Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ռուզաննա Մուրադյան. «Ահա Ռամիլ Սաֆարովյան ոգով ստահակներ դաստիարակող ազգի բարոյախրատական դաստիարակությունը»

Ապրիլ 29,2014 17:25

ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանի ապրիլի 29-ի ելույթը Աժ-ում հայտարարությունների ժամին

Վերջերս Հայաստանում էին գտնվում թուրք գործիչներ, ովքեր մասնակցեցին Հայոց Ցեղասպանության 99-ամյա տարելիցին նվիրված կլոր սեղանին, ինչպես նաև այցելեցին Ծիծեռնակաբերդ և ծաղկեպսակներ դրեցին Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին:
«Ապրիլի 24-ը դա այն օրն է, երբ Հայաստանի և Թուրքիայի միջև պետք է ստեղծվեն որոշակի հարաբերություններ»,-այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է թուրք քաղաքական և հասարակական գործիչ, նախկին պատգամավոր Ուֆուկ Ուրասը: «Փաստը մնում է փաստ, որ 100 տարի առաջ հայերի նկատմամբ տեղի է ունեցել ցեղասպանություն»,-նշել է Ադնան Գենչը:

«Մեր այցը որոշ շրջանակներում դժգոհություն է առաջացնում: Թուրքիան վաղ թե ուշ կընդունի Հայերի Ցեղասպանությունը: Պետք է քննարկել ճանապարհները, իսկ թուրք ժողովուրդը պետք է դեմ առ դեմ կանգնի իր պատմությանը»,-նշել է Բյուլենթ Բիլմեզը:
Թուրքական մամուլում էլ հայտնվում են թուրք գրողների հոդվածներ, որոնք բացեիբաց խոսում են ցեղասպանության դեպքերի մասին, և որտեղ հաճախ կարելի է հանդիպել հետևյալ մտքերը.
«Թուրք լինելն անտանելի ամոթ է», «Մարդկության անունից ներողություն եմ խնդրում բոլոր զոհերից և խոնարհվում Ձեր ցավի առաջ», «Խիղճս ստիպում է ճշմարտությունն ասել ամբողջ աշխարհին» և այլն:

Երբ ուսումնասիրում ես ադրբեջանական պետության կողմից վարած քաղաքականությունը, նրա պատմության կեղծարարության մակարդակը, ապա ակնհայտ է, որ մի ողջ հասարակություն դաստիարակվում է կեղծ իրականության ու հակահայկական գաղափարախոսությամբ:

Վերջերս ադրբեջանցի պատգամավորներից մեկն ասել էր. «Եթե անգամ յուրաքանչյուր սպանված հայի դիմաց նրանք սպանեն 10 ադրբեջանցի զինվոր, ապա միևնույնն է մենք պիտի շարունակենք սպանել հայերին»:

Սա նշանակում է, որ ադրբեջանցիները խոստովանում են, որ իրենք ագրեսիվ են ու միշտ նախահարձակ են լինում:

Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում www.azerichild.info ադրբեջանական կայքը, որը նախատեսված է երեխաների դաստիարակության համար, որտեղ զետեղված են հեքիաթներ, խաղեր, բանաստեղծություններ, ասացվածքներ, հոդվածներ, որոնք ներկայացնում են հրեշավոր գաղափարախոսություն, հակահայկական քարոզչություն և ակնհայտ ատելություն են սերմանում աճող սերնդի մոտ, խրախուսում են դեռ օրորոցում քնած փոքրիկ հայորդու կացնահարությունը, բռնություններն ու մարդասպանությունները հայերի դեմ, ծաղրում են հայերի դեմ գործած ցեղասպանությունն ու կոտորածը, ներկայացնում, թե ինչպիսի դաժանությամբ պետք է օժտված լինի իսկական հերոսը և այլն: Ահա Ռամիլ Սաֆարովյան ոգով ստահակներ դաստիարակող ազգի բարոյախրատական դաստիարակությունը: Ակնհայտ է, որ Ադրբեջանի տեղեկատվական քաղաքականությունը ծառայում է այդ երկրում ագրեսիա ծնող հանրության յուրովի ինքնահաստատման գործին և սերմանում է ազգային ագրեսիվ, անհանդուրժող գաղափարախոսություն։

Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ բոլորս պետք է համախմբվենք և միջազգային հանրության ուշադրությունը ևս մեկ անգամ հրավիրենք մեր ոխերիմ բարեկամների սահմռկեցուցիչ դաստիարակության և գաղափարախոսության վրա: Ժողովրդավարություն, մարդու իրավունքներ, համամարդկային արժեքներ քարոզող միջազգային հանրությանը կոչ ենք անում օբյեկտիվ գնահատական տալ հակահայկական քարոզչության միջոցով հակամարդկային արժեքների տարածմանը, որը մարտահրավեր է ողջ մարդկության դեմ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930