ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանը այսօր ընդդիմությանը, որը միահամուռ ուժերով քննադատում էր կառավարության կողմից Ազգային ժողով ներկայացրած օրինագիծը, որով պիտի 2014-19թթ.-ին Սեւանա լճից ջրառը 170 մլն խորանարդ մետրի փոխարեն դառնա 240 մլն խորանարդ մետր, մեղադրեց ամեն գնով ամեն ինչ սեւացնելու մեջ:
Նկատենք, որ մինչ այդ ՀԱԿ խմբակցությունից Լյուդմիլա Սահակյանը մեղադրում էր իշխանություններին՝ Հայաստանի ջուրը ադրբեջանցիներին նվիրելու մեջ, Արամ Մանուկյանը համոզմունք հայտնեց, որ ջրառը լինելու է ոչ թե 240, այլ՝ 450-500 մլն խմ եւ այլն:
Վարդան Այվազյանը հակադարձեց, որ Սեւանի մասին օրենքն ընդունվել է 2001թ.՝ ՀՀԿ ջանքերով, եւ արգելվել է Սեւանի ջուրն օգտագործել էներգետիկ նկատառումներով, ու հիշեցրեց, որ մինչ այդ՝ 1996 թ.-ին տարեկան 1,5 մ բարձրությամբ, այսինքն մոտ 2 մլրդ խմ ջուր էր Սեւանից բաց թողնվում էներգետիկ նկատառումներով: Այվազյանի այս դիտարկմանը տեղից ընդդիմացավ այդ տարիների կառավարության ղեկավար Հրանտ Բագրատյանը՝ բացատրելով, թե ի՞նչ նպատակներով էր օգտագործվում այդ ջուրը: Ի պատասխան Այվազյանը, թե՝ ես չեմ ասում՝ ինչի՞ է բաց թողնվել այդքան ջուր, ես ասում եմ, որ նման բան է եղել եւ ցանկացած գաղափար կարելի է սեւացնել:
Չնայած ընդդիմությունը քննադատությունը կառուցում էր այն շեշտադրմամբ, որ ոչ պատշաճ կառավարման, կոռուպցիայի եւ այլ արատավոր երեւույթների արդյունքում ենք հասել նրան, որ Սեւանից ջրառը շատացնելու նախագիծ է բերել կառավարությունը, եւ մինչ այդ մասին մտածելը հարկավոր է իրավական գնահատական տալ ստորգետնյա ավազանների ցամաքեցման, ձկնաբուծության համար անխնա ջրօգտագործման, ջրամբարներ չկառուցելու փաստերին եւ մեղավորներին պատժել, իշխանությունը՝ հանձին ՀՀԿ-ական Վարդան Այվազյանի, փորձում էր այդ նկատառումները շրջանցել եւ կանգնեցնել փաստի առաջ՝ ջուր չկա, եւ գյուղացիներին, գյուղատնտեսությանը ջուր է հարկավոր, այլապես տնտեսական կրախի առջեւ կկանգնենք. «Խոսում եք արտագաղթից ու ասում եք՝ ջուր մի տվեք գյուղացուն: Գյուղացին ի՞նչ մեղավոր է: Համամիտ եմ, որ ջուրն անխնա են օգտագործում, դրա համար էլ ջրի գինը բարձրացրեցինք, եթե պետք է՝ օրենք ընդունենք, ընդհանրապես արգելենք»:
Կարդացեք նաև
Ի դեպ, պատգամավոր Նիկոլ Փաշինյանի տվյալներով էլ ձկնաբուծության ոլորտում բիզնես ունեն Հովիկ Աբրահամյանը, Սամվել Ալեքսանյանը, նույն Վարդան Այվազյանը, Գագիկ Ծառուկյանը, եւ հենց այդ մարդկանց լոբբինգի արդյունքում է ձկնաբուծությանը վերաբերվող ցանկացած որոշում եւ օրենք աջակցություն ստացել, ու դրա արդյունքում Արարատյան դաշտավայրի արտեզյան ջրերի պաշարը սպառվել է:
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ