14 նախարարներից 9-ը վերանշանակվել են: Կառավարության կազմը լքել են Վաչե Գաբրիելյանը, Սամվել Թադևոսյանը, Դերենիկ Դումանյանը, Վահրամ Ավանեսյանը և Դավիթ Սարգսյանը։
Հիշեցնենք, որ ինչպես ՀՀԿ խորհրդի նիստում հայտարարել էր հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը՝ նոր կառավարության առջև խնդիր է դրված՝ վերականգնել կառավարության նկատմամբ վստահությունը։ Ինչը նշանակում է, որ կառավարությունը նախորդ ժամանակահատվածում կորցրել էր վստահությունը։ Ու քանի որ նախարարական պորտֆելին հրաժեշտ տվեց հենց վերը նշված 5 պաշտոնյան, կարելի է ենթադրել, որ հենց նրանք էին խարխլում վստահության հիմքերը։ Հենց այս «ոչ հրաշալի» հնգյակն էր խանգարում, որ հասարակությունը լցվի վստահությամբ, ու երկիրն առաջ գնա։
Հնգյակից երեքը՝ Սարգսյանը, Ավանեսյանն ու Գաբրիելյանը, համարվում էին Տիգրան Սարգսյանի «կադրերը», և շատերը սպասում էին, որ նրանք պետք է լքեին կառավարությունը։ Սակայն նրանց բոլորին միավորում է նաև մեկ այլ՝ ոչ կարևոր հանգամանք, նրանք ներկայացնում են տնտեսական բլոկը։ Եվ ստացվում է, որ բացառությամբ քաղաքաշինության և առողջապահության նախարարությունների, կառավարության կազմը լքել են տնտեսական քաղաքականության պատասխանատուները (ճիշտ է՝ Վաչե Գաբրիելյանը վերջին ամիսների ընթացքում կառավարության աշխատակազմի ղեկավարն էր, սակայն նա ներկայացնում է տնտեսական բլոկը):
Իսկ սա նշանակում է, որ Սերժ Սարգսյանը բացասական գնահատական է տվել այդ քաղաքականությանը։ Անկախ դրվատանքի խոսքերից՝ սա վկայում է այն մասին, որ տնտեսական բլոկը ձախողվել է։ Ի դեպ, սա կարելի է համարել այն հարցի ուշացած պատասխանը, թե կառավարությունը պատասխանատվություն կրելո՞ւ է 7% տնտեսական աճ չապահովելու համար։ Որ տնտեսական քաղաքականությունն իրոք ձախողվել է, դժվար է չհամաձայնել։ Այդ մասին վկայում են անգամ պաշտոնական տվյալները՝ ներդրումների կրճատման, աղքատության ու արտագաղթի մասին։ Սակայն այս ամենի մեջ կա մի շատ կարևոր «բայց»։
Ինչպես բազմիցս նշել են մի շարք հեղինակավոր մասնագետներ, Հայաստանի տնտեսության խնդիրները կապված են առաջին հերթին՝ քաղաքական համակարգի հետ։ Հնարավոր չէ ունենալ հաջողություններ, եթե քաղաքական համակարգն ու մյուս ինստիտուտները (դատական համակարգ և այլն), մեղմ ասած, լավ չեն աշխատում։ Նման պայմաններում տնտեսական քաղաքականությունն ու դրա պատասխանատուներն ի սկզբանե դատապարտված են ձախողման՝ անկախ իրենց գիտելիքներից, փորձառությունից և մյուս որակներից։
Կարդացեք նաև
Կա նաև հարցի ոչ քաղաքական կողմը։ Ինչպես նշեցինք, խոսքը գնում է վստահության վերականգնման մասին։ Վերը նշված պաշտոնյաները կառավարության նախկին և արդեն վերանշանակված անդամներից շահեկանորեն տարբերվում էին ինտելեկտով և քաղաքակրթությամբ։ Բացի այդ (բացառությամբ Տիգրան Սարգսյանի), նրանց անունները կոռուպցիոն սկանդալների մեջ չեն շրջանառվել, նրանք չեն ընկալվել՝ որպես մեծահարուստ, առավել ևս՝ օլիգարխ։ Այնպես որ, մեծ հարց է՝ այս մարդկանց փոխարինումը որքանո՞վ է նպաստելու կառավարության նկատմամբ վստահության աճին։
Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում