Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Պողոսյան. Ռոբերտ Քոչարյանի ներկա և երկու տարի առաջվա դիրքորոշումները տրամագծորեն իրար հակասում են. «168 ժամ»

Ապրիլ 29,2014 11:36

Վարդան Պողոսյանից հետաքրքրվեցինք, թե ի՞նչ կարծիք ունի ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանի այդ պնդումների առնչությամբ, թե չկա երկրի առջև ծառացած ոչ մի կենսական խնդիր, որի լուծմանը խոչընդոտի գործող Սահմանադրությունը։ Ի պատասխան՝ Վարդան Պողոսյանն ասաց. «Եթե երկրորդ նախագահը վերընթերցի իր 2012թ. հարցազրույցը, կարծում եմ կտեսնի, որ իր ներկա և երկու տարի առաջվա դիրքորոշումները տրամագծորեն իրար հակասում են։ Այնպես որ՝ ես այդ հայտարարությունն ավելի շուտ կապում եմ քաղաքական կոնյունկտուրայի, քան սահմանադրական բարեփոխումների օբյեկտիվ անհրաժեշտության հարցի հետ։

Բնականաբար, ցանկացած քաղաքական ուժ, ելնելով կոնկրետ իրավիճակից, իր մոտեցումներն է դրսևորում առաջարկների նկատմամբ։ Եթե այդ առումով նայենք, բավականին տարօրինակ իրավիճակ է։ Նախագահական ընտրություններից առաջ ընդդիմադիր երեք ուժեր հստակ ասում էին, որ անհրաժեշտ են փոփոխություններ, և նույնիսկ ասում էին անհրաժեշտ է անցնել խորհրդարանական կառավարման համակարգի։ Խոսքը ԲՀԿ-ի, «Ժառանգության» և Դաշնակցության մասին է։ Այսօր միայն Դաշնակցությունն է հետևողականորեն պահպանել իր դիրքորոշումը»։

Վարդան Պողոսյանը նույնպես պնդում է, որ Սահմանադրության 50-րդ հոդվածից «անընդմեջ» բառը հանելը բավարար կլինի, որպեսզի ցանկացած անձ հնարավորություն չունենա երկու անգամից ավելի առաջադրվել ՀՀ նախագահի պաշտոնում։ Սակայն, ըստ Վ. Պողոսյանի, որոշակի փոփոխություններ կլինեն նաև Ընտրական օրենսգրքում։ Նա նշեց, որ Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովում, սակայն, նման հարց չի քննարկվել. «Ասեմ ինչ պատճառով։ Քանի որ Սահմանադրական հանձնաժողովում միանշանակություն դեռ չկա՝ կառավարման համակարգի և դրության հետ կապված։ Դա էլ իր հերթին բացատրվում է նրանով, որ, այդուհանդերձ, կառավարման համակարգի, ձևի ընտրության հիմնախնդիրը, բնականաբար շատ քաղաքական հարց է, միայն իրավական խնդիր չէ։ Այսինքն միայն իրավական վերլուծությունները բավարար չեն, որպեսզի միանշանակ եզրահանգումների գաս, և քանի որ մենք հիմա մինչև հուլիսի 1-ը հանրային քննարկումների փուլ ունենք, հուսով ենք, որ այդ ընթացքում ինչ-որ կերպ քաղաքական առումով ևս կարծիքները կհստակեցվեն, և սահմանադրական հանձնաժողովը, դրանք հաշվի առնելով, ավելի հստակ դիրքորոշում կարտահայտի։ Քանի որ այդ հստակ դիրքորոշումն այժմ չկա, մենք չենք մտել այլ մանրամասների մեջ։ Մեր կարծիքով դա չի եղել ամենասկզբունքային խնդիրը՝ կապված այսօրվա կիսանախագահական համակարգի հետ։ Բայց եթե այդ հարցն աժիոտաժ, տարընթերցումներ է առաջացնում, չեմ բացառում, որ հանձնաժողովը հուլիս 1-ի փաստաթղթում նաև հստակ անդրադառնա այդ հարցին և հստակ պատասխան տա՝ կա՞ արդյոք անհրաժեշտություն, եթե կա, ապա ո՞ւմ վրա է տարածվում, ո՞ւմ վրա չի տարածվում, և այլն»։

Խոսելով Ռ. Քոչարյանի դիտարկման մասին, թե նույնիսկ «անընդմեջ» բառը Սահմանադրությունից հանելու դեպքում այն հետադարձ ուժ ունենալ չի կարող, Վ. Պողոսյանն ասաց, որ եթե Սահմանադրության 50-րդ հոդվածից հանվի «անընդմեջ» բառը, դա կնշանակի, որ որևէ մեկը, այդ թվում՝ նաև նախորդ տարիներին հանրապետության նախագահի պաշտոնը երկու անգամ զբաղեցրած անձինք, իրավունք չեն ունենա առաջադրվելու հանրապետության նախագահի պաշտոնում։

Օֆելյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930