Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Օլիգարխներն այլեւս խնդիր չունեն, նրանք էլ ավելի ամրապնդվեցին

Ապրիլ 29,2014 14:30

ՌԱՀՀԿ փորձագետ Էդգար Վարդանյանի համոզմամբ՝ կոնֆլիկտ կար,
առնվազն ներկա պահին այն գոնե մասնակի լուծում է ստացել

– Ինչպե՞ս եք վերաբերվում նոր կառավարություն կազմելու ոճին` Սերժ Սարգսյանի հրամանագրերով իրենց պաշտոններում հիմնականում նույն դեմքերն են վերանշանակվում: Իշխանական վերնախավում կադրերի պակա՞ս կա, թե՞ սա մարտավարություն է, ինչի՞ մասին է վկայում այս գործելաոճը:

– Այս նշանակումները բխում են Հայաստանում հաստատված քաղաքական ռեժիմի բնույթից: Քաղաքական ռեժիմը դեմոկրատական չէ, այն ունի օլիգարխիկ, ավտորիտար բնույթ: Որոշակի մարդկանց խմբեր, կլաններ կան, որոնք տիրապետում են մեծ ռեսուրսների, իշխանությունը, ըստ էության, ձեւավորվում է հենց այդ մարդկանց միջոցով՝ այդ մարդկանց միջեւ փոխպայմանավորվածությունների, «ռազբորկաների» արդյունքում: Պատահական մարդիկ, որոնք այդ կլանների մեջ չեն, չեն տիրապետում այդ ռեսուրսներին, նրանք, որպես կանոն, չեն հայտնվում կառավարությունում: Վերջին նշանակումների արդյունքում, այսպես ասած` «հին գվարդիայի» դիրքերն են ամրապնդվում, ինչը վկայում է այն մասին, որ իշխանությունները փորձում են կայունություն հաստատել վերնախավում: Բանն այն է, որ վերջին շրջանում վերնախավում կային որոշակի դժգոհություններ կոնկրետ անձերի նկատմամբ, քաղաքական վերնախավի մի սեգմենտ կոնկրետ ասում էր, որ նախագահի պաշտոնը զբաղեցնող անձը եւ իր նեղ շրջապատը փորձում են բոլոր ռեսուրսները կենտրոնացնել իրենց ձեռքում: Որոշակի կոնֆլիկտային իրավիճակ էր ստեղծվել, կար լարում, եւ կարծում եմ՝ վերջին նշանակումները փորձ են` հանելու այդ լարումը, իջեցնելու կոնֆլիկտայնության մակարդակը քաղաքական վերնախավի ներսում: Փաստացի այնպիսի անձեր են հիմնականում բարձր պաշտոններ գրավել նոր կառավարությունում, որոնց հասարակությունը դիտարկում է որպես օլիգարխներ, մեծ սեփականության տեր անձինք: Դրանով մեսիջ է ուղարկվում նաեւ հասարակությանը: Բայց, ամեն դեպքում, ոչ թե հասարակությանը մեսիջ ուղարկելն էր հիմնական նպատակը, այլ քաղաքական վերնախավի ներսում հարցեր լուծելը: Սա վկայում է այն մասին, որ կոնֆլիկտ կար, առնվազն ներկա պահին այն գոնե մասնակի լուծում է ստացել: Հիմա Սերժ Սարգսյանը փորձ է անում ցույց տալ, թե այն թեզը, որ ինքը կենտրոնացնում է իշխանական ողջ ռեսուրսներն իր ձեռքում` ակտուալ չէ, որովհետեւ օլիգարխներն այլեւս խնդիր չունեն, նրանք էլ ավելի ամրապնդվեցին: Օլիգարխներ ասելով՝ նկատի ունենք այն մարդկանց, ովքեր Սերժ Սարգսյանի նեղ շրջապատի մեջ չեն մտնում:

– Սերժ Սարգսյանը ՀՀԿ խորհրդի նիստում վարչապետի պաշտոնում ներկայացնելով Հովիկ Աբրահամյանին՝ նշեց, թե նոր կառավարությունը պետք է այնպես աշխատի, որ վերականգնի ժողովրդի վստահությունն իր նկատմամբ: Ի՞նչ պետք է անի նոր կառավարությունը, որ կարողանա վերականգնել երկրի տնտեսությունը, քաղաքացիների վստահությունը: Հովիկ Աբրահամյանը կարո՞ղ է դառնալ բարեփոխիչ վարչապետ:

– Ներկայիս քաղաքական ռեժիմի պարագայում չեմ կարծում, թե նման բան հնարավոր է: Որպեսզի իրական փոփոխություններ մտցնես Հայաստանի քաղաքական, սոցիալ-տնտեսական կյանքում, անհրաժեշտ է փոխել ռեժիմը, որպեսզի քաղաքական հարաբերությունների բնույթը փոխվի: Եթե ներկայիս` դե ֆակտո հաստատված ռեժիմը պահպանվում է, զարգացում հնարավոր չի, որովհետեւ այդ ռեժիմը սպասարկում է հասարակության մի փոքր խմբի շահերը, եւ այդ պարագայում ով էլ լինի վարչապետ կամ նախագահ` էական, դրական փոփոխություններ քաղաքական կյանքում չեն կարող տեղի ունենալ: Հովիկ Աբրահամյանի հետ կապված հայտարարությունները, կարծում եմ, թաքնված բովանդակությամբ մեսիջ ունեին, որի իմաստը հետեւյալն էր` նոր կառավարությունը, նոր վարչապետը իրականում պետք է քաղաքական վերնախավի ներսում առկա հակասությունները, խնդիրները լուծի, որպեսզի չբողոքեն նոր վարչապետի գործունեությունից, ոչ թե հասարակության դրական ընկալման խնդիրն էր լուծվում: Տիգրան Սարգսյանի վարչապետության ժամանակ, օրինակ, ԲՀԿ-ն կամ այլ անհատ օլիգարխներ, որոնք պարբերաբար դժգոհություններ էին հայտնում, հիմա, սակայն, փաստացի նոր վարչապետի պաշտոնավարման ժամանակ խնդիր է դրվել նրանց հետ «լեզու գտնել», նրանց դիրքերն ուժեղացնել եւ դրանով իսկ հանել այդ կոնֆլիկտայնությունը:
Կարծում եմ՝ վարչապետի փոփոխությունը նաեւ ձեռնտու էր պաշտոնական Մոսկվային: Վերջին շրջանում Հայաստանն էլ ավելի մեծ կախվածության մեջ է ընկնում Ռուսաստանից: ՌԴ-ն իր աշխարհաքաղաքական պրոյեկտները պատրաստվում է առաջ տանել, իսկ ՀՀ իշխանությունները հայտարարել են, որ ցանկանում են ամբողջապես մասնակից դառնալ Եվրասիական միության պրոյեկտին: Այս պարագայում պարզ է, որ ՌԴ-ին անհրաժեշտ է, որպեսզի հայաստանյան ներքաղաքական վերնախավը չլինի կոնֆլիկտային, որպեսզի լինի հնարավորինս միատարր, որպեսզի քաղաքական իրավիճակը կայուն լինի: Եվ քանի որ այդ փոփոխությունը միտված է այդ կայունությունն ապահովելուն` չի բացառվում, որ վարչապետի փոփոխության ազդակը եկել է Մոսկվայից:

– Ռոբերտ Քոչարյանը տարեվերջյան իր հարցազրույցներում հիմնականում քննադատում էր վարչապետին եւ նրա կառավարությանը: Ի՞նչ տպավորություն ստացաք Քոչարյանի վերջին հարցազրույցից, «երկու ղարաբաղցիների» միջեւ պայքար չի կարող լինել երբեմնի պնդումը այլեւս ուժի մեջ չէ՞, ինչի՞ է ձգտում Քոչարյանը:

– Կարծում եմ՝ քննադատության վեկտորի փոփոխությունը դեպի Սերժ Սարգսյան պայմանավորված էր նրանով, որ Սերժ Սարգսյանը Ռոբերտ Քոչարյանին ուղարկեց համապատասխան մեսիջ, որ` ես համար առաջին պաշտոնին չեմ ձգտելու, դու էլ մի ձգտիր: Այսինքն՝ մրցակցությունը համար մեկ պաշտոնի համար հանվում էր: Բայց միգուցե Ռոբերտ Քոչարյանը պատրաստ չէ դրան, գուցե նա ունի հավակնություններ, այդ իսկ պատճառով չի ցանկանում դուրս գալ այդ մրցակցությունից:

Սրանք ընդամենը ենթադրություններ են, որոնք թվում են՝ տրամաբանական եւ ներկայիս մթնոլորտին համապատասխան: Ամեն դեպքում պետք չէ բացառել նաեւ, որ այս ամենը որոշակի իմիտացիա է: Իրականում հնարավոր է, որ լուրջ խնդիրներ չկան քաղաքական վերնախավի տարբեր սեգմենտների միջեւ, եւ նրանք պարզապես ցանկանում են ստեղծել հակամարտության կեղծ պատկեր հետեւյալ նպատակով՝ որպեսզի պրոտեստային հանրությունը մտածի, թե գոյություն ունի կոնֆլիկտ, իբրեւ թե օգտվի այդ կոնֆլիկտից եւ օգտվելով այդ կոնֆլիկտից, ներքաշվելով քաղաքական վերնախավի այդ կեղծ խաղերի մեջ` կորցնի իր ուժը: Այսինքն` հանրությունն իր ուժը ճիշտ ուղղությամբ չկիրառի: Միգուցե նաեւ այսպիսի նպատակ կա: Նշածս երկու տարբերակն էլ հավանական եմ համարում:

– Խորհրդարանական ոչ իշխանական քառյակի գործունեությունն այս փուլում ինչպե՞ս եք պատկերացնում, նրանք ի՞նչ նպատակներ կարող են ներկայացնել եւ լուծել. վարչապետը, որի հրաժարականը պատրաստվում էին պահանջել` հրաժարական տվեց, նոր վարչապետն էլ օրեր առաջ մասնակցեց նրանց հանդիպմանը` կոնստրուկտիվ համագործակցության քայլեր է անում… Ստացվում է՝ քաղաքական վակուումում «ռեժիմի ամրապնդմանը» քառյակն է՞լ է որոշակիորեն մասնակցություն ունենում:

– Քառյակը հիմա պետք է կողմնորոշվի, նախ պետք է հասկանան` սա խա՞ղ է, թե՞ իրականում կա այդ կոնֆլիկտը: Վարչապետի փոփոխությունը հանգեցրեց նրան, որ այն հիմնական, լուրջ խնդիրը, որի շուրջ կար կոնսենսուս «քառյակի» ներսում` պահանջել վարչապետի հրաժարական եւ կառավարության փոփոխություն, այդ խնդիրը արդեն չկա, դեակտուալիզացվել է: Հիմա քառյակը պետք է այլ խնդիր գտնի, որպեսզի համագործակցեն: Քառյակի մի մասը գտնում է, որ դա կարող է լինել Սերժ Սարգսյանի հրաժարականին հասնելու խնդիրը, իսկ քառյակի մյուս հատվածը ավելի հակված է կոնստրուկտիվ գործունեություն ծավալել եւ հազիվ թե Ս. Սարգսյանի հրաժարականի խնդիր դնի, մանավանդ, որ մի մասի մոտ առնվազն խիստ հակակրանք նոր վարչապետը չի առաջացնում, եւ նրանք որոշակիորեն բավարարված են այդ փոփոխությամբ: Մյուս կողմից՝ Դաշնակցությունը կողմ է սահմանադրական փոփոխություններին, որը նախաձեռնել է նախագահը, եւ թեկուզ այս պատճառով տրամաբանական չի լինի, եթե նրա հրաժարականը պահանջեն: ԲՀԿ-ն երբեք հրապարակային չի խոսել ընդդեմ Սերժ Սարգսյանի, բացի այդ՝ մենք նաեւ պետք է հաշվի առնենք հետեւյալ հանգամանքը, որ եթե Սերժ Սարգսյանը որոշակի կոմպրոմիսների է գնացել, ապա այս պարագայում տրամաբանություն չկա գնալ այդպիսի ռիսկի եւ պահանջել Սերժ Սարգսյանի հրաժարականը:

Այսինքն` Սերժ Սարգսյանի հրաժարականի հարցը հազիվ թե միավորի քառյակին եւ դառնա միասնական օրակարգի հարց: Այս պարագայում ի՞նչ է մնում անել քառյակին. առանձին օրենքների, նախաձեռնությունների շուրջ համագործակցություն: Որքանով դա կարող է լուրջ փոփոխությունների հանգեցնել` թող հանրությունը գնահատի: Այս դեպքում, եթե նրանք համագործակցեն տարբեր օրենսդրական նախաձեռնությունների շուրջ, այն ակնկալիքները, որոնք ի սկզբանե կային քառյակից, իհարկե՝ արդեն ակտուալ չեն լինելու, որովհետեւ դրանով լուրջ փոփոխությունների հնարավոր չի հասնել, մանավանդ այն դեպքում, երբ խորհրդարանական մեծամասնությունը ունի այնքան ձայներ, որ քառյակի կողմից ներկայացված յուրաքանչյուր նախաձեռնություն կարող է տապալել: Շատ հնարավոր է, որ որոշ նախաձեռնություններ, որոնք էապես չեն հարվածում կամ առհասարակ չեն հարվածում իշխանության շահերին, նրանք կարող է ընդունեն, որպեսզի ցույց տան, թե համագործակցում են, բաց են ընդդիմության առաջարկների առջեւ` դրանով իսկ փորձելով զսպել նոր բողոքի օջախների առաջացումը:

Կարծում եմ՝ հիմնական խնդիրը, որը չի լուծել իշխանությունը, այն է, որ կան անկախ քաղաքացիական ֆիգուրներ, որոնք անկախ ամեն ինչից՝ չեն պատրաստվում մեղմացնել իրենց ճնշումը իշխանությունների նկատմամբ: Հիմա պրոցես է հասունանում, ճնշման նոր ալիք կարող է բարձրանալ, եւ մոտ ապագայում մենք կարող ենք ականատես դառնալ, թե այդ նոր ալիքը ինչ լուրջ խնդիրներ կստեղծի իշխանության համար: Այս խնդիրը իշխանությունները փոխատեղումներով, իմիտացիոն գործընթացներով, էլիտայի սեգմենտների նկատմամբ փոխզիջումների գնալով չեն լուծի: Այսինքն՝ եթե հասարակությունը կազմակերպվի ռեժիմը փոխելու խնդրի շուրջ, հայտարարի, որ որեւէ սոցիալ-տնտեսական ծրագիր իրեն չի համոզում, որովհետեւ ռեժիմը հակադեմոկրատական է, այս դեպքում արդեն նոր քաղաքական իրավիճակ կարող է ստեղծվել Հայաստանում:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930