Լրահոս
Օրվա լրահոսը

Հովիկ Աբրահամյանի գործելաոճը տարբեր է, բայց դեռ հուսադրող չէ

Ապրիլ 29,2014 14:55

ՕԵԿ-ի՝ ընդդիմություն հայտարարվելը ԲՀԿ-ին անհարմարություն չի պատճառում

ԲՀԿ խորհրդարանական խմբակցությունը դեռ որոշում չունի ԱԺ նախագահի ընտրությանը մասնակցել-չմասնակցելու մասին: Այս առիթով Aravot.am-ի հետ զրույցում խմբակցության պատգամավոր, կուսակցության մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանն ասաց. «Այսօր խմբակցության նիստի ժամանակ քննարկվեցին շատ կարեւոր հարցեր, տնտեսական ոլորտի նախագծեր: Դուք գիտեք, որ մենք միշտ շեշտադրում ենք անում երկրում աշխատանքի բացակայության, սովի, արտագաղթի, դեղի ու հացի կարիք ունեցող մարդկանց անելանելիության վրա ու չենք տեսնում որեւէ այլ առաջնահերթություն, քանի դեռ կան այդ խնդիրները: Օր առաջ դրանց լուծմանն ուղղված քայլեր է պետք անել»: ԲՀԿ խմբակցության նիստում այսօր հիմնականում քննարկվել են ԱԺ-ի դատին ներկայացվելիք մի քանի նոր տնտեսական նախագծեր, արդեն ներկայացվածների ճակատագրին է նաեւ անդրադարձ եղել: «Վերջում ոչ առաջնային հարցերի շարքում քննարկվեց նաեւ քաղաքական մեծամասնության կողմից առաջադրված թեկնածուի ընտրության հարցը: Ես ենթադրում եմ, որ մենք վաղն ինչ-որ որոշում կունենանք»,- ասաց Տիգրան Ուրիխանյանը:

Քառյակի գործընկերները` ՀԱԿ եւ ՀՅԴ խմբակցությունների ղեկավարները, երեկ խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասացին, որ իրենց ղեկավարած խմբակցությունները ԱԺ նախագահի ընտրություններին չեն մասնակցելու: ՀՅԴ-ի պարագայում նաեւ պարզաբանվեց, որ դա Գալուստ Սահակյանի անձի դեմ ուղղված քայլ չէ: «Անձին որեւէ վերաբերմունքի մասին պետք է անձինք խոսեն` յուրաքանչյուրն իր վերաբերմունքով: ԲՀԿ-ն, որպես քաղաքական միավոր, միշտ անտարբեր է եղել ցանկացած պետական պաշտոնում այս կամ այն ֆիզիկական անձի վերաբերյալ որեւէ դրսեւորումներից, որովհետեւ մեզ համար միշտ երկրորդական է եղել, թե ի՞նչ ֆիզիկական անձ է զբաղեցնում այս կամ այն պաշտոնը: Մեզ համար կարեւոր է, թե ի՞նչ գործառութային պարտականություն իրականացնելու ունակություն ունի նա, ի՞նչ է անում նա իր պաշտոնի լիազորությունների, պարտավորությունների եւ իրավունքների շրջանակներում, ի՞նչ է իրականացնում պետական կառավարման մեջ: Դա վերաբերում է բոլոր նախկին, ներկա եւ ապագա պաշտոնյաներին»,- ասաց Տիգրան Ուրիխանյանը: Մեր հարցին` Գալուստ Սահակյանի նկատմամբ իր անձնական վերաբերմունքի վերաբերյալ, մի պահ մտորելուց հետո ԲՀԿ-ական պատգամավորն ասաց. «Բացարձակապես ոչ մի կերպ չարտահայտվող եւ անէմոցիոնալ է վերաբերմունքս»: Իսկ հնարավոր անելիքների վերաբերյալ հռետորական արձագանք տվեց` ավելի մանրամասն կխոսի խմբակցության որոշումից հետո:

Իսկ ի՞նչ են հուշում կառավարությունում արդեն եղած հիմնական նշանակում-վերանշանակումները, դրանց տրամաբանությունը հույսեր ներշնչո՞ւմ է, որ խնդիրները, որոնց մասին նաեւ ԲՀԿ-ն է քանիցս ահազանգել, լուծման փուլ կմտնեն՝ մեր հարցին Տիգրան Ուրիխանյանը պատասխանեց, որ հարցը տանում է կանխատեսումների դաշտ, իսկ ինքն այդ դաշտ չէր ցանկանա մտնել: Ամեն դեպքում հավելեց. «Կան մարդիկ՝ անկախ այս կառավարությունից, ովքեր երբեւէ աշխատել են արդյունավետ կամ անարդյունավետ: Նույն մարդիկ այլ իրավիճակում` համակարգում, որը ստիպում է աշխատել արդյունավետ, կարող են աշխատել արդյունավետ կամ հակառակը: Պետական կառավարման մեջ տվյալ պահի դրությամբ գոհացնո՞ւմ ես հանրային պատվերի շրջանակում եղած քո անելիքների նկատմամբ սպասելիքները, գոհացնո՞ւմ ես հանրությանը, արդյունավետ կառավարում իրականացնո՞ւմ ես` քո տեղում ես: Ոչ` ուրեմն, ցտեսություն: Մոտավորապեսականություն ես այդտեղ չեմ տեսնում, չեմ ընդունում եւ չեմ ներում: Ցանկացած պահին պետական պաշտոնյան, երբ ստանձնում է պաշտոնը, պետք է լինի ազնիվ, պիտի աշխատի արդյունավետ եւ օգտակար լինի հանրությանն ու պետությանը: Այնպես որ` կխոսենք փաստացի իրավիճակի դեպքում, երբ կառավարության ծրագիրը կներկայացվի: Ես ուզում եմ հույս հայտնել, որ այն կտարբերվի նախորդ` երկրի ու ժողովրդի հետ կապ չունեցող կառավարության ծրագրից»:

Հետաքրքրվեցինք` վարչապետ Հովիկ Աբրահամյանի քայլերը` կապված պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգից «պարտադիր» բաղադրիչը հանելու, քառյակի նիստերին ներկայանալու եւ համատեղ աշխատանքի հետ, հուսադրո՞ղ են: ԲՀԿ մամուլի խոսնակն ասաց, որ իր գնահատմամբ՝ գործող վարչապետի գործելաոճը գոնե կտրուկ տարբերվում է նախորդ վարչապետի` «միավանկ, անբովանդակ, վիրավորական» ձեւակերպումներից, ոճից, առհասարակ այն առոգանությունից ու ոճից, որով Տիգրան Սարգսյանը շփվում էր հանրության, պատգամավորների հետ: Թե ի՞նչ կլինի հետագայում` կապրենք, կտեսնենք:

Երեկ ՕԵԿ-ն իրեն ընդդիմություն հայտարարեց. այդ իրականությունն ինչպե՞ս է ընկալում ԲՀԿ-ական պատգամավորը` երկար մտածելուց, արտահայտություններ ընտրելուց հետո մեր հարցին Տիգրան Ուրիխանյանն ասաց, որ ուզում է տեսնել փաստացի գործողություններ ու գործունեություն, իսկ էմոցիոնալ պոռթկումներ ինքը չի ունենում: Հարցին` իրեն անհարմարություն չի՞ պատճառում այն, որ ՀՀԿ-ի կոալիցիոն գործընկերը, որը նաեւ բազմաթիվ թուքումուր կրեց իր վրա այդ առիթով, այժմ ընդդիմադիր դաշտում է, իսկ ԲՀԿ-ն շարունակում է մնալ այլընտրանքային դաշտում, ԲՀԿ-ական պատգամավորն ասաց, որ փաստացի գործունեության, չթաքնված, անկեղծ եւ ազնիվ գործողությունների արդյունքում է, որ ունենում ենք որեւէ իրավիճակ: «Անհարմարություն է մեզ պատճառում այն հանգամանքը, որ երկիրը հետընթաց է ապրում` ետ մնալով բազմաթիվ այլ պետությունների համեմատությամբ: Մինչդեռ 2014 թվականին մենք պիտի լուծած լինեինք մեր սակավաթիվ բնակչության սոցիալական, տնտեսական, կենցաղային, իրավական եւ բարոյական բոլոր խնդիրները: Ոչ միայն չենք լուծել, այլեւ վիճակը վատթարացել է: Իսկ թե որ քաղաքական ուժն ի՞նչ է անում իրավիճակի փոփոխության համար՝ դրա արդյունքում էլ ձեւավորվում է վերաբերմունքը տվյալ քաղաքական ուժի նկատմամբ»,- ասաց Տիգրան Ուրիխանյանը:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930