Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Շիրազը պատռում էր այն բանաստեղծությունները, որոնք Իսահակյանի սրտով չէին». Ավիկ Իսահակյան

Ապրիլ 28,2014 18:07

Բանաստեղծ Հովհաննես Շիրազի 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում այսօր Կոմիտասի անվան պանթեոն այցելեցին և բանաստեղծի շիրմին ծաղիկներ դրեցին հասարակական, քաղաքական, մշակութային գործիչներ, աշակերտներ, Շիրազի պոեզիան գնահատող այլ մարդիկ:

«Հայրիկի ամենամեծ պատգամն ապագա սերունդներին մայրենիի պահպանությունն է,- ասում է բանաստեղծի դուստրը՝ Աստղիկ Շիրազը,- այսինքն՝ օտարամոլությունը պիտի դուրս գա հայ ազգի միջից: Նա չէր ասում՝ օտար լեզուներ մի սովորեք, նա ասում էր՝ քանի լեզու գիտես, այնքան մարդ ես, բայց մայրենին առաջին տեղում պիտի լինի»:
Նա հոր բանաստեղծական ջիղը չի ժառանգել, փոխարենը ժառանգել է եղբայրը՝ Սիփան Շիրազը. «Սիփանը, որը 1997 թվականից արդեն մեզ հետ չէ, բավականին գրքեր ունի գրված, բայց, ցավով պետք է ասեմ, որ որպես բանաստեղծ՝ նա դեռևս գնահատված, արժևորված, «գտնված» չէ»,- ասաց Ա. Շիրազը:

Ներկաներից ոմանք կիսվեցին նաև բանաստեղծի մասին իրենց հիշողություններով:
«Զանգահարում է Շիրազը,- հիշում է գրող, հրապարակախոս Զորի Բալայանը,- ասում է, թե ամեն օր Սևանի մասին քո հոդվածներն են տպագրում թերթերում, և ես գիտեմ, որ դա վերջանալու է գրքով, բայց այդ գիրքը ունի՞ բնաբան: Պատասխանում եմ՝ ոչ, ասում է՝ առանց իմ բնաբանի դա Սևանի մասին գիրք չի լինի: Ասում եմ՝ ուշ է արդեն, Շիրա´զ, գիրքը շուտով լույս կտեսնի, ասում է՝ նշանակություն չունի, գնա և ամեն ինչ սկսիր նորից: Թելադրեց նա իր բնաբանը: «Վայ քո տունը չքանդվի, Շիրա´զ ջան,- ասացի ես,- էլ ո՞նց եմ ես ինձ զգալու որպես այդ գրքի հեղինակ: Մարդիկ կկարդան միայն քո այդ չորս տողը, գիրքը էլ չեն կարդա»: «Ոչինչ, եթե կարդան իմ չորս տողը, գիրքն էլ կկարդան»,- պատասխանեց Շիրազը:

Գրականության ինստիտուտի տնօրեն Ավիկ Իսահակյանն էլ հիշեց Ավ. Իսահակյանի և Հովհ. Շիրազի բարեկամության մասին. «Շիրազը շատ էր սիրում ու հարգում Իսահակյանին: Եվ նույնիսկ կյանքի վերջին տարիներին գրած իր նոր ստեղծագործությունները բերում էր ցույց տալու Վարպետին: Ու եթե հանկարծ Իսահակյանն ասեր, թե այս բանաստեղծությունն անհրաժեշտ է խմբագրել կամ նորից է պետք դրան անդրադառնալ, Շիրազն իսկույն պատռում էր այն ու գցում սեղանի տակ՝ «Եթե քո սրտին չկպավ, ուրեմն՝ չի մտնի գրքիս մեջ» ասելով»:

Պանթեոնում էր նաև Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, որը, կարևորելով գրականության և առհասարակ մշակույթի դերը ժողովրդի կյանքում, ասաց. «1965 թ. հսկայական այդ զարթոնքը մեծ չափով պայմանավորված էր նաև Շիրազով, իսկ 1988 թ. հայրենասիրական ոգու արթնացումն ու արցախյան հաղթանակը անպայմանորեն պիտի կապենք Շիրազի, Սևակի, Սահյանի, Իսահակյանի, մեր մյուս մեծերի գրականության ազդեցությանը»,- ասաց Գրողների միության նախագահը:

ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանն էլ նշեց, ՀՀ վարչապետ Հ. Աբրահամյանի որոշմամբ ստեղծվել է պետական հոբելյանական հանձնաժողով, և ողջ տարին հագեցած կլինի Շիրազի կյանքին ու ստեղծագործությանը նվիրված միջոցառումներով: «Երեկ Գյումրիում արդեն մեկնարկեց այդ միջոցառումների շարքը: Բոլոր գրադարաններում, թանգարաններում, դպրոցներում տեղի կունենան շիրազյան քնարերգությանը նվիրված երեկոներ: Նախատեսվում է հրատարակել նրա ստեղծագործությունների ընտրանին, ինչպես նաև «Թոնդրակեցիներ» պոեմը: Հոբելյանական երկու մեծ երեկո է նախատեսվում՝ մեկը Օպերային թատրոնում, մյուսը՝ Գյումրիում: Առաջարկներ կան Գյումրիում նրա անվամբ դպրոց հիմնելու կամ գոնե անվանակոչելու: Միջոցառումները բազմաթիվ են և բազմաբնույթ»,- հավաստիացրեց փոխնախարարը:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930