Լրահոս
Օրվա լրահոսը

Սմբատ Արունյան. Հայաստան Համահայկական Հիմնադրամի սահմանած մրցանակին իմ ներկայացրած ութ օրինակ գրքերից ո՛չ մեկը չի ընթերցվել

Ապրիլ 28,2014 17:30
girq

Փնտրվում է դատավոր, և փնտրողը ես եմ՝ Սմբատ Արունյանը

Խոսքը վերաբերում է Հայաստան Համահայկական Հիմնադրամի սահմանած ՀՀ նախագահի ամենամյա մրցանակին՝ գրականության բնագավառում, որին այս տարի մասնակցել եմ և պնդում եմ, որ իմ ներկայացված ութ օրինակ գրքերից ո՛չ մեկը չի ընթերցվել: Ո՛չ մի թերթ: Ո՛չ մի տեղեկություն չեմ ստացել մրցույթի ավարտի կամ դադարեցման մասին, և գրքերը այնտեղ էլ կփտեին, եթե նախաձեռնություն չցուցաբերեի դրանք հետ ստանալու: Բայց ստացա, ասես հենց տպագրատնից:

Հիմա բոլոր գրքերը ինձ մոտ են: Ո՛չ վաճառքի եմ հանել, և ո՛չ էլ շնորհանդես է եղել: Իսկ նրանց, ում նվիրել եմ, խնդրել եմ վերադարձնել` բացառելու հնարավոր աճպարարությունները: Ո՛չ մի կայքում և ո՛չ մի տպագրատանը էլեկտրոնային տարբերակը չկա արդեն… Բացառությամբ՝ Ազգային գրադարանի և Գրապալատի օրինակների. գո՞ւցե գողանաք այնտեղից, որպեսզի փրկեք ձեր պատիվը, մրցութային հանձնաժողովի հարգելի՛ անդամներ…

Ո՜վ մանրածախ (թե՞ մեծածախ) հանձնաժողով ու կիսակարկառո~ւն գրականագետներ, գիտեցե՛ք, որ սա ի՛մ հողն է, և ստեղծագործությունս իմ նվիրումն է ազգին, հարցնելու իրավունքն էլ իմն է: Եվ ես հարցնում եմ: Ի՞նչ թեմա, ի՞նչ նյութ է արծածում իմ գիրքը… Ո՞վ է կարդացել… Ի՞նչ հանձնաժողով… ՀՀ նախագահի անվան ի՞նչ… Ձեզանից մեկը տղամարդկություն ունենալո՞ւ է ներողություն խնդրելու… հարգու՞մ է իր անձը… կարո՞ղ է հրապարակավ ապացուցել հայոց լեզվի իր իմացությունը, վերլուծելու ունակությունն ու ոչ բաժակաճառային վերաբերմունքը արվեստին և վերջինիս հետ հարաբերվելու իր ոչ պատահական գոյությունը…

Տեղին է մեջբերել մի հատված վերոհիշյալ մրցանակին ներկայացված իմ գրքից, որը դուք չեք կարդացել .
,…Բայց դու մի՛ տխրիր, դու մի՛ վշտանա, որովհետև զարմանազան տաղավարներում իրենց ցուցանող, իրենց եղած ու չեղած կուսությունն ու կայսրությունն աճուրդի հանած, երջանիկ ապագա, ձև ու ապահովություն փայփայող ու գտած շամիրամների անկուշտ ու տրտում էգը հար ու անդադար որոնելու է քեզ, քեզ գտնելու և քո ոտքերի տակ փռելու է ոչ միայն իր տեղեկացված տղամարդու ու նրա հերոս անցյալի զոհողությունների գնով կառուցած ամրոցներն ու թագավորությունը, այլև մի գիշեր քո որձ հոտի ու արյունռուշտ կրքի մեջ խարկվելու անդիմակայությունից` նզովվելով երկրպագելու է նրան, ով քե՛զ է ստեղծել, որպես Արա… Դու մի՛ տխրիր ու մի՛ վշտանա և խառնի՛ր քո հղկված արյունը նրանց անապատային սովին ու կշտացրո՛ւ նրանց կարոտաբաղձ մարմաջը, և նրանց կատվային, անհագուրդ ու գրգռիչ ձայներգումի մեջ մորթի՛ր տիեզերքի վերարտադրությունը. տրվի՛ր նրանց փաղաքշանքներին, հանձնվի՛ր նրանց խոնարհ ու հեզագեղ նայվածքների տակ թաքնված` իրենց դժբախտ իգության վրեժին, որ իրենց երեխաներին, այդ երեխաներին հորից առավել սիրող կնոջ դեմ է. քո կնոջ ու մոր դեմ… Թող խլխլեն քեզ հանուն նրանց, թող որ նրանք մատյան գնդեր ծնեն ու շարժեն անմահ տեգերը քո Նաիրյան հոգու վրա, և թող ենիչերիների պես պղծեն ու տրորեն իրենց պապերի սրբությունները, և թող խնդան քո արնաշաղախ մարմնի վրա, որովհետև սա՛ է քո հողը: Եվ եթե դեռ դո՛ւ չես Կատարյալ Գազանի զարմը, արյունակիրն ու ստեղծը, գոնե սուզվիր քո մենության հունցերում, փակիր դռներն ու կոծկիր դարպասները և կրծիր քո արյունատար երակները և մի տուր ոչ ոքի այն, ինչը ի վերուստ քո՛նն է. որովհետև սա քո՛ հողն է…»

Սմբատ Արունյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Լևոն Մութաֆյան says:

    Սմբատ ջան, ես անցել եմ այդ ճանապարհով, երբ ակնհայտ կեղծիքով ու նախատրամադրվածությամբ, թատրոնի հետ կապ չունեցող մի խումն նկարիչներ ու ճարտարապետներ, քինախնդիր, Սոս սարգսյանին բարոյական հարված հասցրած ինչ-որ Գուրգեն Մուշեղյանի գլխավորությամբ ,,Արվեստ,, անվանակարգում գնացին բացահայտ աճպարարության…

  2. Արամ Բաղդասարյան says:

    Սմբատ ջան իմացիր, որ մենք քո կողքին ենք։ Գիտես, որ ես ամբողջովին կարդացել եմ վիպակը և ինձ շատ է դուր եկել։ Այնտեղ ես տեսել եմ կարոտ Էրգրի նկատմամբ, ազգային ներքին հզոր ուժ և սեփական ուժերին ապավինելու հորդոր։ Երբեք չընկճվես և չչարանաս, այլ քո ներքին կրակով և Աստծո ողորմածությամբ շարունակիր սկսած գործդ։ Մեր ժողովուրդը կարիք ունի քեզ նման զավակաների, որոնք ոգևորում են նրան և ապագայի նկատմամբ հույս ու հավատ ներշնչում։

  3. Սիրելի Սմբատ
    Կարդացի քո իսկ կողմից ինձ նվիրած գիրքդ: Հիացած եմև անկեղծորեն ցավում եմ, որ գիրքն արժանացել է նման ճակատագրի: Համոզված եմ, որ գիրքն կհարթի իր ճանապարհը և կգա հաղթանակի օրը: Ոչ մի բարձրարվեստ ստեղծագործություն անգնահատական չի մնում:
    Քեզ մաղթում եմ հաջողություն:
    Եղիշե Չարենցի տուն-թանգարանի տնօրեն՝ Լ. Հակոբյան

  4. Մարիամ Գևորգյան says:

    Սմբատ Արունյանի պատմվածքները, որոնք կարդացել եմ հանդեսի համարներում, ժամանակակից գեղարվեստական արձակի լավագույն նմուշներից են: Հեղինակի վիպակի ընթերցումն ավարտել եմ օրերս: Իմ երբևէ կարդացած ամենահեթանոս գիրքն է, որը փառահեղ ձոներգ է՝ նվիրված մարդուն, նրա բնութենական էությանը: Աշխարհագրական, կենսաբանական, իրադարձային և պատմական հավաստիությունները վիպակում ներկայացված են բարձր գեղագիտությամբ և կեսափիլիսոփայությամբ: Ո՞վ ենք, որտեղից ենք գալիս, ո՞ւր ենք գնում հարցերին Արունյանն ունի պատասխան, որ տրվում է Եղեռնից հրաշքով փրկված, հայրենի խստաշունչ լեռներում նոր բնակավայր հիմնած, բնության օրենքներով ապրող, իրենց ցեղային արյան արժեքն ու նշանակությունը գիտակցող հայորդիների կյանքի օրինակով:

    Մարիամ ԳԵՎՈՐԳՅԱՆ, բանասիր. գիտ. թեկնածու

  5. Վահագն ՍԱՐԳՍՅԱՆ says:

    Ես այս գրքի հրատարակիչն եմ և հետևաբար առաջին ընթերցողը և գիտեմ, որ եթե մրցույթը կատարվեր անկողմնակալ և անաչառ, հաշվի առնելով գրքի գեղարվեստական արժեքն ու նորույթը, ապա անպայման Սմբատ Արունյանի <> գիրքը կարժևորվեր ամենաբարձր գնահատականներով: Ցավալիորեն, ստացվում է այնպես, ինչպես միշտ` անտարբեր վերաբերմունք, խմբային շահեր,ոչ գրագետ մոտեցումներ:
    Հուսով եմ հայ ժամանակակից ընթերցողը ըստ արժանվույն կգնահատի Արունյանի պատմվածքներն ու վիպակը, մեր արդի գրական լուրջ երևույթներից մեկը համարելով:

    Վահագն ՍԱՐԳՍՅԱՆ <> հրատարակչության տնօրեն, բանասիր. գիտ. թեկնածու

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930