Վաղը ԱԺ նախագահի ընտրություններ են լինելու: Բացի ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի առաջադրումից, ինքնառաջադրվեց նաեւ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը: Թե ինչ էր նշանակում պարոն Բագրատյանի այդ քայլը՝ իմանալով, որ ընդդիմադիր ուժերը որոշել են բոյկոտել ԱԺ նախագահի ընտրությունը՝ Aravot.am-ի հետ զրույցում ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանն այսպես մեկնաբանեց. «Հրանտ Բագրատյանը, ճիշտ է, ՀԱԿ խմբակցության անդամ է, բայց նաեւ առանձին կուսակցության լիդեր է եւ իրավունք ունի ինքնուրույն առաջադրվել: Նա եղել է ՀՀ վարչապետ, իր քաղաքական կարիերայի համար շատ ցանկալի է, որ լինի նաեւ ԱԺ նախագահ: Շատ բնական է Բագրատյանի նպատակը: Իսկ ՀԱԿ-ը, որ չի աջակցելու Բագրատյանին՝ ես դա չգիտեմ: Իրենց գործընկերոջը չաջակցե՞ն: Գուցե փոխեն իրենց կարծիքը եւ աջակցեն…»:
Ազատ Արշակյանի համար անհասկանալի է, թե ինչպե՞ս կարող է ՀԱԿ-ը, իմանալով, որ Հրանտ Բագրատյանը դրել է իր թեկնածությունը՝ չսատարի նրան. «Իրենք եթե գործընկերներ են, պետք է համագործակցեն: Անհասկանալի է այն իրավիճակը, երբ գործընկերներն իրարից անկախ գործունեություն են ծավալում, իրար չեն աջակցում: Եթե դրա մեջ ինչ-որ խաղ չկա, ուրեմն անհասկանալի է»:
Ավելի ուշ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը եւս մեկ անգամ հաստատեց, որ ՀԱԿ-ը չի մասնակցի ԱԺ նախագահի ընտրությանը եւ Հրանտ Բագրատյանի`ինքնաառաջադրման փաստը կապ չունի խմբակցության որոշման հետ:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ