Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոտ Մելիքյանը՝ տրանսպորտի նախարարությանը դատի տալու մասին. «Ուզում ենք, որ փոխեն գործելաոճը»

Ապրիլ 28,2014 19:45

Օրերս Վարչական դատարանը բավարարեց «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի հայցը եւ ոչ իրավաչափ ճանաչեց  տրանսպորտի եւ կապի նախարարության գործողությունները: Կոմիտեն նախարար Գագիկ Բեգլարյանից տեղեկատվություն էր պահանջել ռադիոհեռուստատեսային հեռարձակման թվային համակարգին անցնելու  կառավարության ծրագրի մասին, իսկ նախարարությունը անտեսել էր հարցումը:

«Փաստինֆոյի» տեղեկացմամբ՝ տրանսպորտի եւ կապի նախարարությունը պատրաստվում է բողոքարկել վարչական դատարանի վճիռը՝ հօգուտ կոմիտեի եւ դիմել Վերաքննիչ դատարան:

Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում Խոսքի ազատության  պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանն ասաց, որ սովորաբար պետական մարմինները շարունակում են երկրորդ եւ երրորդ դատական ատյաններ դիմելու գործընթացը. «Ըստ երեւույթին, դա նաեւ ներքին ընդունված աշխատաոճ է: Բայց հուսով եմ, որ ինչպես նախորդ նույնատիպ  դատական գործերում, այս անգամ էլ Վերաքննիչ դատարանը եւ Վճռաբեկը կկարողանան պաշտպանել մեր՝ տեղեկատվության իրավունքը՝ մանավանդ, որ տեղական մարմինը, փաստորեն, խախտել է այն պահանջները, որոնք նախատեսում է «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը: Կարծում եմ, առաջին ատյանի դատարանը բավականին օբյեկտիվ գնահատական է տվել, եւ այն մինչեւ վերջ կպահպանվի»:

Պարոն Մելիքյանն ասաց, որ կոմիտեն ուզում է, որ դատարանը նախարարության գործողությունները ճանաչի ոչ իրավաչափ. «Այդ տեղեկատվությունը մենք արդեն ստացել ենք, բայց այս քայլով մենք փորձում ենք այնպես անել, որ պետական մարմինները իրենց գործելակերպը փոխեն, եւ որեւէ քաղաքացու, անհատի, կազմակերպության՝ ինֆորմացիա ստանալու հարցումը չանտեսեն, պատասխանեն օրենքին համապատասխան»:

Մենք ճշտեցինք՝ տրանսպորտի նախարարությունը, փաստորեն, ոչ թե չէր ուզեցել տալ տեղեկատվությունը, այլ ջանք չէ՞ր թափել փաստաթղթեր գտնել, լրացուցիչ աշխատանք կատարել՝ Աշոտ Մելիքյանը պատասխանեց. «Շատ դժվար է կռահել բուն պատճառը, որովհետեւ սկզբից չէին տվել, հետո ամբողջությամբ տրամադրեցին: Մեր ամբողջ այս գործի նպատակն այն է, որպեսզի պետական մարմինները սովորեն աշխատել օրենքին համապատասխան»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930