Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Հարությունյան. «Սահմանադրության որոշ հոդվածներ կարգախոսային են, ոչ հստակ»

Ապրիլ 28,2014 18:33

«Սահմանադրական իրավունքի կենտրոնի» խորհրդում տեղի ունեցան «Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի» նախագծի հիմնադրույթների թեմայով հանրային լսումներ:

Բանախոսներն էին սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի նախագահ, ՍԴ նախագահ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գագիկ Հարությունյանն ու «Սահմանադրական իրավունքի կենտրոնի» խորհրդի նախագահ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գեւորգ Դանիելյանը:

Սպասվում էր, որ հանրային լսումներին կմասնակցեն հանրապետության գլխավոր դատախազը, արդարադատության նախարարի տեղակալները, ԱԺ պետաիրավական հանձնաժողովից գոնե մի ներկայացուցիչ: Սակայն նման բան տեղի չունեցավ:

ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանն անդրադարձավ գործող սահմանադրության թերություններին, կառուցվածքին, որը համարեց անհասկանալի, հոդվածներին, որոնք «կարգախոսային» էին, ոչ հստակ, խրթին ձեւակերպումներով, եւ այդ իսկ պատճառով խնդիրներ են առաջացնում իրավակիրառական պրակտիկայում:

Մասնավորապես, խոսքը վերաբերում էր իշխանության տարանջատման մասին հոդվածներին, տնտեսական հավասար մրցակցության, անձի, որ իրավունք ունի պատկան մարմիններին դիմելու եւ ողջամիտ ժամկետում պատասխան ստանալուն, կուսակցությունների ֆինանսական հաշվետվություններին, հրապարակային լինելուն: Վերջինի հետ կապված Գագիկ Հարությունյանն ասաց. «Օվկիանոսի ջուրը պետք չէ խմել, հասկանալու համար, թե այսօր ինչպես է»:

Սահմանադրության մեկ այլ հոդված էլ վերաբերում էր օրենսդիր մարմնի ներկայացուցիչներին, որոնք սահմանադրությամբ չպետք է զբաղվեն ձեռնարկատիրական գործունեությամբ:

Այստեղ շատերը ծիծաղեցին, ինչին ՍԴ նախագահն հակադարձեց. «Պետք է լաց լինել: Իրականում դա մեր ցավն է»:

ՍԴ նախագահը հիշեց, որ կուտակային կենսաթոշակների հետ կապված գործեց հանրագրի ինստիտուտը: Այսինքն, քաղաքացիները, որոնք խնդիրներ ունեին, եւ պատկան մարմիններին իրենց խոսքն էին հասցնելու՝ նրանց դիմումները կցվեցին գործին:

Սահմանադրությամբ յուրաքանչյուր անձ ունի դատական արդյունավետ պաշտպանության իրավունք: Այս գործող հոդվածի հետ կապված հանձնաժողովի նախագահը բերեց մի խոսուն օրինակ. նա ասաց, որ անցյալ տարվա սեպտեմբերի 18-ի որոշման համար ուսումնասիրել են 150 դատական ակտ, եւ ստիպված են եղել ՍԴ որոշման մեջ արձանագրել, որ անհրաժեշտ է իրավական մտածելակերպի փոփոխություն:

Գագիկ Հարությունյանը մեկժամանոց խոսքում անդրադարձավ նաեւ միջազգային փորձին: Միայն Գերմանիայի օրինակով սահմանադրական փոփոխությունների պատկերը հետեւյալն էր. 1949-ից մինչ օրս 229 փոփոխություն է եղել:

Ըստ Գ. Հարությունյանի, մեր սահմանադրությունը «կոշտ» է, քանի որ փոփոխությունները նախատեսվում են միայն հանրաքվեի միջոցով, կոշտ ընթացակարգով:

Մի առանձին անդրադարձ եղավ իրավունքի գերակայություն հասկացության վերաբերյալ:

Գ. Հարությունյանի կարծիքով կիսալուծումներն ու վտանգավոր չիրացվող սահմանադրական նորմերը չեն կարող հաջողություն արձանագրել բարեփոխումներում:

Անդրադառնալով ՍԴ դիմող սուբյեկտներին՝ Գ.Հարությունյանը տեղեկացրեց. 2006-ից հետո ՍԴ դիմել է միայն Օմբուդսմենը. «Մնացածը չեն դիմում, մտածելով, որ երկրում վիճակը լավ է»:

«Օրենքները պետք է լինեն կանխատեսելի: Հստակ, որոշակի: ՍԴ-ն ստիպված է եղել հաճախ մի շարք որոշումներում արձանագրել այդ ամենը: ՍԴ-ն ուսումնասիրել է օրենքներ, որոնց ընդունմանը ԱԺ-ում մասնակցել է երեք-չորս պատգամավոր, երեք-չորս լրագրող: Նման օրենքները հետագայում փորձանք են դառնում երկրի համար»,-ասաց Գ. Հարությունյանը:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930