Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանն այցելել է Շինարարների 15 վթարային շենք

Ապրիլ 29,2014 17:32

Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Թամարա Պողոսյանի հետ այցելել է Շինարարների փողոցի 15 հասցեում գտնվող 4-րդ աստիճանի վթարայնության շենք և հանդիպել բնակարանից չտեղափոխվող ընտանիքի անդամների հետ:

Հարկ է նշել, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչները մեկ անգամ չէ, որ այցելել են այս հասցեի բնակիչներին, ինչպես նաև քանիցս հանդիպումներ են ունեցել նրանց հետ նաև Երևանի քաղաքապետարանում: 2013 թվականի տարեվերջին քաղաքապետարանում կազմակերպված նման հերթական հանդիպման ընթացքում, ներկայում վթարային շենքի բնակարանը լքել հրաժարվող ընտանիքի անունից հանդես եկող լիազոր ներկայացուցիչ Խանում Հովսեփյանն իր համաձայնությունն էր տվել ամբողջությամբ ազատել բնակարանն ու տվյալ հասցեում հաշվառված ընտանիքի բոլոր անդամների հետ միասին, 4-րդ աստիճանի վթարային շենքերի բնակիչների վերաբնակեցման ծրագրի շրջանակում, տեղափոխվել իրենց հատկացված նոր բնակարան: Ի դեպ, նշված հանդիպումն ամբողջությամբ տեսանկարահանվել է և, անհրաժեշտության դեպքում, այդ տեսագրությունը կտրամադրվի ցանկացողներին: Ինչևէ, Երևանի քաղաքապետի որոշմամբ՝ վերը նշված 1 սենյականոց բնակարանի դիմաց տվյալ ընտանիքին հատկացվել է համարժեք 1 սենյականոց բնակարան՝ նորակառույց Մարգարյան 37 շենքում: Նշենք նաև, որ հատկացված բնակարանը, օրենսդրությամբ սահմանված կարգով, տրվել է տվյալ հասցեում հաշվառված և բնակարանի նկատմամբ իրավունքներ ունեցող բոլոր անձանց, այդ թվում նաև ընտանիքի ամուսնալուծված հորը՝ Սամվել Ադամյանին: Որոշման պահանջների համաձայն՝ սահմանված ժամկետում բնակիչները պետք է ազատեին զբաղեցրած տարածքները:

Հաշվի առնելով շենքի փլուզման սպառնալիքի հանգամանքը և անկանխատեսելի հետևանքները, որոնց դեպքում վտանգ է սպառնում շենքի հարակից ընդհանուր օգտագործման տարածքներից օգտվող այլ քաղաքացիների կյանքին ու առողջությանը, օրեր առաջ մեկնարկել էին շենքի քանդման աշխատանքները: Մինչ այդ արձանագրվել էր, որ վերը նշված ընտանիքը տեղափոխվել է նոր բնակարան:

Ներընտանեկան խնդիրներով պայմանավորված՝ տվյալ բնակարանի նկատմամբ իրավունքներ ունեցող Սամվել Ադամյանը, սակայն, այժմ հրաժարվում է ազատել բնակարանը՝ ակնկալելով ստանալ լրացուցիչ բնակարան: Ընտանիքի մյուս անդամներն էլ հրաժարվում են վերադարձնել հատկացված բնակարանը:

Քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը, զրուցելով ընտանիքի անդամների հետ, մեկ անգամ ևս բացատրել է, որ Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացվող ծրագիրը չի ենթադրում բնակարանային պայմանների բարելավում, այլ վթարային շենքերի բնակիչների վերաբնակեցում է, որի շրջանակում առկա բնակարանի դիմաց տրամադրվում է համարժեք բնակարան:

«Վերաբնակեցման գործընթացի ողջ ընթացքում Երևանի քաղաքապետարանը մշտապես կարևորել է բնակիչների շահերն ու հաշվի առել ներկայացվող առաջարկները: Նաև այդ նպատակով էր, որ այս ընտանիքին հատկացվող բնակարանի և հարկաբաժնի ընտրությունը որոշեցինք թողնել հենց բնակչին: Նաև ուզում եմ հատուկ ընդգծել, որ նորակառույց շենքում այս ընտանիքին տրամադրված բնակարանի մակերեսն ավելի մեծ է, քան այն, ինչը նրանք տնօրինել են վթարային շենքում: Հավելեմ, որ, համաձայն գործող օրենսդրության և Երևանի քաղաքապետի համապատասխան որոշման, որով հատկացվել է նոր բնակարանը, եթե սահմանված ժամկետում բնակիչներն ամբողջությամբ դատարկ վիճակում չեն հանձնում բնակարանը, ապա այդ դեպքում որոշումը մեխանիկորեն կարող է չեղյալ հայտարարվել: Բազմիցս նշել եմ ու կրկին կասեմ, որ 4-րդ աստիճանի վթարային շենքերի բնակիչների վերաբնակեցման ծրագրի շրջանակում բնակարանները հատկացվում են զբաղեցրած բնակարանը հաշվի առնելով»,- ընդգծել է Վահե Նիկոյանը:

Քաղաքապետի տեղակալը նաև հատկանշել է, որ Սամվել Ադամյանը կարող է վիճարկել քաղաքապետարանի գործողությունները դատարանում և ներկայացնել լրացուցիչ բնակարան ստանալու իր պահանջը, իսկ մինչ այդ, վտանգից խուսափելու նպատակով, կոչ է արել ազատել բնակարանը և հարցը չշահարկել քանդվող շենքում:

Վահե Նիկոյանը տեղում հանդիպել և զրուցել է նաև Սամվել Ադամյանի փաստաբան Տիգրան Մուրադյանի հետ: Հանգամանալից ներկայացնելով խնդրի էությունն ու վերաբնակեցման ծրագրի իրավական պահանջները՝ Վահե Նիկոյանը հորդորել է փաստաբանին զերծ մնալ քաղաքապետարանի գործողություններին որակումներ տալուց և առանց իրավական հիմնավոր փաստարկների քաղաքապետարանի գործողությունների իրավաչափությունը վիճարկելու գայթակղությունից: Ի դեպ, փաստաբանն ընդունել է, որ քաղաքապետի տեղակալի կողմից ներկայացված որոշ հիմնավորումների մասին ինքը տեղեկացված չի եղել:

Նշենք նաև, որ Շինարարների 15 հասցեում գտնվող քանդման ենթակա շենքի տեղում քաղաքապետարանի ծրագրով կառուցվելու է նոր շենք, որը տրամադրվելու է 4-րդ աստիճանի վթարային շենքերի բնակիչներին: Ելնելով ստեղծված իրավիճակից՝ աշխատանքները դադարեցվել են, և գործընթացը ժամանակավորապես կասեցվել է:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930