Այսօր խորհրդարանում շքեղության հարկը հանելու նախագծի քննարկումների ժամանակ ՕԵԿ-ական պատգամավոր Հովհաննես Մարգարյանն առաջարկեց ոչ թե հանել այդ հարկը, այլ մեկ այլ օրենք էլ գրել`կշտանալու մասին: «Որ այդ Ավետ-աղաներն օրենքով սահմանափակված լինեն»,- Aravot.am-ի հետ զրույցում իր առաջարկը պարզաբանեց պատգամավորը`հավելելով. «Տեսնում եք, թե ի՞նչ չափի սոցիալական բեւեռացում է մեր երկրում»:
Դիտարկմանը, մինչեւ մի քանի օր առաջ չէի՞ք նկատում այդ բեւեռացումը, պատգամավորը հակադարձեց. «Ես ավելին ասեմ, դեռ 2011 թվականին, երբ պարոն Դալլաքյանը ներկայացրեց շքեղության մասին օրենքը, ես առաջարկեցի, որ աշխատանքներ տանենք`կշտանալու մասին օրենք էլ գրենք: Ոչ թե չենք տեսել բեւեռացումը, այլ դրանից ելնելով ենք կողմ քվեարկել, որպեսզի շքեղության մասին օրենք ընդունվի»:
ՕԵԿ-ական պատգամավորը գտնում է, որ ոչ միայն 25 միլիոնը գերազանցող մեքենաների համար, այլ շքեղ վիլլաների եւ առանձնատների համար էլ պետք է հարուստները հարկեր վճարեն:
Aravot.am-ի դիտարկմանը, որ նորաթուխ ընդդիմադիր ՕԵԿ-ի խոսքն ու գործը կարծես տարբերվում են, քանի որ ԱԺ նախագահի ընտրություններում ՕԵԿ-ականները եւս կողմ քվեարկեցին ՀՀԿ-ի թեկնածուին, մեր զրուցակիցը հակադարձեց. «ՕԵԿ-ը միշտ տեր է եղել իր որդեգրած սկզբունքներին եւ տեր է եղել իր ասածներին: Այսօր, ինձ համար զարմանալի է, որ ոմանք փորձում են իրականությունը նենգափոխել: Իրականում, երեկ ընդդիմությունը ներկայացնող եւ ոչ իշխանական ուժերի կողմից մեզ առաջարկ է եղել, որ իրենք չեն մասնակցում հաշվիչ հանձնաժողովի աշխատանքներին եւ ՕԵԿ-ը երեկ ընդունելով այդ առաջարկը`ետ կանչեց հանձնաժողովի նշանակած անդամին»:
Ինչ վերաբերվում է ԱԺ նախագահի ընտրություններին, Հովհաննես Մարգարյանն ասաց, որ իրենց առաջարկ չի եղել, որ ընդդիմությունն էլ է թեկնածուներ ներկայացնելու: Այնուհանդերձ, իրենք դեռ երեկ եւ Գալուստ Սահակյանին, եւ Հրանտ Բագրատյանին, եւ Ռուբեն Հակոբյանին արժանի թեկնածուներ համարեցին: «Այսօր, մենք թողել ենք ազատ: ՕԵԿ խմբակցության ցանկացած պատգամավոր եղել է ազատ`ոչ միայն քվեարկության, այլ նաեւ մասնակցության հարցով եւ այդպես էլ շարժվել ենք»,- ասաց Հովհաննես Մարգարյանը:
Կարդացեք նաև
Մեր մյուս դիտարկմանը`ընտրել մեծամասնության թեկնածուին եւ դժգոհել այդ նույն մեծամասնությունից`առնվազն տարօրինակ է, պատգամավորը հակադարձեց, որ չի ցանկանում ենթադրությունների գիրկն ընկնել, թե ո՞վ ինչպես է քվեարկել: Ասաց, որ հարգանքով են վերաբերվում թեկնածուներին եւ քվեարկությունը կատարվել է ինդիվիդուալ. «Այստեղ ես ոչինչ չեմ տեսնում: Ուստի, չեմ կիսում ձեր դիտարկումը: ՕԵԿ-ը միշտ եղել է ուղիղ, շիտակ, դուզ եւ երբեւէ իր սկզբունքներից չի շեղվել`անկախ նրանից, ընդդիմություն է, թե`իշխանություն»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Էնքան դուզ, որ ավելի դուզ չի լինում: