Թուրքիայի վարչապետի կատարած հայտարարությունը ակնկալելիորեն միջազգային արձագանքներ պիտի առաջացներ: Այնտեղ որոշ նորությունների ընդունումը չմերժելով հանդերձ, հայկական կողմը գրեթե միանշանակ այն նկատեց ժխտողական պաշտոնական քաղաքականության նորովի դրսևորում, ապրիլյան օրերին իբրև ժամանակահատված ընտրված լինելը, բառախաղերով մարտավարական քայլ նկատվելը և ոչ շատ ուշ, որոշ հստակեցումներ կատարելով արձանագրված ետ քայլը:
Էրդողանի հայտարարությունը լրիվ տեղավորելով Անկարայի պետական քաղաքականության ծիրում և այդ պատճառով տարբաղադրական վերլուծումները մի պահ շրջանցելով, կենտրոնանանք այն բաժնի վրա, որն ի վերջո բարձրագույն մակարդակով թուրք պետության ներկայացուցիչը հայտարարում էր, որ Ապրիլի 24-ը Թուրքիայի հայ քաղաքացիներին և աշխարհի տարածքում ապրող հայերի համար կարևոր նշանակություն ունի: Մնացյալը՝ ցավակցությունը, հոգիների խաղաղությունը, հասարակաց զոհերը և ցավերը, շարունակում են տեղադրվել ժխտողականության մարտավարական խաղերի մեջ: Ապրիլի 24-ի բաժինը ևս որոշակիորեն համահունչ կարող է նկատվել այդ բոլորին: Պետք չէ մոռանալ միաժամանակ, որ նախ Թուրքիայի հայ քաղաքացիների համար կարևոր նշանակություն ներկայացնող մի թվական լինելու իր հաստատումով Էրդողանը կանաչ լույս էր վառում Պոլսի, Անկարայի և տարբեր շրջանների մեջ ծայր առած և հետզհետե զարգացող ապրիլյան յուրահատուկ ոգեկոչական ձեռնարկներին:
Բայց կարևոր է Թուրքիայի հայ քաղաքացիներին և ընդհանրապես բոլոր հայերին Էրդողանի ակնարկը, որովհետև ծխածածկույթի և մշուշապատման ընդհանուր փորձի մեջ հատուկ տեղ ունի ուղերձի հասցեատերը:
Մշուշապատման այս պետական փորձը մատնել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարը: Թուրքական «Թէ.Ռէ.Թէ. Հապեր» պատկերասփյուռի կայանի փոխանցումով, Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ Թուրքիայի ցավակցությունները հասցեագրված են ոչ թե Հայաստանի Հանրապետությանը, այլ` հայերին: Դավութօղլուն վարչապետ Ռեջեպ Թայիպ Էրդողանի ցավակցական այդ ուղերձը որակել է իբրև Թուրքիայի կողմից հայերին հասցեագրված «պատմական քայլ»: Դավութօղլուն հույս է հայտնել, որ «պատմական այդ քայլը» նպաստում է հայ-թուրքական հարաբերությունների զարգացմանը:
Կարդացեք նաև
Այստեղ ևս հայ-թուրքական հարաբերությունները պետք է հասկանալ ընդհանրապես երկու ժողովուրդների միջև ընթացող հարաբերությունները և ոչ թե Անկարա-Երևան միջպետական մակարդակի վրա ընթացած կամ չընթացող հարաբերությունները:
Ավելի մոտենանք ուղերձի բուն հասցեատիրոջը: Ուղերձը, հավանաբար, ունի առաջնային և երկրորդական հասցեատերեր: Ամբողջ բովանդակությունը, բնականաբար ո՛չ հայությանը ցավակից դառնալն է, ո՛չ Թուրքիայի մեջ զուտ հայկական շրջանակների ապրիլյան ձեռնարկներ կազմակերպելու թույլտվություն տալն է, ո՛չ էլ ընդհանուր զոհերի հոգիների խաղաղություն ցանկանալն է: Այս բոլորի նպատակը բացառապես Անկարայի արտաքին քաղաքականության կարևոր դրույթներին համահունչ կարևոր առավելներ ձեռք ձգելն է դեպի միջազգային ընտանիքին: Եվ ահա այն առաջնային հասցեատերը, որին ուղղված է Էրդողանի պատգամը:
Անկարան միայն երկիր շրջափակող պետություն չէ, այլև ապրիլյան ձեռնարկներ իր քաղաքների մեջ արտոնողը: Անկարան միայն միջազգային ահաբեկչության սատարող պետություն չէ, այլև Համաշխարհային Ա. պատերազմի ընթացքում ընկած զոհերին ցավակցողը: Անկարան միայն Քեսաբի տեղահանության պատճառ հանդիսացող պետություն չէ, այլև ցեղասպանությունից վերապրողների ցավը կիսողը, քաղաքացիություն շնորհողը: Եվ նման շատ ու շատ օրինակներ, հասնելու համար նույնիսկ պատմության մեջ արձանագրված «անմարդկային տեղահանություններ»-ի տեսությունը ընդունողին:
Միջազգային ընտանիքը ուրեմն նման փորձերով է դրվում Անկարայի կողմից ձեռնարկված «մեծ զիջումների» իրականության առջև:
Հայկական կողմը, թե՛ Հայաստանի Հանրապետությամբ, թե՛ համայն սփյուռքի տարածքով միանշանակ ընկալել է ուղերձը: Այդ գիտակցությունը ի սկզբանե ուներ նաև Անկարան և իր վարչապետը, երբ նախաձեռնում էր նման մի բառախաղ: Թիրախավորված հասցեատերը այս պարագայում առավելաբար միջազգային ընտանիքն է ու միջազգային հանրային կարծիքը, որի ուղղությամբ մենք ևս պետք է աշխատենք` փարատելու համար Անկարայի առաջացրած մշուշը: