Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուդոլֆ Խառատյան. «Բալետի արտիստը ախպերության իմիտացիա չպետք է անի»

Ապրիլ 29,2014 12:07

Ճանաչված բալետմեյստեր, ՀՀ ժողովրդական արտիստ Ռուդոլֆ Խառատյանն այսօր «Ելակետ» ակումբում խոսելով պարարվեստից՝ այն համեմատեց օդանավի հետ: Ինչ վերաբերում է բալետային արվեստին, նրա խոսքով. «Ազգագրականը ուրիշ խնդիրներ ունի, բալետային արվեստը՝ ուրիշ: Եթե օդանավի վրա ընդամենը արծիվ նկարես, չի թռչի, այն պետք է ճիշտ մեխանիկա ունենա, որ բարձրանա վերեւ: Իմ խնդիրն այն է, որ պարողները այնքան մարզվեն, որ կարողանան թռչել: Բալետը թռիչք է, տրանսցենդենտ գաղափար ունի, ինքը ամենօրյա հացի հետ կապ չունի. բալետը միացնում է քեզ ու տիեզերքը, քեզ ու Աստծուն»:

Աշխարհին հայտնի աշակերտներ տված Ռուդոլֆ Խառատյանը ցավով փաստում է՝ իր ցանկությունները չիրականացան, մինչդեռ մինչեւ 2017 թվականը ծրագրեր կային, նաեւ նախատեսել էր տարեկան մեկ դասական եւ ժամանակակից բալետներ բեմադրեր:
«Մոդեռն բալետը ուրիշ սկզբունքներ ունի, մեկը՝ աստվածային, մյուսը՝ մարդկայինի մասին, բավականին նրբություններ, գաղտնիքներ կան, որով կարելի էր բնորոշել ազգի աբստրակտ մտածելակերպը: Մեր ազգը հզոր ազգ է, շատ հնարավորություններ ունի,-շեշտում է արվեստագետը ու հավելում,-
ես միշտ ասում եմ, որ ներուժը կա, գիտենք տեխնոլոգիաները, ինչպես անել, որ մեր ուզածը լինի: Դրսից, որ նայում ես՝ Հայաստանը փոքրիկ հողակտոր է, այս ու այն կողմից թելադրվող: Նույնը կատարվում է նաեւ բալետի մեջ, այն խեղդված է, ինքն իր մեջ պարփակված: Այսօրվա բալետն արտահայտում է այսօրվա մշակութային մոդելը: Ի դեպ, եթե զինուժը երկրային սահմաններն է, բալետը՝ երկնային տերիտորիան է, աշխարհն ուզում է ավելի մեծ հոգեւոր տերիտորիաներ վերցնել: Մենք ավելի լավ հեռուստացույց ու մեքենա չենք կարող ստեղծել, բայց բալետով կարող ենք առաջ գնալ, բալետով կարող էինք ցույց տալ հայկական ոգին ու պատմությունը, խոսքը քաղաքականացվում է, իսկ բալետի պարագայում ոչ ոք կասկածի տակ չէր դնի այն ասելիքը, ուղերձը, որ գալիս է պարի միջոցով»:

Ռուդոլֆ Խառատյանը մի քանի օրինակ բերեց, անգամ Մոյիսեևի անվան ժողովրդական պարի հռչակավոր անսամբլ ունեցող Ռուսաստանն իր օլիմպիական խաղերի բացմանը միայն դասական ու ժամանակակից արվեստ ներկայացրեց, զերծ մնաց ֆոլկլորից ու բալալայկայից:

Հարցին՝ ի՞նչ է անելու Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր բալետմայստերի պաշտոնը թողնելուց հետո, արվեստագետը պատասխանեց. «Տարին երկու անգամ վարպետության դասընթացներ եմ տալիս, ես անդամ եմ բալետային համաշխարհային ընտանիքի, իմ առաքելությունն է հայկական բալետը միացնել համաշխարհային բալետային ընտանիքին»:

Իսկ կուզենա՞ իր բալետային դպրոցը հիմնել Հայաստանում: Այս հարցին էլ Ռուդոլֆ Խառատյանն այսպես պատասխանեց. «Հենց զգացի, որ կա այդ հումքը, կարվի, դրա համար նախ պետք է պարողներին դաստիարակել: Երբ պարողը գալիս է թատրոն, պետք է այն ինտելեկտն ունենա, որ ներկայացնում է էլիտ արվեստ, հակառակ դեպքում պարողի մարմինը տրասցենդենտ գաղտնիքները չի արտահայտի: Բեմի վրա նայելիս ես կարող եմ տեսնել, թե ինչպիսին է մարդու մտածողությունը: Ճիշտ դաստիարակված պարողի մարմին ֆորման փոխված է դեպի վերեւ, մերոնց մոտ էս ձեւն է՝ «ախպեր»… Դա թուլությունից է գալիս, հասկացանք, որ կա մի հատ «ախպերություն», բայց դա առանձին բան է, բալետի պարողը ախպերության իմիտացիա չպետք է անի»:

ՀՀ ժողովրդական արտիստի համոզմամբ, ոչ միայն բալետին, այլեւ ողջ երկրին կարգուկանոնն է պակասում ու ճիշտ ուղղությունը. «Հենց կարգուկանոն լինի, ամեն ինչ տեղը կընկնի»:

Ասում է՝ էական չէ, ինքն այսօր գլխավոր բալետմայստերն է, թե ոչ, կարեւորը հայկական բալետի ապագան է ու ճիշտ ուղղությունը. «Հայկական բալետը պարփակվել է ինքն իր մեջ, իրեն համեմատում է ո՞ւմ հետ, «Բարեկամությա՞ն» …Ի դեպ, «Բարեկամությունը» շուտով Ֆրանսիայում դասական բալետ է ներկայացնելու , իսկ դա ոչ այլ ինչ է, քան աղավաղում է…»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930