Երևանի քաղաքապետարանի և Ֆրանսիայի Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի միջև 2011թ. կնքված համագործակցության բազմաոլորտ, այդ թվում նաև փորձի փոխանակման ծրագրեր ներառող համաձայնագրի շրջանակում եռօրյա սեմինար է անցկացվում Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերի 26 աշխատակիցների մասնակցությամբ։
«Մի նախագծի ձեռնարկում և նախնական պլանավորում» թեմայով սեմինարն ուղղված է քաղաքային տնտեսության նախագծերի կառավարման բարելավմանը՝ դրանք առավել նպատակային ու արդյունավետ կազմակերպելուն։ Ուսումնասիրության նյութ է հանդիսանում նաև քաղաքային տնտեսությանն առնչվող մեկական ծրագրային նախագիծ՝ տարբեր ոլորտներից։ Սեմինարը ներառում է «Բովանդակություն», «Ժամկետ», «Ծախսեր» թեմաներով դասախոսություն-քննարկում, որին հաջորդելու են թիմային աշխատանքներ, ապա՝ աշխատանքների ամփոփում։
Սեմինարը վարում է նախագծերի կառավարման ոլորտում ավագ խորհրդատու, տեղեկատվական տեխնոլոգիաների կառավարման ոլորտում 30 տարվա աշխատանքային փորձ ունեցող ֆրանսահայ Հարություն Խաչատուրյանը, ով ներկայում «KNL & Partners» ֆրանսիական կազմակերպության տնօրենն է։
Երևան քաղաքապետարանի և Ֆրանսիայի Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի միջև համագործակցության համաձայնագրով ծրագրված հաջորդ սեմինարը նախատեսված է հունիսին՝ համատիրությունների փորձի փոխանակման թեմայով։
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն