Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Խորհրդարանի «իրավական կազուսը» հանգուցալուծվեց`հօգուտ ՀՀԿ-ի

Ապրիլ 28,2014 19:22

ԱԺ պատգամավորների 1\3-ի նախաձեռնությամբ այսօր երեկոյան հրավիրվել էր խորհրդարանի արտահերթ նիստ`հաշվիչ հանձնաժողովի ձեւավորման հարցով:

Հիշեցնենք, որ անցյալ տարեվերջին, «գազի հարցով» քվեարկությունից հետո, ընդդիմադիր խմբակցությունները հայտարարեցին հանձնաժողովի աշխատանքները բոյկոտելու իրենց քաղաքական որոշման մասին: Այսօր, ՕԵԿ-ն էլ  համալրեց ընդդիմության շարքերը`բոյկոտելով հաշվիչ հանձնաժողովի աշխատանքը: Այսպիսով, խորհրդարանական աշխատանքներում իրավական կազուս  առաջացավ, քանի որ վաղն առավոտյան ԱԺ նախագահի ընտրություններ են անցկացվելու:

Արտահերթ նիստի աշխատանքներին մասնակցում էին 88 պատգամավոր: Խորհրդարան էին եկել անգամ ՀՀԿ-ական գեներալ եւ օլիգարխ պատգամավորները:

Հարցը ներկայացնող ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը, որը նաեւ հաշվիչ հանձնաժողովի նախագահն է, ասաց, թե առաջարկում են հաշվիչ հանձնաժողովի կազմի ձեւավորման կարգի փոփոխություն:

Ըստ այդմ, Սուքիաս Ավետիսյանն ասաց, թե իրենք առաջարկում են, որ նախորդ՝ փետրվարի 3-ին տեղի ունեցած փոփոխության համաձայն հանձնաժողովի անդամների 11 պատգամավորների թիվը փոխել՝ դարձնելով 13: «ՀՀԿ-ին տալ 7 տեղ, ԲՀԿ-ին՝ 2, մեկական տեղեր՝ մյուս խմբակցություններին»,- մանրամասնեց ՀՀԿ պատգամավորը:

Սուքիաս Ավետիսյանին հարցով դիմեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը՝ նշելով, որ երբ որևէ առաջարկ է արվում, պետք է ներկայացվի նաև դրա հիմնավորումը: «Պարոն Սուքիասյան, ինչո՞ւ եք առաջարկում 13 պատգամավորով հանձնաժողով ստեղծել, ասեիք, օրինակ, 17, այդ թիվն ավելի բարեհունչ է»,- ասաց ԲՀԿ պատգամավորը:

Ի պատասխան՝ Սուքիաս Ավետիսյանն ասաց, որ հիմնավորումը մեկն է՝ իրենք ցանկանում են ԱԺ բնականոն աշխատանք ապահովել. «Հենց դրա համար էլ նման փոփոխություն ենք առաջարկում»:

ՀՅԴ պատգամավոր Աղվան Վարդանյանն էլ հարցրեց, թե ինչպե՞ս է պատահում, որ ՀՀԿ-ի տեղերը հանձնաժողովում մշտապես ավելանում են, իսկ մյուս խմբակցություններինը՝ մնում է նույնը: Հարցին պատասխան չհնչեց:

ՀՅԴ-ական Արմեն Ռուստամյանն էլ հեգնեց`գրեք, որ մենք էլ մեր կողմից առաջարկում ենք, որ ՀՀԿ-ն միշտ մեծամասնություն ունենա, թափուր տեղերն էլ ՀՀԿ-ն է լրացնելու, որ անընդհատ նեղություն չկրեն ու փոփոխություններ անեն:

Սուքիաս Ավետիսյանը պարզաբանեց, որ նոր հանձնաժողով չեն ձեւավորում, ԱԺ-ի բնականոն աշխատանքն ապահովելու համար այս փոփոխությունն ենք առաջարկում եւ կանոնակարգի 25-րդ կետն էլ ասում է, որ ՀՀԿ-ն միշտ պետք է մեծամասնություն ունենա, քանի որ համամասնությամբ ամենամեծ խմբակցությունն է:

Արամ Մանուկյանն էլ նկատեց, որ նման իրավունք չկա`ԱԺ որոշմամբ օրենքում փոփոխություն անեն ու վկայակոչելով ԱԺ կանոնակարգ-օրենքը, ասաց, որ նստաշրջանի սկզբում ձեւավորված հանձնաժողովը պետք է գործի մինչեւ նստաշրջանի ավարտը: Սուքիաս Ավետիսյանը կրկնեց, որ իրենք ընդամենը փոփոխություն են առաջարկում`ԱԺ բնականոն աշխատանքն ապահովելու համար:

Անցյալ անգամ, որ նույն դաղալությունը փորձեցիք անել`հետեւեցիք օրենքի պահանջներին: Հանձնաժողովի կազմը փոխեցիք`նստաշրջանի սկզբում, հիմա, նստաշրջանի կեսից նոր հանձնաժողով եք ստեղծում. նշեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը: Սուքիաս Ավետիսյանն էլ վկայակոչելով ԱԺ նախագահի պաշտոնակատար Էդուարդ Շարմազանովի մոտ տեղի ունեցած խորհրդակցությունը, որտեղ ՕԵԿ ներկայացուցիչը հայտարարել էր հանձնաժողովի կազմից իրենց ներկայացուցչի դուրս գալու մասին, ասաց, որ իրողություն է փոխվել ու դա թույլ է տալիս գործել այնպես, ինչպես գործում է այժմ ՀՀԿ-ն:

Լեւոն Զուրաբյանը հակադարձեց`«թվաքանակի փոփոխությունը նշանակում է նոր հանձնաժողովի ստեղծում» ու զարմացավ, որ այդ պարզ ճշմարտությունը մեծամասնությունը չի ընկալում:

Այս փոփոխությունն, ըստ ՀՀԿ-ական Մանվել Բադեյանի, պարտադրված է ընդդիմադիրների պահվածքով: Արամ Մանուկյանն էլ իր ելույթում հակադարձելով նաեւ Մանվել Բադեյանին, ասաց, որ խնդիրը հաշվելու մեջ չէ, այլ քաղաքական վերաբերմունք է: «Ընդդիմության ոչ մի նախաձեռնություն չի անցնում ու ընդդիմությանը մնում է միայն բոյկոտի տարբերակը: ՀՀԿ-ն այս ընթացքում որեւէ առաջ քայլ, որեւէ կոմպրոմիսային տարբերակ չի առաջարկել: Ձեր մոտեցումները`ձեր ասածների հետ չեն համընկնում`հանդուրժողականության, համատեղ աշխատելու եւ սրա արդյունքում է, որ քաղում եք այն, ինչի սերմը ցանել եք: Հիմա, ձեր պահվածքով, էլ ավելի եք խորացնում քաղաքական ճգնաժամը: Խնդիրը քաղաքական լուծումներ է պահանջում, ոչ թե մեխանիկական»,-ասաց Արամ Մանուկյանը`կանխատեսելով, որ հաջորդ քայլը լինելու է ընդդիմությանը զրկել 44 պատգամավորով արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությունից:

Լեւոն Զուրաբյանն իր խոսքում պարզաբանեց, որ ՀԱԿ-ը չի մասնակցի ԱԺ նախագահի ընտրությանը եւ Հրանտ Բագրատյանի`ինքնաառաջադրման փաստը կապ չունի խմբակցության որոշման հետ: Ասաց, որ Հրանտ Բագրատյանը կարող է խմբակցության որոշումից զատ գործել:

Ի դեպ, հարցի քննարկումները խորհրդարանի դահլիճում բավականին ակտիվ էին, պատգամավորներն անընդհատ զրուցում, հումորներ էին անում եւ բարձրաձայն ծիծաղում:

Արտահերթ ելույթում ԱԺ նախագահի պաշտոնակատար Էդուարդ Շարմազանովն էլ ընդդիմադիրներին մեղադրեց խորհրդարանի աշխատանքը պարալիզացնելու փորձերի մեջ ու հավելեց. «Մեզ ժողովուրդն ընտրել է, որ օրենքներ ընդունենք, ժողովրդի մատից փուշ հանենք: Մենք գնալու ենք այդ ճանապարհով»:

Արդյունքում, ՀՅԴ-ն, «Ժառանգությունը», ԲՀԿ-ն եւ ՀԱԿ-ը չմասնակցեցին քվեարկությանը, քանի որ դա համարեցին ԱԺ կանոնակարգի ոտնահարում ու, որ, այսպիսով` ԱԺ նախագահի ընտրությունները վերածվում են «բալագանի»: 68 կողմ եւ մեկ դեմ ձայների հարաբերակցությամբ նախագիծն ընդունվեց:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930