Քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովի գնահատմամբ, վարչապետի պաշտոնանկության հիմնական պատճառը ներքին քաղաքական իրավիճակով է պայմանավորում ու դրա համար մի քանի օբյեկտիվ պատճառներ կային:
Նա այսօր «Հենարան» ակումբում առաջ քաշեց մի քանի հավանական սցենար, որոնցով ՀՀ նախագահը առաջնորդվել է նոր կառավարության կազմավորման հարցում. «Հիմնական դերակատարողի շրջանակներում ձեւավորել կառավարություն, որոնել տարբերակներ կոալիցիայի ստեղծման կամ պահպանման համար կամ եղել է լայն կոալիցիայի ձեւավորման հարց»:
Ըստ նրա, վերջին իրադարձություններին ընդդիմադիր դաշտի արձագանքը ցույց տվեց, որ պատրաստ չէին մտնել կառավարությունը եւ հանդես գալ որպես համագործակցող ուժ:
Անդրադառնալով կառավարության նոր կազմին՝ ասաց, որ այս կառավարությունը ցույց է տվել, թե շատ բարդ է գտնել նոր կադրեր, գտնել այն նոր սերունդը, որը կարող է մտնել բարձր էշելոնի մեջ. «Գուցե հաջորդ ընտրական շրջանում իրավիճակի փոփոխություն կլինի: Եթե վերլուծում ենք կառավարության կազմը, տեսնում ենք, որ հին գվարդիան եւ իրենց թեւը փորձեցին պահպանել իրենց դիրքը, այդ թվում նաև քաղաքական դաշտում, դրանով կարող ենք բացատրել իրավիճակի զարգացումը… կարող ենք ենթադրել, որ նշանակումների մի մասը պայմանավորված է եղել այն երկխոսությամբ, որ եղել է կուսակցության ներսում»:
Պարոն Մարգարովի խոսքով, ընդդիմադիր դաշտը հնարավորություն ուներ միասնական ճակատով հանդես գալ , բայց ԱԺ խոսնակի ընտրությունների հարցում ակնհայտ է, որ ընդդիմադիր քաղաքական ուժերին դա կամ չհաջողվեց, կամ էլ ցանկություն չկա. «Փորձ արվեր ներկայացնել այլընտրանքային թեկնածու: Հրանտ Բագրատյանի ինքնառաջադրումն անակնկալ էր որոշ ուժերի համար, ինչը ցույց տվեց այն բաժանումը, որ կա ընդդիմադիր դաշտում»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ