Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Քանի ապրում է հայերենագիտությունը, կապրի Աճառյանը»

Ապրիլ 29,2014 13:40

Գիտաժողով՝ նվիրված բարբառներին

Օրերս ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղում տեղի ունեցավ գիտական նստաշրջան, որը նվիրված էր հայ գիտական բարբառագիտության հիմնադրման 100-ամյակին: Զեկուցումներով հանդես եկան համապատասխան ոլորտների ավագ եւ կրտսեր ներկայացուցիչները` Վիկտոր Կատվալյանը, Ջեմմա Բառնասյանը, Հասմիկ Խաչատրյանը, Նարինե Դիլբարյանը, Արմեն Սարգսյանը, Էսթեր Խեմչյանը եւ այլք: ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղի տնօրեն Սամվել Առաքելյանը կարեւորեց այսօրինակ գիտաժողովի անցկացումը Իջեւան քաղաքում` ընդգծելով, որ սա կարեւոր իրադարձություն է, որը մասնաճյուղում սովորող ուսանողներին կխրախուսի հարազատ մնալ իրենց ազգային արմատներին: ԳԱԱ Հր. Աճառյանի լեզվի ինստիտուտի տնօրեն Վիկտոր Կատվալյանն իր խոսքում ընդգծեց, որ պետք է ողջունել ու խրախուսել բարբառագիտական գիտաժողովների կազմակերպումը մարզերում, ուր հայ բարբառները գործառում են իրենց անխաթար վիճակում եւ բազմազան խոսվածքային յուրահատկություններով. «Բարբառից երբեք չպետք է խուսափել ու այն պետք է անընդհատ գործածել, բարբառները նպաստում են, որ հարազատ մնանք մեր ազգային ակունքներին:

Ճիշտ է, ժամանակակից գրական հայերենը մեր երկրի պետական, պաշտոնական լեզուն է, եւ մենք պարտավոր ենք այն կիրառել համապատասխան միջավայրերում եւ հրապարակային խոսքում, այդուհանդերձ մեր բարբառները, լինելով լեզվի բնական ու կենդանի դրսեւորումներ, պետք է ըստ արժանվույն կարեւորվեն եւ ուսումնասիրվեն, առավել եւս, որ հայերենի բարբառներում են ամբարված մեր լեզվամտածողությունը, ազգային հոգեբանությունը»: Անդրադառնալով հայ բարբառագիտության ձեռքբերումներին` պրն Կատվալյանը հայտնեց, որ հայ բարբառագիտությունը զարգացման երկարատեւ ուղի է անցել եւ ունի իր երախտավորները, ինչպիսիք են` Հրաչյա Աճառյանը, Արարատ Ղարիբյանը, Գեւորգ Ջահուկյանը, Հովհաննես Մուրադյանը եւ այլք: Նա հույս հայտնեց, որ գիտաժողովն ունկնդրող ուսանողներից կլինեն այնպիսիները, ովքեր կլինեն նրանց գործի շարունակողները եւ գիտական ուսումնասիրություններ կանեն` նվիրված Տավուշի մարզի խոսվածքներին:

«Առավոտի» թղթակցի հետ զրույցում գիտաժողովի նախաձեռնող քարտուղար, ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղի դասախոս, Լեզվի ինստիտուտի կրտսեր գիտաշխատող, բանասիրական գիտությունների թեկնածու Գարիկ Մկրտչյանը ընդգծեց, որ գիտաժողովը կարեւոր է մարզում լինելու առումով, քանի որ գիտաժողովների հաճախակի կազմակերպումը տարբեր մարզերում կխանդավառի գիտության նկատմամբ հակում ու սեր ունեցող խոստումնալից ուսանողներին: «Առավոտի» մյուս հարցին, թե ի՞նչ մարտահրավերներ կան հայ բարբառագիտության ոլորտում, Գարիկ Մկրտչյանը պատասխանեց. «Ողջ աշխարհում ինտենսիվորեն զարգանում է կառուցվածքային եւ տարածքային լեզվաբանությունը: Այս տրամաբանության շրջանակներում տարածք առ տարածք պետք է համակարգորեն ուսումնասիրվեն մեր երկրի քաղաքների ու գյուղերի լեզվական համակարգերը` հնչյունական, քերականական եւ բառային` ի պահ գալիք սերունդների, քանի որ դրանց չշտեմարանավորելու դեպքում տարիներ ու տասնամյակներ անց դրանք կդառնան կորուսյալ, ինչպես բազմաթիվ բարբառների դեպքում արդեն ունենք այդ կորուստը: Սրանից բխում է այն, որ հայ բարբառների քանակի որոշման նոր վիճակագրություն պետք է կատարվի, քանի որ անցած դարի մի շարք հեղաբեկումների պատճառով այլեւս մեռած են համարվում մի շարք բարբառներ:

Այս ասպարեզը հայերենագիտության ամենահետաքրքիր, ամենագրավիչ, ինչպես նաեւ ամենածախսատար ոլորտն է, որտեղ անելիքներն ու խնդիրները շատ ու շատ են: Եվ քանի որ մեր գիտաժողովն ուղղակիորեն կապված է հայ բարբառների հավաքման եւ ուսումնասիրման նվիրյալ Հրաչյա Աճառյանի անվան հետ, ավելորդ չեմ համարի մեջբերել ակադեմիկոս Գեւորգ Ջահուկյանի հիշատակումը, թե քանի ապրում է մարդկությունը, կապրի լեզուն ուսումնասիրող գիտությունը, քանի ապրում է լեզվաբանությունը, կապրի հայերենագիտությունը, քանի ապրում է հայերենագիտությունը, կապրի Աճառյանը»:

ԱՆՆԱ ՂԱԶԻՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930