«Վերջին մի քանի տարիներին պետական պարտքը կտրուկ ավելանում է, ինչը պայմանավորված է նաեւ դրամի արժեզրկմամբ»,-այսօր «Անի Պլազա»հյուրանոցում «Պետական պարտքի կառավարումը Հայաստանում: Քաղաքական որոշումները եւ դրանց հետեւանքները» թեմայով քննարկման ժամանակ ասաց անկախ հետազոտող, Թուլեյնի համալսարանի բիզնես-կառավարման մասնագետ Արտակ Քյուրումյանը:
2013թ. հոկտեմբերից մինչեւ 2014թ. մարտ ամիսն ընկած ժամանակահատվածում Արտակ Քյուրումյանն ուսումնասիրել է ՀՀ պետական պարտքի կառավարման, պետական պարտքի ներգրավման, պետական պարտքի մեծության հետ կապված մի շարք հարցեր եւ կուտակված տվյալներն ու տեղեկատվությունը դիտարկել է ՀՀ-ում զարգացումների, միջազգային փորձի եւ կատարված հետազոտություններում արձանագրված եզրակացությունների համատեքստում:
Մի շարք երկրներում, Հայաստանում, նույնպես, պետական պարտքը չպետք է գերազանցի ՀՆԱ-ի 60 տոկոսը, սակայն, պարոն Քյուրումյանի խոսքերով, եթե գերազանցի չի նշվում, թե ինչ է արվում: Բիզնես կառավարման մասնագետի ներկայացմամբ, նման սահմանափակում կա նաեւ եվրոպական երկրներում, սակայն Իտալիայի եւ Բելգիայի պետական պարտքը հասնում է ՀՆԱ-ի մինչեւ 120 %-ը, ինչը սակայն ամենեւին չի անհանգստացնում այդ երկրների ներդրողներին: Օրինակ` Ճապոնիայի պետական պարտքը կազմում է ՀՆԱ-ի 200%-ը: Ինչպես Արտակ Քյուրումյանն է նշում, կան երկրներ էլ, որոնք պետական պարտք ուղղակի չեն հանդուրժում եւ նրանց պարտքն, ամենաշատը, ՀՆԱ-ի 15 %-ն է կազմում:
Կարդացեք նաև
Մասնագետի ներկայացմամբ, Հայաստանը սկսել է պետական պարտքի հետ կապված խնդիրներ ունենալ, երբ մեր երկիրը սկսել է ոչ արտոնյալ պայմաններով վարկեր վերցնել: 2000 թվականի վերջին Հայաստանի պետական պարտքն արդեն կազմել է ՀՆԱ-ի 44 %-ը: Իսկ, երբ ՀՀ-ն դասվել է միջին եկամուտ ունեցող երկրների շարքին, ապա արտոնյալ պայմաններով տրամադրվող վարկերը քիչ հասանելի են դարձել: Արտակ Քյուրումյանի տվյալներով, վերջին տարիներին, պետական պարտքը կտրուկ ավելացել է 2008 թվականի վերջում` 584.6 միլիարդ դրամից 2013 թվականի վերջում հասնելով 1861.3 միլիարդ ՀՀ դրամի:
Եթե 2008 թ-ին 11 միլիարդ դրամ ենք վճարել պետական պարտքի տոկոսների մարմանը, ապա 2013թ-ին այն հասել է 46.5 միլիարդի: Արտաքին պարտքի գծով մայր գումարների մարմանը 2005-2008 թթ. տարեկան ուղղվել է 15-16 միլիոն դոլար, իսկ 2013 թ-ին արդեն այն գերազանցել է 150 միլիոն դոլարը: Ըստ Արտակ Քյուրումյանի, այս թվերն արտացոլված են առանց ռուսական 500 միլիոն դոլարի վարկի:
Նրա ներկայացմամբ, 2009 թվականից պետական պարտքը սկսել է աճել նաեւ ազգային արժույթի արժեզրկման պատճառով:
Պարոն Քյուրումյանը, ուսումնասիրելով պետական պարտքի կառավարումը, նկատել է, որ Կենտրոնական բանկում, ունենալով միլիարդների միջոցներ, այնուամենայնիվ նորանոր վարկեր ենք ներգրավվել: Մասնագետի համոզմամբ, օրինակ` ռուսական` 500 միլիոն դոլարի վարկի կարիքն ամենեւին չկար, կամ կարելի էր վերցնել միայն 100 միլիոն դոլարը, հատկապես, որ վարկերը վերցնում ենք ու մի շարք ծրագրեր այդպես էլ չիրագործում: Պարոն Քյուրումյանը, որպես օրինակ, նշեց, Հյուսիս-հարավ ավտոճանապարհի կառուցումը:
Արտակ Քյուրումյանը նաեւ պարզել է, որ շատ դեպքերում ՀՀ կառավարությունը միջոցներ է ներգրավվել, առանց դրա համար ծրագիր ունենալու. «Միջոցների առկայության պայմաններում հարց է առաջանում ինչո՞ւ պետք է նոր միջոցներ ներգրավվեին, չէ՞ որ դրա համար տոկոսներ ենք վճարում: Եվ բացի այդ վարկը բերվում էր տնտեսությունը խթանելու համար, բայց, ըստ էության, այդ միջոցները մնացել են ԿԲ-ում: 2013-ին կառավարության միջոցները կազմում էին 152 միլիոն դրամ»: Ըստ նրա այդ գումարների կարիքը կա, բայց պետք է իմանալ ինչի համար են դրանք պետք
Ռուսական պարտքի ներգրավման պատճառով, բիզնես կառավարման մասնագետի հավաստմամբ, կախվածությունը ՌԴ տնտեսությունից ավելի է մեծացել: Նրա տվյալներով, 2009 թ-ին ազգային արժույթը արժեզրկվել է 23 %-ով, 14 տոկոսով էլ անկում է ապրել ՀՀ տնտեսությունը:
Արտակ Քյուրումյանը գտնում է, որ եվրապարտատոմսերի թողարկումը նույնպես անտեղի էր, քանի որ այդ գումարները ԿԲ-ում հենց այնպես դրված են, իսկ երկիրը պետք է դրանց համար տարեկան 42 միլիոն դոլար տոկոս վճարի:
Մինչդեռ Արտակ Քյուրումյանի դիտարկմամբ, այդ տոկոսների վճարումն է պատճառը, որ կառավարության մի շարք ծրագրեր այդպես էլ չեն իրագործվում: Խոսքը մասնավորապես` առողջապահության նախարարության բյուջեի ավելացմանն է վերաբերում, որն այդպես էլ չի ավելացվի, քանի որ այդ գումարները երկիրն ուղղում է տոկոսների վճարմանը:
Ըստ նրա. «փողը բերում ենք, առանց կոնկրետ ծրագիր ունենալու»:
Ուստի Արտակ Քյուրումյանն առաջարկում է յուրաքանչյուր տարվա վերջի համար սահմանել ՀՀ պետական պարտքի թույլատրելի առավելագույն մեծությունը եւ պարտքի նպատակային կառուցվածքը:
Տնտեսագետ Վահագն Խաչատրյանին հետաքրքրում էր, թե ռուսական գազի պարտքն արտացոլվա՞ծ է պետական պարտքի մեջ:
Նշենք, որ զեկույցը պատրաստվել է Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան կազմակերպության Քաղաքականության կրթաթոշակներ նախաձեռնության շրջանակներում: Քննարկմանը հրավիրված էին ՀՀ կառավարության, քաղաքական կուսակցությունների, միջազգային կազմակերպությունների, քաղաքացիական նախաձեռնությունների, հասարակական կազմակերպությունների անդամներ:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ