ՀՀ ոստիկանության վետերանների խորհրդի 7-րդ համաժողովն այսօր անցկացվեց տեղի մշակույթի վերանորոգված դահլիճում:
Ոստիկանության օրվա կապակցությամբ անցկացված միջոցառումից հետո բարձրախոսը խափանվել էր, ու համաժողովն անցավ առանց բարձրախոսի:
Ինչպես տեղեկացրեց իր տարեկան հաշվետվության մեջ խորհրդի նախագահ, պաշտոնաթող գնդապետ, ՀՀ ոստիկանապետի խորհրդական Գրիգորի Աբովյանը, համաժողովին մասնակցում էին 300 վետերաններ, հաշվառված է 8213 կենսաթոշակառու:
Նրանցից 6969-ը զինծառայողներ էին, ոստիկանության աշխատակիցներ, 1244-ը կերակրողին կորցրած ընտանիքների անդամներ են, 20-ը՝ Հայրենական պատերազմի մասնակիցներ, 1725-ը հանրապետության սահմանները պաշտպանած, այլ երկրների պատերազմական գործողություններին մասնակցած, նման կարգավիճակ ունեցող անձինք:
Համաժողովին ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը:
Նախ, նա մտերմաբար հարցրեց, ոնց եք, ինչից շոյված վետերանները միաբերան պատասխանեցին՝ լավ ենք:
Կարդացեք նաև
Ոստիկանապետն ասաց, որ քիչ առաջ հանրապետության նախագահի մոտ էր, երբ զեկուցում էր իրավիճակը, նաեւ ասել է, որ վետերանների խորհրդի համաժողովն է. «Նախագահը փոխանցել է իր բարի մաղթանքները»: Ոստիկանապետն ասաց, որ շնորհակալ է, որ վետերանները կան, ներողություն է խնդրում նրանց նկատմամբ չարածների համար, որ վետերանները պահում են ոստիկանության համն ու հոտը, իրենց անշահախնդրության, պրոֆեսիոնալիզմի շնորհիվ:
Նա տեղեկացրեց, երբ ոստիկանապետ էր նշանակվել, իրեն բազմաթիվ «մեսիջներ» են եկել ոստիկանության անվան տակ գործող կազմակերպություններից՝ նրանց աջակցելու համար:
«Որպես կանոն, դրանք համակարգում չկայացած անձինք են եղել, կամ էլ փորձում են՝ ոստիկանությունից դուրս ընտրել իրենց կայանալու ճանապարհը»,-ասաց նա:
Ի դեպ, նա իր զարմանքը հայտնեց, որ կան բազմաթիվ կազմակերպություններ, եւ…բերեց կազակական կազմակերպության օրինակը, երբ միայն կազմակերպության մեջ 60 գեներալ կա:
Վլադիմիր Գասպարյանն ասաց, որ իրեն հաճախ են ասում, թե ազատումները բավական շատ են, մինչդեռ ինքն ազատում է այն ոստիկաններին, որոնք զբոսաշրջիկ են եղել համակարգում, եւ փորձել են համազգեստն ի չարը օգտագործել:
Ոստիկանապետի ցանկություններից մեկն այն էր, որպեսզի վետերանների համար ստեղծվի պայմաններ շփումների, մարդկային փոխհարաբերությունների համար:
Վլադիմիր Գասպարյանն իր ելույթից հետո գնաց՝ ասելով. «Գնամ, որ ձեր անվտանգությունն ապահովեմ»:
Ոստիկանության շտաբի պետն իր խոսքում տեղեկացրեց, որ Երեւանը մասերի է բաժանվել՝ 42, ստեղծվել է համայնքային ոստիկանություն:
Միայն Երեւանում 826 տեղամասեր են ստեղծվել, Կոտայքի մարզում պիլոտային ծրագրի համաձայն ձեւավորվելու են խորհուրդներ:
Ոստիկանությունը 62 դպրոցական տեսուչների հաստիքներ է նախատեսել ավագ դպրոցներում անչափահասների հետ աշխատանքներն արդյունավետ դարձնելու համար, եւ բնականաբար, վետերանների ներգրավվածությունն այս առումով կարեւորեցին ելույթ ունեցողները:
Ոստիկանության վետերանների խորհրդի 2012-2013թթ. աշխատանքների ամփոփումից հետո օրակարգում դրվել էին կանոնագրքի փոփոխության հարցը, խորհրդի նախագահի, վերստուգիչ հանձնաժողովի կազմի ընտրության հարցերը:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ