Լրահոս
Օրվա լրահոսը

Հերբերտ Գևորգյանին բռնի ուժո՞վ են բերման ենթարկել

Ապրիլ 29,2014 14:45

ՀՀ Վարչական դատարանում ընթանում է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժնի հայցի՝ակտիվիստ, «Հակահարված» խմբի անդամ Հերբերտ Գևորգյանին վարչական պատասխանատվության ենթարկելու գործի քննությունը (դատավոր Ա. Հարությունյան):

Նշենք, որ հակընդդեմ հայցով հանդես է եկել պատասխանող կողմը ՝ ճանաչել Հ. Գևորգյանի ազատ արտահայտման, ազատ կարծիքի արտահայտման, խաղաղ հավաքների կազմակերպման և այլ իրավունքների խախտումը, ճանաչել ոչ իրավաչափ ոստիկանության գործողությունները, մերժել ՀՀ ոստիկանության ներկայացրած հայցը:

Հայցվոր կողմի ներկայացուցիչ Սոնա Մելիքյանը նշեց, որ Հերբերտ Գևորգյանը բերման է ենթարկվել, քանի որ նա չի կատարել ոստիկանի իրավական պահանջը և աղմուկ , աղաղակ-հրմշտոցի է մասնակցել Երևանի քաղաքապետարանի առջև օգոստոսի 24-ին բեմականացված ներկայացման՝ ֆլեշ մոբի իրականացման ժամանակ:

Նա մանրամասնեց. «Փորձել են առաջ գալ աստիճանահարթակներին, փորձել են անցնել, դուրս են եկել կանաչ գոտի, մոտ քառասուն րոպե գործողություններ իրականացրել՝ հանձին քաղաքապետարանի՝ ռեժիմային օբյեկտի դիմաց»:

Հ. Գևորգյանի ներկայացուցիչ Տիգրան Սաֆարյանը հարց բարձրացրեց՝ արդյոք ՀՀ-ում կա՞ որևէ օրենք, որով արգելվում է գոռգոռալ: Ս. Մելիքյանը հրաժարվեց հարցին պատասխանել՝ դժկամությամբ ընդունելով հարցը:

Մյուս հարցն այն էր՝ արդյոք անխուսափելի՞ էր Հ. Գևորգյանին բերման ենթարկելը: Ս.Մելիքյանը պատասխանեց. «Այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ ոստիկանը, ով պահանջ էր ներկայացրել և որի պահանջը չի կատարվել, տեղում արձանագրություն կազմելու հնարավորություն չի ունեցել: Բացի այդ, արտաքին ծառայություն իրականացնողները իրավունք չունեն տեղում արձանագրություն կազմել»:

Հ. Գևորգյանի ներկայացուցիչը հետաքրքրվեց՝ Հ. Գևորգյանին «թևից բռնել, քաշելով տանելը ուժի կիրառո՞ւմ է»: Ս. Մելիքյանը նշեց, որ դա հարկադրանք է, ոչ թե ուժի կիրառում: Տիգրան Սաֆարյանը պնդեց, որ ոստիկանության գործողությունները ուղղված են եղել խաղաղ հավաքի մասնակիցների կամքը կոտրելուն և պատժելուն, հավաքների անցկացումը չեզոքացնելուն, այլ ոչ թե կարգի պաշտպանմանը:

Նրան հիմնականում հետաքրքրում էին հարցերը, թե ո՞ր հիմքերն են եղել Հերբերտ Գևորգյանին ազատությունից զրկելու համար, արդյոք Հերբերտ Գևորգյանի՞ն են վերագրվում հրմշտելը, իրարանցում ստեղծելը, շղթան ճեղքել փորձելը:

Տիգրան Սաֆարյանը բարձրացրեց նաև այն հարցը արդյոք Հ. Գևորգյանին ներկայացվե՞լ են նրա իրավունքները, փաստաբան ունենալու իրավունքը և այլն: Պաշտպանը խնդրեց հղում կատարել որևէ փաստաթղթի, որտեղ նշված է, որ Հերբերտ Գևորգյանը հրաժարվել է իրավաբան ունենալու իր իրավունքից: Սակայն պատասխանող կողմն այդպես էլ չնշեց որևէ փաստաթուղթ:

Դատարանը որոշեց հակընդդեմ հայցի առաջին պահանջի մասով գործի վարույթը կարճել: Դատավոր Ա. Հարությունյանը պատճառաբանեց, որ երկրորդ պահանջը կլանում է այդ նաև առաջինը:

Դատարանը որոշեց գործում որպես վկա ներգրավել համապատասխան պահանջ ներկայացրած ոստիկանին՝ Ավագ Մանասյանին և պատասխանող կողմ հանդիսացող Հերբերտ Գևորգյանին:

Դատարանը որոշեց գործը ուղարկել դատաքննության:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930