«Կոմիտաս՝ հավերժի ճամփորդը» համերգ- ներկայացման ստեղծագործական խումբը վերջերս վերադարձավ ԱՄԷ-ից, որտեղ հրավիրվել էր Դուբայի եւ Հյուսիսային Էմիրությունների Ազգային վարչության գեղարվեստական հանձնախմբի կողմից: Խմբի կազմում են նախագծի համահեղինակներ, դաշնակահարուհի, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Համասփյուռ Մանուկյանը, ՀՀ վաստակավոր արտիստ Սարգիս Նաջարյանը, երգչուհիներ, միջազգային մրցույթների դափնեկիրներ Գայանե Գրիգորյանն ու Աննա Մայիլյանը:
«Առավոտի» հետ զրույցում Համասփյուռ Մանուկյանը նշեց, որ ստեղծագործական խումբը ցանկություն ուներ Եղեռնի 100-րդ տարելիցին ընդառաջ այս ծրագիրը մեկնարկել Հայաստանում: «Նախատեսել էինք համերգ-ներկայացումը բեմ բարձրացնել Երեւանում, սակայն ստեղծագործական խմբի յուրաքանչյուր անդամի, բնականաբար, եւ իմ խորին համոզմամբ, Կոմիտաս պետք է ներկայացնել հատկապես արտերկրում, այն էլ՝ ոչ միայն առիթի դեպքում: Ապրիլի 23-ին մասնակցեցինք Շարժայի Սուրբ Կատարինե եկեղեցու պատարագին եւ ոգեկոչման արարողությանը: Հաջորդ օրն էլ «Կոմիտաս՝ հավերժի ճամփորդ»-ով սկիզբ դրեցինք Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ նախատեսված համերգներին: Առաջիկա մեր ցանկությունն է այս ծրագրով հանդես գալ Արցախում»,- հայտնեց տիկին Մանուկյանը: Հավելեց նաեւ, որ Էմիրություններում ծրագրի կայացմանը աջակցել է տեղի Ազգային վարչության գեղարվեստական հանձնախմբի անդամ Նուարդ Հովհաննիսյանը, համերգին էլ ներկա է եղել Էմիրություններում ՀՀ դեսպան Գեղամ Ղարիբջանյանը:
Մեր տարակուսանքին, թե «Կոմիտաս՝ հավերժի ճամփորդը» արդյո՞ք 2013թ. կոմեդիայի թատրոնում կայացած նույն ներկայացումը չէ, մեր զրուցակիցը չնշելով որեւէ անուն, պատասխանեց. «Եվ այո, եւ ոչ: Ինձ համար այդ հարցը ցավոտ է, քանի որ այս նախագծի մասնակիցներից մեկը շրջանցելով ինձ, դավադիր լռությամբ խախտել է հեղինակային իրավունքս ու անհիմն պատճառաբանությամբ թյուրիմացության մեջ գցել նախագծի համահեղինակ Սարգիս Նաջարյանին, որը ի սկզբանե ընդգրկված էր ծրագրում:
Չխորանալով ինչուների մեջ ու պատասխանը թողնելով Աստծուն, քանիցս հանդիպեցի այդ անձնավորության կողմից նախագծի հանդեպ ունեցած անբացատրելի նկրտումներին: Օգտվելով առիթից, հայտարարեմ, որ «Կոմիտաս՝ հավերժի ճամփորդը» իմ եւ Նաջարյանի հեղինակային ծրագիրն է, ինչը հաստատված է հեղինակային իրավունքով»:
Պրոֆեսորը հայտնեց, որ 1990-ականների սկզբներին, երբ ինքն ու Սարգիս Նաջարյանը աշխատում էին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը՝ որպես մենակատարներ, մշտապես անդրադառնում էին կոմիտասյան երգերին, վարդապետի ստեղծագործությունների դաշնամուրային փոխադրումներին: Տիկին Մանուկյանի ձեւակերպմամբ, «90-ականների սկզբներին Սարգիսն այնքան էր տարված Կոմիտասով, որ օրերով Մատենադարանում եւ այլ օջախներում ուսումնասիրում էր վարդապետի կյանքն ու գործունեությունը, իսկ 2001թ.՝ քրիստոնեության ընդունման 1700-ամյակի առիթով, որոշեցինք «միավորվել» Սարգսի սցենարով ու իմ համերգային համարներով: Ընդգրկել էինք Կոմիտասի կյանքի վերջին 20 տարիների ժամանակահատվածը, որ նա անցկացրել է Փարիզի Վիլ-Ժուիֆ հոգեբուժարանում եւ, ինչպես Սարգիսն է սիրում կրկնել՝ ոչ թե խելագարված, այլ մարդկանցից նեղացած, մեկուսացած…»:
Ցանկացանք ճշտել՝ իրականությանը համապատասխանո՞ւմ է այն, որ «Կոմիտաս՝ հավերժի ճամփորդը» ծրագրում հաճախ արվեստագետների փոփոխություններ է կատարվում, ինչը տարաբնույթ ասեկոսեների տեղիք է տալիս: «Իսկապես, նախագծում կատարողներն ու երաժշտական համարները փոփոխվում են, օրինակ՝ Հունաստանում նույնիսկ պարային համար էր ընդգրկվել կամ՝ ժամանակին կոմիտասյան երգերով հնարավորություն ենք ընձեռել հանդես գալու կոնսերվատորիայի ուսանողուհու եւ այլն»,- ասաց տիկին Մանուկյանը: Անդրադառնալով Էմիրություններում կայացած համերգին, Համասփյուռ Մանուկյանը հայտնեց. «Զգուշացվել էր հանդիսականին, որ հասկանալի պատճառով ծափահարություններ չհնչեն, սակայն չեմ ուզում մեղադրել հանդիսականին. ո՞վ կարող էր «դիմանալ» Աննա Մայիլյանի «Սոնա յար», «Էսօր ուրբաթ է, պաս է» կամ Գայանե Գրիգորյանի «Հաբրբան» ու «Անտունի» եւ այլ երգերի իսկապես բարձրակարգ մեկնաբանություններին: Էլ չեմ խոսում Սարգիս Նաջարյանի մարմնավորած Կոմիտասի կերպարի մասին, որի առիթով հանդիսականից մշտապես լսում ենք, թե դերասանը մե՞զ է տանում 1915 թվական, թե՞ 15-ը բերում մեր օրեր…»:
Կարդացեք նաև
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ