Հայաստանն այսօր չի մասնակցի Մինսկում կայանալիք Մաքսային միության գագաթնաժողովին: Այդ մասին հայտնի է դարձել երեկ: Մինչև այդ ոչ միայն տեղեկություններ էին հրապարակվում Հայաստանի մասնակցության մասին, այլ նաև հայտարարություններ էին եղել, որ Հայաստանը կստորագրի Մաքսային միությանն անդամակցելու պայմանագիրը: Սակայն հետո էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը հայտարարեց, որ ինքն է այդ թյուրիմացության պատճառը և հերքեց, որ նման բան կստորագրվի` ասելով, որ Հայաստանը ՄՄ-ին գուցե և չմիանա, այլ միանգամից մայիս-հունիսին միանա Եվրասիական միությանը:
Սակայն, այնուամենայնիվ, Ռուսաստանի փոխվարչապետ Շուվալովը հայտարարել էր, որ ապրիլի 29-ին Մինսկում կքննվի Հայաստանի «ճանապարհային քարտեզի» ընթացքը, և միգուցե կլինեն պայմանավորվածություններ հետագա անելիքի կապակցությամբ: Եվ ահա պարզվում է, որ Սերժ Սարգսյանը Մինսկ չի մեկնի: Ըստ որում` հետաքրքրական է, որ մի քանի օր առաջ Մինսկ էին հրավիրել Էդվարդ Նալբանդյանին, որը ապրիլի 21-ին Մինսկ գնալուց առաջ ապրիլի 19-ին Մոսկվայում հանդիպում ունեցավ Լավրովի հետ:
Ամենայն հավանականությամբ այդ հանդիպումների արդյունքում էլ դուրս է եկել Հայաստանի մասնակցության հարցը օրակարգից: Չպետք է բացառել նաև, որ Հայաստանին դուրս են թողել, այսպես ասած, որպես պատիժ` այն բանի համար, որ Սերժ Սարգսյանը ապրիլի 24-25-ին Պրահայում մասնակցեց Եվրամիության Արևելյան գործընկերության հոբելյանական գագաթնաժողովին և հայտարարեց եվրոպական արժեքներին հավատարիմ քաղաքականության և բարեփոխումների մասին:
«Եթե Հայաստանին միացնում, կցում կամ դուրս են թողնում անկախ մեր կամքից, եթե մենք այդ ամենի վրա որևէ ազդեցություն չունենք, ապա ինչ տարբերություն, թե տվյալ պահին որ ռեժիմն են միացնում Հայաստանի համար»:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում