Քիչ առաջ ԱԺ նախագահ ընտրվեց ՀՀԿ-ական Գալուստ Սահակյանը`101 կողմ եւ 3 դեմ ձայների հարաբերակցությամբ: Նկատենք, որ ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն եւ «Ժառանգությունը» ընտրություններին չէին մասնակցում: Ազատ ընտրության սկզբունքով, ընտրություններին մասնակցեցին ԲՀԿ-ն եւ ՕԵԿ-ը:
ՀՀԿ-ն խորհրդարանում ունի 70 պատգամավոր, եթե ընդունենք, որ ԱԺ նախագահի ընտրություններին ՀՀԿ-ականները մասնակցեցին մեկ մարդու պես, քվեարկության արդյունքները ցույց են տալիս, որ ընտրություններին մասնակցած ԲՀԿ-ական եւ ՕԵԿ-ական պատգամավորները եւս քվեարկել են Գալուստ Սահակյանի օգտին:
Aravot.am-ի հետ զրույցներում ԲՀԿ-ական պատգամավորները խուսափում էին ուղիղ ասել, որ ընտրել են ՀՀԿ-ական թեկնածուին: «Քվեարկությունը փակ-գաղտնի է» արտահայտությամբ խույս էին տալիս ու հավելում, որ խմբակցությունում հանձնարարականներ չեն տրվել, յուրաքանչյուրն ազատ է եղել իր ընտրության հարցում:
Միայն հրազդանցի պատգամավոր Դավիթ Քոչարյանը, ում մանդատը վայր դնելու եւ ԲՀԿ խմբակցությունը լքելու մասին վերջերս մեծ աղմուկ եղավ` խոստովանեց, որ Գալուստ Սահակյանին է ընտրել: Վերջինս, սակայն, խուսափեց թվարկել Գալուստ Սահակյանի այն արժանիքները, հանուն որոնց իր ձայնը բախշել էր: Դավիթ Քոչարյանն, ի դեպ, շարունակում է մնալ ԲՀԿ խմբակցության պատգամավոր:
Դիտարկմանն ի պատասխան`քվեարկության արդյունքները վկայում են, որ ԲՀԿ-ականները եւս Գալուստ Սահակյանի օգտին են քվեարկել, ԲՀԿ-ական պատգամավոր Ստեփան Մարգարյանն ասաց, որ ինքը խորհրդակցության է եղել, անգամ չգիտե, թե քանի ձայնով է Գալուստ Սահակյանը հաղթել, ուստի ոչինչ ասել չի կարող:
Կարդացեք նաև
Ուրա՞խ եք, որ Գալուստ Սահակյանն է ընտրվել ԱԺ նախագահ`հարցին էլ ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանն այսպես արձագանքեց. «Ուրախ պիտի լինեն ՀՀԿ-ականները, ես ուրախ լինել-չլինելու ի՞նչ խնդիր ունեմ: Որպես հանձնաժողովի նախագահ, ով էլ լինի ԱԺ նախագահ, ես պատրաստ եմ ընտրված նախագահի հետ աշխատել»: Ստեփան Մարգարյանը հարցը լսեց, ծիծաղեց ու արագ մտավ նիստերի դահլիճ:
Մարտուն Գրիգորյանը դժվարացավ կարծիք հայտնել, թե Գալուստ Սահակյանն ինչքանո՞վ եւ ինչպե՞ս կարող է նպաստել ԱԺ-ի դերի բարձրացմանը: Ասաց`դեռ երկու ժամ է, ինչ ընտրվել է, կաշխատի`կերեւա: Գալուստ Սահակյանի արդյունավետ գործունեության մասին էլ ԲՀԿ-ական պատգամավորը չցանկացավ խոսել`ժամանակը ցույց կտա:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԲՀԿ ն ղարաբաղցյան կլան է ի սկզբանե, ուշահասները թող հասկանան:Կրակի վրա ամեն շիշ ի վերջո իր տեղն է ունենալու: