ԲՀԿ խորհրդարանական խմբակցությունը դեռ որոշում չունի ԱԺ նախագահի ընտրությանը մասնակցել-չմասնակցելու մասին: Այս առիթով Aravot.am-ի հետ զրույցում խմբակցության պատգամավոր, կուսակցության մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանն ասաց. «Այսօր խմբակցության նիստի ժամանակ քննարկվեցին շատ կարեւոր հարցեր, տնտեսական ոլորտի նախագծեր: Դուք գիտեք, որ մենք միշտ շեշտադրում ենք անում երկրում աշխատանքի բացակայության, սովի, արտագաղթի, դեղի ու հացի կարիք ունեցող մարդկանց անելանելիության մասին ու չենք տեսնում որեւէ այլ առաջնահերթություն, քանի դեռ կան այդ խնդիրները: Օր առաջ դրանց լուծմանն ուղղված քայլեր է պետք անել»:
ԲՀԿ խմբակցության նիստում այսօր հիմնականում քննարկվել են ԱԺ-ի դատին ներկայացվելիք մի քանի նոր տնտեսական նախագծեր, արդեն ներկայացվածների ճակատագրին է նաեւ անդրադարձ եղել:
«Վերջում, նաեւ, ոչ առաջնային հարցեր շարքում քննարկվեց քաղաքական մեծամասնության կողմից առաջադրված թեկնածուի ընտրության հարցը: Ես ենթադրում եմ, որ մենք վաղն ինչ-որ մի որոշում կունենանք»,- ասաց Տիգրան Ուրիխանյանը:
Հիշեցնենք, որ ՀԱԿ-ը եւ ՀՅԴ-ն արդեն իսկ հայտարարել են, որ ընտրությանը չեն մասնակցելու:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կարդացեք նաև
Հ. Գ. Տիգրան Ուրիխանյանի հարցազրույցից այլ մանրամասներ`վաղվա տպագիր «Առավոտում»: