինչպես նաեւ կառուցվածքով: Ինչպես տխուր վիճակում էին, այդպես էլ մնացել է այդ վիճակով: Հեքիաթներ չեն կատարվում»,- ապրիլի 29-ին Aravot.am-ի հետ զրույցում անկեղծացավ ԲՀԿ անդամ, նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանը:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Կենտրոնական բանկում հայտարարել էր, որ «Նոր կառավարությունը պետք է կարողանա ապահովել տնտեսական աճ, բարեփոխումների շարունակականություն, նոր կառավարությունը պետք է կարողանա վերականգնել մեր քաղաքացիների վստահությունը բարեփոխումների եւ իր գործունեության նկատմամբ: Սրանք այն նվազագույն խնդիրներն են, որ նոր կառավարությունը պետք է կարողանա լուծել: Ես կարծում եմ, որ կառավարությունում էական փոփոխություններ են լինելու: Անհրաժեշտություն կա, որպեսզի նաև նոր աչքով նայվի եղած խնդիրներին, ոլորտներին»:
Մենք պարոն Բոստանջյանից հետաքրքրվեցինք՝ այսօր կառավարության նոր կազմն իմանալով՝ հնարավո՞ր է էական այդ բարեփոխումները, այս նախարարները նոր աչքով կնայե՞ն առկա խնդիրներին: Պարոն Բոստանջյանը կատակեց. «Կարող է հանկարծ պատահականորեն անեն, էլի: Նախորդները ոչ մի բան չկարողացան անել, հիմա՞ ինչ պիտի անեն»:
Վարդան Բոստանջյանն ասաց, որ առողջապահության եւ էկոնոմիկայի նախարարների փոփոխությունները հավանում է: Առողջապահության նոր նախարար է նշանակվել Արմեն Մուրադյանը, իսկ էկոնոմիկայի նախարարն է Կարեն Ճշմարիտյանը: Ըստ նրա, այս երկու նախարարների հետ հույս կարելի է կապել:
Պարոն Բոստանջյանի սրտով չէ մշակույթի նախարարի՝ Հասմիկ Պողոսյանի վերանշանակումը. «Մշակույթի ոլորտն է շատ հուզված: Դա կարեւոր մի ոլորտ է, այնտեղ բոլորը հուսալքվեցին»:
Կարդացեք նաև
Վարդան Բոստանջյանն ասաց, որ հույս չունի էական բարեփոխումների. «Արդեն մոռացել ենք, թե մեր երկրում որն է բարեփոխումը, դա ինչ բան է: Իմ կարծիքով ոչ մի բան չի փոխվում եւ բարեփոխումն էլ լավ իմաստով հեռանկար չունեցող մի բան է՝ չի լինի այդպիսի բան»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ