«Թե ով առաջադրվեց Ազգային ժողովի նախագահի թեկնածուի պաշտոնում, կլինի դա Գալուստ Սահակյանը, թե Հանրապետական կուսակցությունից որեւէ այլ մեկը, որեւէ փոփոխություն օրենսդիր իշխանության գործառնության մեջ սպասել պետք չէ: Դրա մասին չափազանց հստակ ազդակներ եղել են՝ թե՛ մինչ այս տարբեր խոսնակների առաջադրված ժամանակ, թե՛ այժմ: Ըստ էության այս խորհրդարանը մեկ առաքելություն ունի՝ լինել այս կառավարության օրենքների դակիչը»,- խոսելով խորհրդարանում ԱԺ նախագահի պաշտոնի շուրջ ստեղծված իրարանցման եւ ՀՀԿ-ի թեկնածու Գալուստ Սահակյանի մասին՝ ասաց «Ժառանգություն» կուսակցության անդամ Ստյոպա Սաֆարյանը ՝ նշելով, որ դեռ նախորդ խորհրդարաններում առիթներ եղել են քննադատելու իշխող կուսակցությունից ընտրված ԱԺ նախագահների վարած քաղաքականությունը.
«Մեկ թիմ լինելը չի նշանակում ամենեւին լինել միմյանց կցորդ»,- ասում է պարոն Սաֆարյանը:
Նա չի ողջունում խորհրդարանում ընդդիմադիր եւ ոչ իշխանական խմբակցությունների պահվածքը՝ բոյկոտել ԱԺ նախագահի ընտրությունը եւ չներկայացնել մեկ միասնական թեկնածու. «Նախկինում մշտապես նման առիթները, որքան էլ գիտակցել ենք, որ մեր թեկնածուն չի անցնելու, այնուամենայնիվ օգտագործել ենք՝ հանրության առջեւ մեր տարբերությունը ցույց տալու եւ Ազգային ժողովի իրական դերի, իրական գործառույթների մասին խոսելու համար,- ասում է Ստյոպա Սաֆարյանը՝ ավելացնելով,- ես մի բանից եմ ուղղակի զարմանում. նախորդ գումարման խորհրդարանում մենք ունեինք ընդամենը վեց ընդդիմադիր պատգամավոր, որն ավելի մեծ դիմադրություն էր ցուցաբերում նման իրավիճակներում, քան այսօր չորս խմբակցությունները՝ դրան հավելենք կոալիցիայից դուրս եկած «Օրինաց երկիրը»:
Մանրամասները՝ տեսանյութում:
Պարոն Սաֆարյանը նշում է, որ սպասում էր ոչ իշխանական խմբակցություններից մեկ միասնական թեկնածուի առաջադրում:
Կարդացեք նաև
«Որքան էլ նա չանցներ, այնուամենայնիվ, այդ չորս կուսակցությունները միասին կփորձեին բարձրացնել իրենց քաղաքականությունը եւ իրենց մոտեցումը: Ինձ համար բոյկոտը, անկեղծ ասած, ամենեւին լավագույն տարբերակը չէ, եւ այս կտրվածքով ես նաեւ չեմ հասկանում հաշվիչ հանձնաժողովում տեղը զիջելու իմաստը: Այսինքն՝ կանգնեցնել խորհրդարանական մեծամասնությանն այն իրավիճակի առջեւ, որ նրանք այնպես վերանայեն այդ հանձնաժողովի կազմը, որ այնտեղ արդեն ընդդիմության ներկայացուցիչ չպահանջվի»,- ասում է պարոն Սաֆարյանը եւ համարում, որ սա նշանակում է՝ զիջել դիրքերը:
Խոսելով «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի ինքնաբացարկի որոշման մասին՝ պարոն Սաֆարյանն ասաց. « Ես չգիտեմ՝ ինչո՞վ է պայմանավորված Ռուբեն Հակոբյանի ինքնաբացարկը, միգուցե հենց այն դառը ճշմարտությամբ, որ մնացած խմբակցությունները ցանկություն չունեն պաշտպանելու մեկ միասնական թեկնածու:
Ինձ համար միեւնույն է, թե միասնական թեկնածուի հարցում ինչպիսի համաձայնություններ կլինեն: Այս իրավիճակը ինձ հիշեցրեց 2013 թվականի նախագահական ընտրությունները, երբ վերստին չմասնակցության կամ ուղղակի բոյկոտի որոշումներ ընդունվեցին եւ ուղղակի չշահեց ոչ ընդդիմությունը եւ ոչ էլ հասարակությունը»,- ասում է պարոն Սաֆարյանը եւ կարծում, ընդդիմության առաքելությունը պիտի լինի դասեր քաղել անցյալից:
«Այլապես ստացվում է, որ քառյակը լավագույն դեպքում կարող է դնել միայն վարչապետի խնդիր, եւ ոչ ավելին: Այսինքն՝ անգամ Ազգային ժողովի նախագահի անձի շուրջ չեն կարողանում ունենալ պայմանավորվածություններ, էլ ինչ մնաց խոսել նախագահի հրաժարական բարձրացնելու համարձակության մասին»:
Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ