Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանը Ավշարում զրուցել է ցրտահարությունից տուժած գյուղացիների հետ

Ապրիլ 28,2014 20:04

Ավշարցիները ոգևորված են Նախագահ Սերժ Սարգսյանի անակնկալ այցից և ուրախ են, որ պետությունը իրենց միայնակ չի թողնում բնության արհավիրքի հետևանքները հաղթահարելու գործում:  Այսօր «ԳեոՊրոՄայնինգ» ընկերության Արարատի ոսկու կորզման գործարան այցելելու ճանապարհին Նախագահ Սերժ Սարգսյանը մարզի Ավշար համայնքում հանդիպել է համայնքի այն գյուղացիական տնտեսությունների սեփականատերերի հետ, ում այգեգործական տարածքներն այս տարվա մարտի 30-ից ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած ուժեղ ցրտահարությունից տուժել են:

Մարտյան ցրտահարությունն ու անսպասելի ձյունը Արարատի մարզի Ավշար գյուղում ոչնչացրել է բերքի առյուծի բաժինը: Գյուղացիներին չի փրկել անգամ այգիների ծխահարումն ու, նրանց հավաստմամբ, մեկ տարվա աշխատանքը հավասարվել է զրոյի: Գյուղում մշակվում են 130 հեկտար ծիրանի եւ 5 հեկտար խաղողի այգիներ: «Ծիրանի այգիները վնասվել են 100 տոկոսով, խաղողինը` 80»: Տվյալներն Ավշարի գյուղապետ Սուրեն Գրիգորյանինն են: Նրա խոսքով, գյուղացիների հետ միասին ձեռնարկել են բոլոր նախապատրաստական անհրաժեշտ միջոցառումները այգիները փրկելու համար, «բայց 8 աստիճան ցրտի պայմաններում հնարավոր չէր ծաղկած ծառերը փրկել»:

«Գյուղացին էլի չի հուսահատվում, ծառերն են ջրում, պարարտանյութ են տալիս, որպեսզի ծառերը գոնե հաջորդ տարի կարողանան բերք տալ»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասում է Գրիգորյանը` հավելելով, որ ցրտահարության վնասն աննախադեպ էր, քանի որ գյուղում բոլորն են զբաղվում հողագործությամբ:

Ավշարցի Նորիկ Հովսեփյանն էլ այս տարվա բերքից սպասելիք չունի: Յոթ հազար հեկտար խաղողի այգու 70 տոկոսը վնասված է: «Իմ հողը շատ լավն է, խաղողն էլ` բարձր որակի, բայց ցուրտը եկավ-տարավ ամեն ինչ: Չկարողացանք փրկել»,- ասում է նա: «Բնության դեմ ո՞նց պայքարես»,- շարունակում է Գագիկ է Ղահրամանյանն ու նշում, որ նախորդ տարի 20 տոննա ծիրան է մթերել, հիմա ծառերին 10 հատիկ ծիրան էլ չի լինի: Գագիկը հավաստիացնում է, որ ցրտահարությունը թակել է բոլորի դուռն ու գյուղացիների 90 տոկոսը վնաս է կրել: Վնասին գումարվել է նաեւ բանկից վերցրած պարտքերի տոկոսները մարելու պարտավորությունն, ու գյուղացու վիճակը դարձել է անմխիթարական:

«Գրեթե բոլոր գյուղացիները բանկերում վարկեր ունեն` 1 միլիոնից մինչեւ 7-8 միլիոն դրամ: Հույս ունեինք, որ այս տարվա բերքով կկարողանանք փակել վարկերը, սակայն այս անգամ էլ բնությունը չար կատակ խաղաց»,- ասում է Գագիկ Ղահրամանյանը:

Արարատի մարզ աշխատանքային այցելության ժամանակ գյուղացիներին է հանդիպել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: Հանրապետության ղեկավարը դաշտում զրուցել է գյուղացիների հետ, լսել նրանց մտահոգությունները: «Մեր խնդրանքն է, որ վարկերի մարումը մեկ տարով հետաձգեն կամ սառեցնեն, որ կարողանանք վնասը փոխհատուցել ու հավելյալ պարտքեր չվերցնենք»,- Նախագահի հետ հանդիպումն է ներկայացնում ավշարցի Նարեկ Սարգսյանը` հավելելով, որ Նախագահը խոստացել է օժանդակել եւ գյուղացուն մենակ չթողել:

«Շատ կարեւոր է, որ էս նեղ պահին պետությունն օգնության ձեռք է մեկնում: Մենք հասկանում ենք, որ բնության դեմ անհնար է պայքարել, հասկանում ենք, որ երկրի բյուջեն էլ մեծ չէ բոլոր խնդիրները լուծելու համար, սակայն, շատ կարեւոր է, որ գյուղացին ու նրա խնդիրները պետության ուշադրության կենտրոնում են»,- շեշտում է Գագիկ Ղահրամանյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Նախագահը զրուցել է գյուղացիների հետ, ևս մեկ անգամ ծանոթացել կառավարության կողմից իր հանձնարարությամբ այդ տնտեսություններին հատկացվող պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքին, տեղում գյուղացիներից լսել նրանց առաջնահերթ խնդիրները, տեղեկացրել հասցված վնասները մեղմելու ուղղությամբ պետության կողմից նրանց համար նախատեսված աջակցության ծրագրերի մասին և որոշակի հանձնարարականներ տվել պատասխանատուներին:

 

ԱՐՄԵՆՊՐԵՍ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930