Բաքվի օդանավակայանում ապրիլի 28-ի երեկոյան բերման ենթարկված Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի (ԽԺԻ) տնօրեն Լեյլա Յունուսին հարցաքննել են ադրբեջանցի լրագրող Ռաուֆ Միրկադիրովի գործով, որը մեղադրվում է Հայաստանի օգտին լրտեսություն անելու մեջ, հայտնել է փաստաբան Խալիդ Բագիրովը:
«Կոնտակտ»-ը, հղում անելով «Թուրան» լրատվական գործակալությանը, գրում է, որ հարցաքննությունը տևել է 9 ժամ առանց դադարի:
Իրավապաշտպան Յունուսը լրագրողներին բողոքել է, որ իր իրավունքները խախտել են՝ նշելով, որ 23:00-ից ոտքի վրա է և մի կերպ է կանգնած մնում. «Ես նույնիսկ զուգարան եմ ստիպված եղել ոստիկանի հսկողությամբ գնալ», – ասել է նա՝ հավաստիացնելով, որ ինքը չգիտի, թե ինչի մեջ են իրեն մեղադրում. «Նրանք ասում են, որ ինչ-որ բանում մեղավոր եմ: Նրանք հարցնում են՝ Ռաուֆ Միրկադիրովի հետ մտերի՞մ եք եղել: Իհարկե մտերիմ եմ եղել»:
Այդուհանդերձ, Միրկադիրովի փաստաբան Ֆուադ Ագաևը «Հաքքին.ազ»-ին հայտնել է, որ լրագրողի գործով հետաքննություն դեռ չի իրականացվում:
Այժմ ԽԺԻ-ի գրասենյակում խուզարկություն է անցկացվում: Յունուսի պնդմամբ, ոստիկանությունը խուզարկության համար թույլտվություն չի ներկայացրել:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ