Լեհաստանի Չեխանով քաղաքում մեկնարկած ծանրամարտի Եվրոպայի պատանիների առաջնությունում Հայաստանի տղաների հավաքականը մեկնարկեց հաղթանակով:
Այսօր մեր երկրից առաջինը մրցահարթակ մտան 50 կգ քաշայիններ Մարզպետ Մինասյանն ու Համլետ Մնացականյանը: Մարզպետը պատրաստվածության աստիճանով մրցակցությունից դուրս էր, ինչն էլ ապացուցեց իր բոլոր մոտեցումներով: Պոկումում բարձրացնելով 85 եւ 90 կիլոգրամները նա այլեւս անհասանելի դարձավ ու երրորդ մոտեցման համար պատվիրեց այդ տարիքային խմբի Եվրոպայի ռեկորդային քաշ՝ 94 կգ: Ցավոք, այդ ծանրությունը նրան այսօր չենթարկվեց: Հրում վարժությունում մեր տղայի առավելությունն ավելի քան ակնհայտ էր: Սկսելով 100 կգ-ից՝ Մարզպետը այնուհետեւ բարձրացրեց 103 եւ 107 կգ ծանրաձողերը եւ երկամարտի 197 կիլոգրամով վստահորեն բարձրացավ Եվրոպայի պատանիների չեմպիոնի հարթակին:
Ափսոս, պոկում վարժությունում անհաջողության մատնվեց մեր երկրորդ մասնակիցը՝ Համլետ Մնացականյանը, որին պոկում վարժությունում երեք անգամ չենթարկվեց 75 կիլոգրամ ծանրությունը: Բայց Համլետը ուժ գտավ մասնակցելու երկրորդ վարժությանը՝ ըստ ամենայնի, այստեղ փոքր մեդալ նվաճելու նպատակով: Նա 95 եւ 100 կիլոգրամները բարձրացնելով՝ գնաց 104 կգ-ի, որը նրան փոքր արծաթ կբերեր, սակայն ծանրաձողը կամքին չենթարկվեց ու Համլետը բավարարվեց 5-րդ տեղով:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ youtube.com-ի