Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս իշխանությունները կուտակայինից հրաժարվելու մտադրություն չունեն». Գեղամ Նազարյան

Ապրիլ 29,2014 14:33

Aravot.am-ի հարցին, թե նոր կառավարության պայմաններում ի՞նչ է սպասվում պարտադիր կուտակային կենսաթոշակին, քաղաքագետ Գեղամ Նազարյանը պատասխանեց, որ ամեն ինչ կախված է ժողովրդի դիմադրողականությունից. «Հիմա իշխանությունները դադար են վերցրել՝ փորձելով տեսնել ժողովրդի դիմադրության աստիճանը, այսինքն՝ ինչքա՞ն դեռ կարող է դիմադրել այս ժողովուրդը, եթե տեսնեն, որ ժողովուրդը հոգնեց կամ ինչ-ինչ պատճառներով բթացավ, մի այլ տարբերակով այդ փողը նրանք կվերցնեն 1974 թվականից հետո ծնվածներից»:

Պարոն Նազարյանը կարծում է, որ կենսաթոշակային բարեփոխումը չի ստեղծվել է նրա համար, որ մարդու կյանքը 50 տարի հետո բարելավեն եւ դա է վկայում ԵԿՄ համագումարում Սերժ Սարգսյանի անկեղծացումը, որ իրենց փողեր են պետք. «Քանի որ Հայաստանը հեղինակազրկված է ներդրողների համար, ներդրումները գրեթե հասել են զրոյի: Միայն մի տարում կրկնակի իջնելով ներդրումների ծավալը, օտարերկրյա ներդրումների ծավալը նվազեց: Մեզ պետք են երկարաժամկետ փողեր, այդ փողերը որոշեցին վերցնել ժողովրդից, ժողովուրդն էլ, բնականաբար, դիմադրեց, եւ այս պահին ինչ-որ կիսալուծում են ուզում տալ մինչեւ սեպտեմբերի վերջը, մինչեւ հասկանան: Այսինքն՝ եթե իրենք տեսնեն, որ ուժեղ են կարողանում են ճնշել ժողովրդին տողատակերով այդ ամենը 5 տոկոսի չափով վերցնեն, իսկ եթե ժողովուրդն ուժեղ գտնվեց, որ կլուծի իշխանությունների հարցը, դրա հետ մեկտեղ նորմալ իշխանություն կգա եւ կստեղծվի կենսաթոշակային հանձնաժողով, կսկսեն քննարկել, թե ի՞նչ կարելի է անել, որ այդ համակարգը նորմալացվի»:

Քաղաքագետը համարում է, որ կենսաթոշակային համակարգում բարեփոխումներ պետք են, քանի որ դեռ գործում է սովետական համակարգը, իսկ դա չի կարող երկար դիմանալ, բայց նաեւ սխալ է համարում քաղաքացուց պարտադիր կերպով գումար վերցնելը. Դա Սահմանադրության, մարդու իրավունքների տեսակետներից խախտում է. «Միայն դա հերիք է, որ Տիգրան Սարգսյանի կառավարությունը ամբողջ կազմով պատասխանատվության ենթարկվի, բայց ստացվեց, որ կուտակայինի հայրերից մեկը՝ սոցապ նախարար Արտեմ Ասատրյանը նորից վերանշանակվեց, դրանով Սերժ Սարգսյանը ցույց է տալիս, որ չի հրաժարվելու կուտակային կենսաթոշակից: Այս իշխանությունները կուտակայինից հրաժարվելու մտադրություն չունեն, ուղղակի՝ ժամանակ են շահում»:

Մեր այն հարցին, թե ինչպե՞ս պարոն Նազարյանը կգնահատի Հովիկ Աբրահամյանի կատարած քայլերը, նա պատասխանեց, որ Հովիկ Աբրահամյանը ոչինչ էլ չի անում:

Վարչապետի անակնկալ այցը քառյակի նիստին քաղաքագետը համեմատեց Միխայիլ Գորբաչովի հետ, քանի որ նա էլ, նշանակվելով ԽՍՀՄ ղեկավար, տպավորություն էր ուզում ստեղծել, որ ինքն ինչ-որ բան փոխում է. «Հիմա Հովիկ Աբրահամյանը անակնկալ գնում է քառյակի նիստին, ինչ-որ արտահայտություն է անում կուտակայինի մասով, բայց Սերժ Սարգսյանը հայտարարության պահին կամ մի քիչ ավելի ուշ՝ ակադեմիկոսների հետ հանդիպման ժամանակ, հասցնում է ասի, որ ինքը տեղյակ է՝ Հովիկ Աբրահամյանն ի՞նչ է հայտարարելու. «Ես եմ իրեն ասել, որ այդ հայտարարությունը անի»:

Գեղամ Նազարյանի կարծիքով, եթե Հովիկ Աբրահամյանը նախագահից չպահանջի բացահայտել արտաքին պարտքը որտեղի՞ց է առաջացել, այդ ամենը «ջարդվելու է իր վրա»:

Քաղաքագետի կանխատեսմամբ՝ եթե ամեն ինչ նույն կերպ շարունակվի, 2015 թվականին ցնցումներ կարելի է ակնկալել. «Եթե մի մարդ ուզում է ցմահ իշխել՝ սուլթանի կամ Ազգային ժողովի նախագահի կարգավիճակով, բնականաբար, դրան դիմադրություն լինելու է: Ի՞նչ է նշանակում աղքատ Հայաստանում յոթ տարով անկուսակցական ձրիակեր մի նախագահի բերել դնել մարդկանց վզին, ուղղակի նրա համար, որ խառնաշփոթ ստեղծվի»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930