Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ ընթացքի մեջ են նախկինում կառուցված օբյեկտների մուտքերը հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց հարմարեցնելու նպատակով սեփականատերերի կողմից թեքահարթակների կառուցման աշխատանքները: 63 օբյեկտներում դրանք արդեն ավարտված են, և մուտքերն ապահովված են թեքահարթակներով: Կատարված աշխատանքները դրական են գնահատվել ներգրավված շահառու կազմակերպությունների ներկայացուցիչների կողմից: Խորհրդակցությունը վարող քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը, փոխանցելով քաղաքապետի հանձնարարականը, նշել է, որ պետք է շարունակել աշխատանքներն ու դրանց ընթացքի նկատմամբ մշտական հսկողություն սահմանել:
Բաղրամյան պողոտայի 4-րդ նրբանցքի հ.15 4-րդ աստիճանի վթարային շենքի բնակիչների խնդրի հետ կապված՝ զեկուցվել է, որ տեղում կատարվել են ուսումնասիրություններ, գույքագրվել փաստացի զբաղեցրած տարածքներն ու, համաձայն քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարականի, հանդիպում է կազմակերպվել բնակիչների հետ և քննարկվել հարցի լուծման հնարավոր տարբերակները:
Առևտրի և սպասարկումների վարչության պետը զեկուցել է, որ մայրաքաղաքում ավտոկայանումների համար ապօրինի գումարների գանձման դեպքերը բացառելու նպատակով շարունակվում է իրականացվել խիստ հսկողություն, հայտնաբերված բոլոր դեպքերի մասով էլ նյութերն ուղարկվում են Երևան քաղաքի դատախազություն, ինչպես նաև իրավապահ այլ մարմիններ՝ համապատասխան ընթացք տալու համար:
Առողջապահության վարչության պետը զեկուցել է, որ քաղաքապետի հանձնարարությամբ շարունակվում է «Ձեզ համար, կանայք» առողջապահական ակցիայի շրջանակում բուժհաստատություններ դիմած և նախապես վիրահատության ուղեգրված կանանց վիրահատման գործընթացը: Հերթագրված 1938 կանանցից 1793-ն արդեն վիրահատվել են: Եվս 145 կին դեռ պետք է վիրահատվի: Հանձնարարվել է շարունակել քաղաքացիների պատշաճ սպասարկման նկատմամբ հսկողությունը՝ մինչև ծրագրի ամբողջական ավարտը:
Զեկուցվել է, որ մայիսի 1-ին Կենդանաբանական այգու հերթական տարեշրջանի բացումը պատշաճ կազմակերպելու նպատակով այգու տարածքում իրականացվող բարեկարգման աշխատանքները հիմնականում ավարտված են և տարվում են նախապատրաստական վերջին աշխատանքները:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ նախապատրաստական աշխատանքներ են տարվել նաև ՀՀ սահմանամերձ գոտիներում երևանաբնակ ժամկետային զինծառայողների ծնողների, մասնավորապես, սոցիալապես անապահով ընտանիքների զորամասեր այցելությունները կազմակերպելու ուղղությամբ:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն