Լրահոս
Օրվա լրահոսը

Կասկածում եմ, որ «Երեւան» հեռուստաընկերությունը գնվել է օրենքի խախտմամբ. media.am

Ապրիլ 29,2014 12:46

media.am. « Ե՛ւ մանրամասնել արժե, ե՛ւ հարկ է, որ տեղեկություններ ունենանք, թե որքան է Արթուր Բաղդասարյանի բաժնեմասը: Եվ քանի դեռ չեն մանրամասնում, ապա կարող են օրենքի խախտմամբ հեռուստաընկերությունը ձեռք բերելու կասկածներ առաջանալ »

Մամուլում տեղեկություններ են հայտնվել այն մասին, որ «Երեւան» հեռուստաընկերությունը ձեռք է բերել ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը:

Այս տեղեկությունները, ըստ aravot.am կայքի, հաստատել է նաեւ ՕԵԿ մամուլի խոսնակ Արթուր Միսակյանը: Նա կայքի թղթակցին ասել է, որ «տեւական բանակցություններից հետո «Երեւան» հեռուստաընկերությունը ձեռք է բերվել հայ-ռուսական ընկերության կողմից, որի բաժնետերերից է Արթուր Բաղդասարյանը»: Կայքը հավելում է՝ «Թե ինչ ընկերություն է, ովքեր են մյուս բաժնետերերը՝ Արթուր Միսակյանը չցանկացավ մանրամասնել»:

Իսկ ըստ tert.am-ի՝ «Հարցին, թե նշված ընկերությունում որքան բաժնեմաս ունի Արթուր Բաղդասարյանը և որքանո՞վ կարող է հեռուստաընկերության սեփականատեր համարվել, ՕԵԿ խոսնակը դժվարացավ պատասխանել՝ նշելով, որ տեղեկություններ դեռ չունի»:

Իսկ մեր կարծիքով ե՛ւ մանրամասնել արժե, ե՛ւ հարկ է, որ տեղեկություններ ունենանք, թե որքան է Արթուր Բաղդասարյանի բաժնեմասը: Եվ քանի դեռ չեն մանրամասնում, ապա կարող են օրենքի խախտմամբ հեռուստաընկերությունը ձեռք բերելու կասկածներ առաջանալ:

Բանն այն է, որ ըստ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի երկրորդ մասի՝ «Հեռուստառադիոընկերությունների հիմնադրման (ստեղծման) ժամանակ կամ դրանից հետո օտարերկրյա կապիտալի մասնակցության բաժինը չպետք է հավասար կամ ավելի լինի հեռարձակող կազմակերպության որոշումների ընդունման համար անհրաժեշտ բաժնեմասերի հիսուն տոկոսից»:

Եվ հիմա հասարակ հեռուտադիտողիս մոտ հարցեր են առաջնում.
– Ովքե՞ր են հայ-ռուսական այդ ընկերության (այսինքն՝ փաստացի հեռուստաընկերության) մյուս բաժնետերերը՝ հայաստանցի՞ են, թե՞ օտարերկրացի:
– Այդ օտարերկրացիների մասնակցության բաժինը որքա՞ն է, չի՞ գերազանցում այն արդյոք «որոշումների ընդունման համար անհրաժեշտ բաժնեմասերի հիսուն տոկոսից»…
Իսկ գուցե Արթուր Բաղդասարյանի միջոցով պարզապես հերթական ռուսական պրոպագնադիստական ալի՞քն է սկսելու գործել Հայաստանում, եւ օգտագործելով հանրային ռեսուրսը՝ կապուղին, հընթացս զբաղվելու է նաեւ Արթուր Բաղդասարյանի եւ ՕԵԿ-ի քարոզչությա՞մբ: Կամ՝ գուցե մեր պետական այրերը մտածում են, թե մաքսային միություն կամ եվրասիական տնտեսական տարածք մտնելուց հետո ռուսական կապիտալն արդեն օտարերկրյա՞ չէ…

Լավ, հեգնանքը մի կողմ թողնենք եւ մեր հարցերը ուղղենք Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովին, ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին եւ ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությանը.
1. Որ գերատեսչական մարմինն է թույլատրել «Երեւան» հեռուստաընկերության գնումը Հայ-ռուսական կազմակերպության կողմից: Ի՞նչ կազմակերպություն է դա: Կարելի՞ է իմանալ անվանումը:
2. Ովքեր են այդ կազմակերպության բաժնետերերը բացի Արթուր Բաղդասարյանից:
3. Պահպանվա՞ծ են, արդյոք, այդ ընկերությունում օտարերկրյա կապիտալի մասնակցության՝ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքով նախատեսված չափաբաժինները:
Միայն այս հարցերի պատասխանները ստանալուց հետո կարող ենք իմանալ, թե որքանով է խախտված կամ որքանով է պահպանված օրենքը՝ «Երեւան» հեռուստաընկերությունը գնելիս:

Ավելացնենք, որ այս թեման խիստ ակտուալ է, քանի որ շատ հեռուստա եւ ռադիոընկերություններ, հղում անելով առեւտրային գաղտնիքին, հրաժարվում են բացահայտել իրենց հիմնադիրներին եւ նրանց չափաբաժինները: Մինչդեռ դա չպետք է առեւտրային գաղտնիք լիներ, որպեսզի բոլորը համոզվեին, որ օրենքի պահանջը պահպանվում է:

Մեսրոպ Հարությունյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930