Լրահոս
Օրվա լրահոսը

Պարզ աղոթագրքերից մինչև գիտական հիմնարար հրատարակություններ

Ապրիլ 29,2014 16:46

Մայր Աթոռի Հրատարակչական բաժինը 8 տարվա ընթացքում 250-ից ավելի գիրք է հրատարակել:

Ի՞նչ ուղղվածություն և ծրագրեր է որդեգրել Հրատարակչական բաժինը, մեծ թե՞ փոքր է ընթերցողների շրջանակը, ի՞նչ հրատարակություններ են նախատեսվում առաջիկայում. այս և այլ հարցերի մասին մեզ հետ զրուցում է Մայր Աթոռի Պաշտոնական մամուլի եւ Հրատարակչական բաժնի տնօրեն Տեր Շահե վարդապետ Անանյանը:

-Կխնդրեի առավել մանրամասն պատմեք հրատարակվող գրականության մասին:

-Հրատարակչական բաժինը փոխարինելու է եկել Քրիստոնեական դաստիարակության և քարոզչության կենտրոնի հրատարակչական օրգանին: Եվ եթե վերջինիս գրքերը հիմնականում քարոզչական բնույթ ունեին, հրատարակչական բաժինն արդեն ընդլայնեց գործունեության ոլորտը՝ ներառվեցին հայագիտական, աստվածաբանական հրատարակություններ: Ներկայումս հրատարակչականը գործում է հիմնականում երկու ուղղությամբ. քարոզչություն և գիտական (աստվածաբանական-հայագիտական) հրատարակչություն:

Բացի հիմնական հրատարակություններից լույս են տեսնում նաեւ ուսուցողական քարոզթերթիկներ կիրակնօրյա դպրոցների, Հայորդյաց Տների, բանտերի եւ բանակի հոգեւոր ծառայության կողմից իրականացվող ծրագրերի, առհասարակ թեմերի համար: Հրատարակվում են նաև բրոշյուրներ տարբեր վանքերի մասին, առաջիկայում կունենանք Մայր Աթոռի ողջ տարածքի և կառույցների վերաբերյալ ուղեցույցը:

-Ի՞նչ կառուցվածք ունի Հրատարակչական բաժինը:

-Հրատարակչական խորհուրդը բաժնի ամենակարևոր օրգանն է, որը որոշում է նախևառաջ տարվա պլանը՝ ինչ գրքեր պետք է հրատարակվեն, ինչ պլաններ պետք է մշակվեն, օրինակ, հոբելյանների կամ տարելիցների առիթով և այլն: Հրատարակչական խորհուրդը հիմնախնդիրների քննարկման և որոշման ամենակարևոր մարմինն է:

Կա ներքին աշխատակազմ, տեխնիկական հրատարակչական պատասխանատու, խմբագիչ-սրբագրիչներ, տեխնիկական և էջադրումն ապահովող մասնագետներ:

– Հայր սուրբ, ո՞վքեր են ձեր ընթերցողները:

-Ընթերցողների շրջանակը լայն է՝ պարզ հավատացյալից մինչև գիտնական և պրոֆեսոր:
Հավատացելոց համար հրատարակվում են «Նարեկ», տարբեր աղոթագրքեր, քարոզգրքեր, եկեղեցական խորհուրդներին, ծեսերին առնչվող, ինչպես նաև կրոնական-գեղարվեստական գրքեր: Դրանք ընթերցողին հնարավորություն են տալիս հոգևոր գիտելիքների մեծ պաշար կուտակել, ստանալ իրեն հետաքրքրող շատ հարցերի պատասխաններ: Գիտական հրատարակությունը ներառում է տարբեր ուսումնասիրություններ, մեկնություններ, քննական-գիտահետազոտական բնագրեր, մենագրություններ և այլն: Վերջերս հրատարակված գիտական գրքերից մեկը Քրիստոսի հրաշքների անթոլոգիան էր՝ քաղված տարբեր ձեռագրերից և հրատարակություններից:
Ապագայում նպատակ ունենք նաև շարք հրատարակել՝ մանուկների աղոթագրքից մինչև Քրիստոնեական, որի համար երկարատև և ծավալուն աշխատանք է անհրաժեշտ:

– Իսկ ի՞նչ է ցանկանում կարդալ այսօրվա ընթերցողը: Ունենո՞ւմ եք առաջարկներ:

-Ընթերցողների կողմից միշտ պահանջ կա աղոթագրքերի, հատկապես «Նարեկ»-ի, քարոզգրքերի, ինչպես նաև հոգևորականների կողմից հովվական-աստվածաբանական գրքեր հրատարակելու, որտեղ կարծարծվեն այն հիմնական խնդիրները, որոնք հուզում են հավատացյալներին:

Միաժամանակ, հաշվի ենք առնում գրատներում արտահայտված կարծիքները, գնահատականները մեր գործունեության վերաբերյալ: Նախատեսվում է նաև ֆեյսբուքյան էջ, որտեղ ևս մեկնաբանությունները և առաջարկները հաշվի կառնվեն:

-Ի՞նչ ծրագրեր և հրատարակություններ են նախատեսվում առաջիկայում:

-Ներկա պահին հիմնական ծրագրերից մեկը Գևորգյան ճեմարանի դասագրքերի հրատարակումն է: Արդեն ունենք մի քանի անուն լավ դասագրքեր, պատրաստման փուլում են ևս չորսը: Մյուս մեծ ծրագիրը Հայոց ցեղասպանության հարյուրամյակին ընդառաջ ուսումնասիրությունների հրատարակումն է: Արդեն 7 լեզվով պատրաստվում է Հայոց ցեղասպանության մատենագիտությունը, որ ներառում է մինչև այժմ ցեղասպանության վերաբերյալ հրատարակությունները:

Շարունակվելու են նաև հրատարակություններ պատրաստվել եկեղեցական, ինչպես նաև ժամանակակից հիմնախնդիրների առնչությամբ:

-Հրատարակչական բաժնի գրքերը վաճառվում են միայն Մայր Աթոռի գրատներում. հնարավո՞ր է՝ առաջիկայում դրանք հնարավոր լինի գնել նաև մայրաքաղաքի գրախանութներից:

-Հնարավոր է: Արդեն ծրագրեր են մշակվել այդ ուղղությամբ:

Նախատեսում ենք ունենալ նաև գրքերի էլեկտրոնային տարբերակներ. թերևս մեկ-երկու տարուց պատրաստ կլինեն էլեկտրոնային գրքեր` համացանցում կամ տեխնիկական այլ միջոցներով ընթերցանության համար:
Հարցազրույցը՝ Մարիամ Ավետիսյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930