Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե շատ եք ուզում պատվիրատուի եւ հովանավորի Ձեր համբավին չվնասել»

Ապրիլ 29,2014 14:12

Դոկտորը՝ ՀՀ Սփյուռքի նախարարին

Հարգելի տիկին Հակոբյան,
Ձեր ղեկավարած նախարարության հետ նախորդ տարիների առնչություններն ապացուցեցին՝ Ձեր ու Ձեր օգնականների խոսքի ու գործի աղաղակող հակասություններից խուսափելու համար պարզապես պետք է հեռու մնալ։ Այդպես էլ վարվել ենք ու կշարունակեինք, եթե «Տիգրան Մեծ» հրատարակչությունում չտեսնեինք «ՀՀ Սփյուռքի նախարարության գործունեության 5 տարիները. Հայաստան-Սփյուռք գործակցություն» (Երեւան, 2013) գիրքը, որի «ՀՀ Սփյուռքի նախարարության պատվերով եւ հովանավորությամբ հրատարակությունները» գլխի 85-րդ էջում ներկայացված է նաեւ «Արամ Հայկազ. Մոռացված էջեր» գրքի Ա հատորը (1924-1950)։

Ճիշտ է, Դուք պետք է հովանավորեիք այդ գրքի Ա եւ հաջորդ 5 հատորները, բայց շատ լավ գիտեք, թե ինչով ավարտվեց այդ պատմությունը։ Գրքի Բ հատորից օրինակներ նվիրել ենք նախարարությանը, եւ համոզված ենք՝ կարդացել եք «Կազմողի կողմից» առաջաբանի հետեւյալ տողերը. «Ներողություն ենք խնդրում «Արամ Հայկազ. Մոռացված էջեր» գրքի Ա հատորի ընթերցողներից, ԱՄՆ-ում կազմակերպված հոբելյանական հանդեսների եւ գրքերի երեւանյան շնորհանդեսի մասնակիցներից՝ ակամա ստախոսության համար։ Այրիս Հայկազի՝ գրքի առաջին էջերում հրատարակված շնորհակալական նամակը, ՀՀ Սփյուռքի նախարարության՝ երեք լեզուներով հիշատակումը, ինչպես նաեւ իմ ելույթներում հնչած շնորհակալական խոսքերը չեն համապատասխանում ճշմարտությանը. մինչ ԱՄՆ-ում գրողի հոբելյանն էր նշվում, Հայրենիքում նրա գրքերից ոչ մի էջ չկարդացած, նրան մանր գրող հռչակած մի խումբ մարդիկ տապալել էին գրքի պետական հովանավորության հարցը։ Հարկադրված էինք հավաքել համապատասխան փաստաթղթերը եւ դատարան դիմել»։
Հիշեցնենք՝ գրքի Ա հատորին Ձեր նախարարության միակ առնչությունը նվեր ստացած 200 օրինակներն են, որոնք ուղարկել եք Սփյուռք ու հերթական անգամ ներկայացել որպես Հայրենիք-Սփյուռք մշակութային կապերի ջատագով։

Ինչեւէ։ Մեր եւ Արամ Հայկազի հատորները հրատարակող խմբի՝ հայաստանաբնակ ու սփյուռքահայ բարեկամներիս անունից պահանջում ենք առաջիկա մեկ ամսվա ընթացքում պաշտոնապես ներողություն խնդրել սխալ տեղեկություն տարածելու համար, իսկ եթե շատ եք ուզում պատվիրատուի եւ հովանավորի Ձեր համբավին չվնասել, գրքի Ա հատորի հրատարակության գումարը փոխանցեք «Տիգրան Մեծ» հրատարակչությանը, որի տնօրեն Վրեժ Մարկոսյանը տարիներ շարունակ ոչ միայն չի հիշեցրել պարտքիս մասին, այլեւ մեծահոգաբար օժանդակել է գրքի հաջորդ հատորների հրատարակությանը։ Հուսանք՝ կօժանդակի նաեւ 5-րդ եւ 6-րդ հատորների հրատարակությանը:

Ճակատագրի հեգնանք է՝ նախարարության՝ վերը հիշատակված գիրքն էլ է այս հրատարակչությունում լույս տեսել։ Ոչինչ։ Կյանքում ճիշտն ու սուտը հաճախ են շփոթվում, բայց, որպես օրենք, հաղթում է ճիշտը… եթե վճիռ կայացնողը մեր ու Ձեր սիրելի Հայրենիքի պետական այրերն ու դատական մարմինները չեն։

Վերջում հավելենք՝ գիտենք՝ զարմացած եք Արամ Հայկազի հատորները հրատարակելու մեր ու ընկերներիս համառ ջանքերով, տեղեկացնենք՝ շուտով լույս կընծայենք 5-րդ հատորը։ Ուշ չէ, կարող եք 6-րդ հատորն էլ առաջին հատորի նման «հովանավորել» ու տեր դառնալ գրքի բոլոր հատորներին. հաջորդ հաշվետվությունների համար պետք կգա։
Մաղթում ենք հաջողություններ ու սպասում պաշտոնական ներողության. ստի դեմ չկռվողն ակամա բազմացնում է սուտը։

ՄԱՐԳԱՐԻՏ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՀՀ «Տարվա Ուսուցիչ» (1993), բանասիրական գիտությունների դոկտոր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930