Լրահոս
Օրվա լրահոսը

Արագացուցիչը

Ապրիլ 29,2014 14:20

Գնացի ուրիշի մոտ: Որովհետեւ ծանոթ վարսավիրս չկար: Գիտեք իհարկե՝ բանակ զորակոչվելու նման մի բան է նոր վարսավիրի մոտ գնալը:

Կարծես քաղաքացիական կյանքից ընկնես մի նոր ու օտար միջավայր: Բայց անկախ ամեն ինչից սկսում ես համակերպվել, անհասկանալի հարցերին պատասխանել, հնազանդվել, գլուխդ լուռումունջ տրամադրում ես տագնապալի անորոշությանը: Եվ այդ ամենն ավարտվում է հայելու մեջ անսովոր որոշակիությամբ, որի դեմ այլեւս բողոքել հնարավոր է երեւի թե միայն Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Երկրորդ շատ կարեւոր հանգամանքն էլ կա: Պապս ասում էր՝ լավ վարսավիրը վատ հարեւանից լավն է: Երեւի մի հարեւանը վարսավիր էր, մյուսը լավը չէր:
Բոլորը գիտեն, որ վարսավիրները պատմություններ են պատմում: Ու խնդրում եմ՝ վարսավիրների այդ պատմությունները չխառնեք տաքսու վարորդների պատմությունների հետ:

Տաքսու վարորդների պատմություններն ակնհայտորեն ավելի ընդգրկուն են, «Տիտանիկի» սցենարի պես հիմնարար, երբեմն պարզապես անսահմանափակ՝ հոլիվուդյան ինչ-որ շռայլություն կա դրանց մեջ… Մեկ-մեկ այնպիսի պատմություններ կլսես Կոմիտասի շուկայից մինչեւ Կինո Հայրենիք երթեւեկելիս, որ նույնիսկ այն նույն Կինոհայրենիքում կյանքում չես տեսել հնդկական հայտնի կինոնկարում…

Իսկ երեւանյան վարսավիրներն այժմ շատ տարբեր են, եւ նրանց պատմություններն էլ են տարբեր: Բոլորովին նման չեն հոլիվուդյան սցենարների…

Մի ժամանակ, հիշում եք, Երեւանում բոլոր վարսավիրները ախպարներ էին: Ու մինչեւ խուզում էին գլուխդ, ընկղմվում էիր նրանց յուրօրինակ մեղմ ախպարական աշխարհի մեջ, ապրում էիր նրանց փոխադարձ կսմիթներով ու կատակներով, պատկերացնում էիր նրանց կյանքը Հին հռոմեական ճանապարհին:

Հիմա չկա ոչ միայն այդ աշխարհը, բառիս բուն իմաստով վարսավիրանոց էլ չկա: Համենայնդեպս Երեւանում երբեք չեմ հանդիպել վարսավիրանոցի, որի վրա գրված լինի՝ «ՎԱՐՍԱՎԻՐԱՆՈՑ»: Չգիտեմ, միգուցե ձեր թաղում մնացել է: Իսկ կենտրոնում միայն սալոններ են:

Եվ այժմվա «Բյութի սալոններում» հնչող պատմություններն էլ, բնականաբար, արդեն ուրիշ են՝ ժամանակակից: Հանրապետականների մասին անխուսափելի խոսակցությունները մի կողմ դնենք, որովհետեւ պատմելու բան չէ:

Անցած շաբաթ անհարմար բան ստացվեց՝ գնացի ծանոթ վարսավիրիս մոտ, բայց պարզվեց, որ տեղում չէ՝ իր մասնակցությունն է բերում զոքանչի ծննդյան տոնի արարողությանը: Ինչու եմ ասում անհարմար՝ որովհետեւ մարդը պիտի որ բոլոր զոքանչների ծնունդների կապակցությամբ լավ զգացմունքներ տածի, իսկ ես՝ իմանալով, որ վարսավիրս չկա, տխրեցի ու միանգամից էլ գիտակցեցի, որ պարզապես սեփական գլխիս մասին մտահոգությունը ինձ համար ավելի կարեւոր է, քան ինչ-որ մեկի զոքանչի տարեդարձը:

Մի խոսքով, Նալբանդյան փողոցով իջա մի երկու փողոց ներքեւ: Տեսա վարսավիրանոց, մտա, նստեցի: Եվ արդեն գլխախուզման ընթացքում պարզվեց, որ վարսավիրը կամ, եթե ուզում եք՝ բյութիսալոնիստը, առաջ աշխատել է ակադեմիկոս Ալիխանյանի անվան ֆիզիկայի ինստիտուտի էլեկտրոնաօղակային արագացուցիչի տարրական լիցքավորված մասնիկների հետազոտության խմբում: Ձեր մազերը երբեւէ նման մարդ հարդարե՞լ է:
Ու նա սկսեց գլուխս հարդարել: «Մեր ժամանակ արագացուցիչն այնպես էր աշխատում, որ մեկ վայրկյանում էլեկտրոնները 50 անգամ անցնում էին Աջափնյակից մինչեւ Լենինգրադի Պուլկովոյի լաբորատորիան ընկած տարածքը: Էլեկտրոնների առավելագույն հզորությունն արդեն ուր որ է՝ հասցնելու էինք 6 միլիարդ էլեկտրոն վոլտի…»:

Ճիշտն ասած, Նյուտոնի օրենքներից դենը ֆիզիկայից զրո եմ: Իսկ եթե լրիվ անկեղծ խոստովանեմ, խնձորագլուխ այդ անգլիացու օրենքներն էլ չեմ հիշում: Բայց արագացուցիչի մասին դասախոսությունը հո ավելի հաճելի է հանրապետականների մասին ոչ այնքան գիտական խոսակցություններից: Երբ արդեն սանրվածքիս վերջին վրձնահարվածներն էր անում, հանկարծ ասաց՝ «Եթե ասեմ, որ կարողացել էինք արագացնել ոչ միայն էլեկտրոնները, այլեւ ժամանակը, հաստատ չեք հավատա: Ես, օրինակ, հիմա ամեն շաբաթավերջին աշխատանքից հետո տեղափոխվում եմ ապագա»:
Փորձեցի թաքցնել թերահավատ ականջներս, բայց ախր բավական կարճ էր խուզել մազերս, ու չստացվեց:

Սեդրակը, մոռացա ասել, որ նրա անունը Սեդրակ էր, միայն ժպտաց եւ ասաց. «Այդ դեպքում առաջարկում եմ գռազ գալ՝ ես հիմա արագացնում եմ ժամանակը, անհետանում եմ, տեղափոխվում եմ ապագա, ու կհանդիպենք երեքշաբթի օրը ուշ երեկոյան՝ «Բավարիա»-«Ռեալ» խաղից հետո, այս նույն տեղում»:

Ու անհետացավ: Չհասցրի հարցնել հաշիվը: Եթե ճիշտ արդյունքն ասեր՝ կհավատայի: Համենայնդեպս 1000 դրամը դրեցի սեղանին:

Հիմա սպասում եմ:

ԱՐՄԵՆ ԴՈՒԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930