Լրահոս
Օրվա լրահոսը

«Երբ Հայաստանում նախարար գտնելը դժվար լինի, ուրեմն թռիչք ենք անում» (Տեսանյութ)

Ապրիլ 29,2014 15:55

Կան 3 վտանգավոր գործոններ, որոնց պատճառով Հայաստանն ապագա չունի. նախ` ներքին գործոնը` օլիգարխիկ պետական համակարգը, որը ամենահետամնաց երկրներին բնորոշ համակարգ է, եւ մինչ այն չոչնչացվի, մեր երկրում ոչինչ չի փոխվի: Այսօր «Բլից ինֆո» ակումբում նման կարծիք հայտնեց կառավարման փորձագետ, տնտեսագետ Հարություն Մեսրոբյանը: Մյուս գործոններն, ըստ պարոն Մեսրոբյանի, դրսի գործոններն են. «Մենք տնտեսապես կախված ենք Ռուսաստանից, նաեւ միգրացիայի եւ տրանսֆերտների իմաստով, մեր ռազմավարական օբյեկտները եւս Ռուսաստանի սեփականությունն է, անվտանգության առումով եւս կախված ենք Ռուսաստանից` ՀԱՊԿ եւ այլն: Իսկ ֆինանսական կախվածությունը հիմնականում ԱՄՆ-ից է, ի դեմս Համաշխարհային բանկի եւ Արժույթի միջազգային հիմնադրամի, Եվրամիության հետ հիմնականում կազմակերպչական հարցեր են: Փաստորեն, ստացվում է, որ ցանկացած կառավարություն, որ ձեւավորվի` դատապարտված է ձախողման, քանի որ եթե ուզենա ներսում մի բան փոխի, կբախվի օլիգարխիկ աշխարհի հետ, եթե ցանկանա արտաքին աշխարհից անկախություն ցուցաբերի` ի շահ Հայաստանի պետականության, կունենա խնդիրներ Ռուսաստանի, Ամերիկայի եւ Եվրամիության հետ»:

Կառավարման փորձագետի վստահեցմամբ` անկախ Հայաստանի 23 տարիների ընթացքում ոչ մի քաղաքական գործիչ չի ներկայացրել Հայաստանի ռազմավարական ծրագիրը` 2 կարեւոր պայմաններով`«Փուլերով եւ ամեն մի փուլի համար անձնական պատասխանատվությամբ: Ամեն մի փուլից հետո հայաստանցուն, նաեւ սփյուռքահային պետք է ներկայացվեն սպասվող միջանկյալ արդյունքները, լավագույն դեպքում ինչ- որ քայլերի հերթականություն են ասում, անձամբ ով է պատասխան տալու` անուն ազգանունով դուք չեք տեսնի նման ծրագիր»:

Aravot.am-ի այն դիտարկմանը, մի՞թե նախագահների թեկնածուների նախընտրական ծրագրերը նման մի բան չեն, այսինքն ընտրվելուց հետո ծրագրերի իրականացման համար անձնական պատասխանատվություն չունե՞ն, պարոն Մեսրոբյանն ասաց.«Ցանկացած ծրագիր պետք է փուլեր ունենա, օրինակ` փուլ առաջինում պետք է լինեն այս, այս, այս քայլերը, ձախողման դեպքում պատասխան են տալու սրանք, սրանք, սրանք` ի պաշտոնե, կամ կետերի համար սպասվող արդյունքների պատասխանատվությունն ո՞վ է կրում, իսկ ամենակարեւորը` պատասխանատվության ձեւը եւ չափը. գնդակահարո՞ւմ, 10 տարվա ազատազրկո՞ւմ: Մի շարք պետություններ այդպես էլ արեցին, այսինքն՝ նոր թիմը, որ գալիս էր կառավարելու` անձնական պատասխանատվություն են կրում, եթե չկարգավորեն իրենց ոլորտը, գիտեին ինչ էր սպասվում իրենց: Այն պահից, երբ Հայաստանում ինչ-որ մի ոլորտի նախարար գտնելը լինի շատ դժվար, ուրեմն Հայաստանը թռիչք է անում: Իսկ քանի որ մեզ մոտ ցանկացած պաշտոնի բոլորը հավակնում են, ուրեմն նրանք միտված չեն արդյունքի»:

Մանրամասն` տեսանյութում


Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930