Այսօր ԱԺ նախագահի ընտրություններին մասնակցում էր նաեւ ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Հիշեցնենք, որ ՀԱԿ-ը որոշում ուներ ընտրություններին չմասնակցելու մասին: Սակայն, առաջադրված թեկնածուներից մեկն էլ ՀԱԿ մեկ այլ պատգամավոր Հրանտ Բագրատյանն էր: Մյուս թեկնածուն`ՀՀԿ-ական Գալուստ Սահակյանը:
Լրագրողների հետ զրույցում Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այս ընտրություններին մասնակցելը Հրանտ Բագրատյանի օգտին քվեարկելն է: «Ես հարգում եմ ՀԱԿ-ի դիրքորոշումը, սակայն ունեմ իմը: Հրանտ Բագրատյանն առաջադրվել է, ինչն ինձ համար էլ անակնկալ էր, բայց գալ, նրա օգտին քվեարկել, դա իմ բարոյական պարտքն էր»,- լրագրողների հետ զրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը`հավելելով, որ քանի որ միասնական բոյկոտն այս հարցում չհաջողվեց հասնել, հետևաբար. «Այս պարագայում ինձ համար բարոյական պարտք էր գալ և կողմ քվեարկել Հրանտ Բագրատյանին և դեմ քվեարկել Գալուստ Սահակյանին: Իսկ եթե տրամաբանենք, ապա այս հարցում շատ կարևոր է հստակ դիրքորոշում հայտնելը»:
ՕԵԿ-ական Հովհաննես Մարգարյանն էլ լրագրողների հետ զրույցում ասաց, որ երկու թեկնածուներն էլ արժանի են, բայց իրենց խմբակցությունը միասնական որոշում չի հայտնել`ազատ են թողել պատգամավորներին: «Մենք որեւէ հարցում կաշկանդված չենք: Մեր քվեարկությունն ազատ է»,- ասաց նա`չցանկանալով մինչ ընտրությունների արդյունքները ՀՅԴ-ականների կարծիքը կիսել, որ ընտրություններն արդեն իսկ կանխորոշված են:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ