Հատված ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար ԱՐՄԵՆ ՌՈՒՍՏԱՄՅԱՆԻ հարցազրույցից:
-Ի՞նչ հետեւություններ կարելի է անել կառավարության կազմում մինչեւ հիմա կատարված փոփոխություններից՝ իշխանությունը հակվա՞ծ է լրջորեն վերանայելու տնտեսական ուղեգիծը։
-Մեր գնահատականները պայմանավորված չեն անձերով։ Մենք ի սկզբանե ասել ենք. մեզ համար կարեւորը ծրագրերն են, այն երաշխավորված քայլերը, որոնք կիրականացվեն երկիրն այս վիճակից դուրս բերելու ուղղությամբ: ՀՅԴ մոտեցումները ձեւակերպված են մեր 7 կետանոց փաթեթի մեջ՝ դրանով ենք գնահատելու կառավարության գործունեությունը, ոչ թե նրանով, թե ովքեր են ընդգրկվել կառավարության կազմում՝ այս մարդը բոյով է, կարճ է, ինչ դեմք, դիմագիծ ունի։
Ի վերջո, նույն քաղաքական ուժի ներկայացուցիչներ են, այստեղ փնտրել ինչ-որ տարբերություններ՝ անձերով պայմանավորված, քաղաքական առումով սխալ մոտեցում է։ Պետք է տեսնել՝ քաղաքականությունը փոխվո՞ւմ է, թե՞ ոչ:
Կարդացեք նաև
Ընդհանուր տրամադրվածությունն այն է, որ չեն ուզում դիտվել որպես նախորդ կառավարության քաղաքականության շարունակողը։ Սա ամենակարեւորն է։ Բայց ավելի հստակ կարելի է խոսել, երբ կներկայացվի ծրագիրը, եւ պարզ կդառնան նոր կառավարության առաջնահերթությունները. այսօր գնահատական տալը դեռեւս վաղաժամ է։
Ամենակարեւորը՝ պետք է կատարվի ճիշտ ախտորոշում. ի վերջո, մինչեւ հիմա հասարակությունը չգիտի՝ ինչո՞ւ հրաժարական տվեց Տիգրան Սարգսյանը, ի՞նչն էր սխալ, որ հիմա պիտի շտկվի։ Մենք դա գիտենք, դրա համար էլ անվստահության հարց էինք բարձրացնում, բայց իշխանությո՛ւնը պիտի գնահատական տա։ Այդ գնահատականը չի տրվում։
Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հայոց Աշխարհ» թերթի այսօրվա համարում