Ապրիլի 28-ին ՀԱՆ (Հայկական ակնաբուժության նախագիծ ) եւ «Մանկական կուրության կանխարգելման գերազանցության կենտրոն» ծրագրերի շրջանակներում, առաջին անգամ Հայաստանում մանկական կուրությունը կանխարգելելու նպատակով վիրահատություն իրականացվեց: Իրականացվող վիրահատությունների շնորհիվ հնարավոր կլինի նորածինների մոտ վաղ տարիքում կանխարգելել անհասության ռետինոպաթիա հիվանդությունը:
Այսօր՝ ապրիլի 29-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ գլխավոր ակնաբույժ Ալեքսանդր Մալայանը հայտնեց, որ նախագիծը համարում է ազգային բժշկության համար չափազանց կարեւոր նվաճում. «Մենք անդրադարձել ենք բնածին ախտահարումների, նորածինների եւ հատկապես վաղածնունդ նորածինների վարդագույն ակնային ախտահարմանը»:
Պրն Մալայանը տեղեկացրեց, որ հիվանդությունը չկանխարգելելու դեպքում, կյանքի առաջին տարիներին բերում է անվերադարձ կուրության:՚
Պրն Մալայանը հավելեց, որ նախկինում այդ ոլորտում ընդհանրապես ոչ մի քայլ չէր իրականացվում, բացառությամբ այն դեպքերի, երբ երեխաներին ուղարկում էին այլ երկիր՝ վիրահատությունները իրականացնելու նպատակով. «15 տարի առաջ ես չէի պատկերացնի, որ մենք կկարողանայինք այդ մեծագույն պրոբլեմը լուծել: Դա բացարձակ նորություն է Հայաստանում ակնաբուժության ոլորտում»:
Գլխավոր ակնաբույժը նշեց, որ վիրահատությունը իրականացնելու համար հնարավոր եղավ կազմել մի թիմ, ի դեմս Անգլիայի Moorfields eye եւ Royal Free London հիվանդանոցների բժիշկ Սյու Չեն Վոնգի, բժիշկ, ՀԱՆ նախագահ Ռոջեր Օհանեսյանի, վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի նախագահ Ռազմիկ Աբրահամյանի եւ ՀԱՆ-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Նունե Եղիազարյանի: Պրն Մալայանի խոսքերով՝ բոլոր ներգրավված մարդկանց շնորհիվ հնարավոր եղավ լուծել խնդիրը, այդ իսկ պատճառով իրենք պարծենալու տեղ ունեն:
ՀԱՆ նախագահ Ռոջեր Օհանեսյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ ՀԱՆ-ն Հայաստանում «Անհասության ռետինապաթիայի ակնային զննումների եւ բուժման ազգային ծրագիրը» իրականացնում է 2010 թվականից: 2012 թվականից սկսվեց իրականացվել «Մանկական կուրության կանխարգելման գերազանցության կենտրոն» ծրագիրը, որը նպատակ ուներ մասնագիտացված ակնաբուժական ծառայությունները հասանելի դարձնել Հայաստանի եւ տարածաշրջանի երեխաների համար: Նրա փոխանցմամբ՝ մինչ այսօր 2000 նորածին հետազոտվել է, որոնցից 70-ը ստացել են լազերային բուժում:
Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի նախագահ Ռազմիկ Աբրահամյանն էլ տեղեկացրեց, որ տարեկան մոտ 150 նորածին տառապում է ռետինոպատիայով: «Այս ծրագրի էությունը նրանում է, որ որքան վաղ տարիքում է հայտնաբերվում հիվանդությունը, այնքան բուժվելու հավանականությունը ավելի մեծ է»:
Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ