«Արարատ» ֆուտբոլային ակումբի ղեկավարության` թիմի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին որոշումը մեծ արձագանք ստացավ մեր ֆուտբոլային հասարակության շրջանակում: Որոշ «ֆուտբոլային վերլուծաբաններ» հանդես եկան իրականությունը խեղաթյուրող հոդվածներով:
Ցանկություն չունենալով մեկնաբանել նմանատիպ «հոդվածները», «Արարատ» ֆուտբոլային ակումբը հարկ է համարում պարզաբանել ստեղծված իրավիճակը:
«Միկայի» հետ ՀՀ Բարձրագույն խմբի առաջնության 23-րդ տուրի հանդիպումից հետո կայացած հետխաղյա մամուլի ասուլիսի ընթացքում «Արարատի» արդեն նախկին գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը հնչեցրեց հետևյալ մտքերը. «Այնպիսի տպավորություն է, որ մենք մեզ սպառել ենք», «Ի՞նչ չեմպիոնության մասին է խոսքը այսպիսի խաղի պայմաններում», «Այսպիսի խաղով թիմն արժանի չէ չեմպիոնության»:
«Արարատ» ֆուտբոլային ակումբի ղեկավարությունը գտնում է, որ թիմն իրեն չի սպառել: Միևնույն ժամանակ, նման արտահայտություններ իրեն թույլ տվող, նման դիրքորոշում և տրամադրվածություն ունեցող մարզիչը այլևս անելիք չունի թիմում, քանի որ նրա խոսքերը բերում են այն եզրակացության, որ նա չի տեսնում թիմի խաղը բարելավելու և առաջընթացն ապահովելու ճանապարհը: Մարզչի անկումային տրամադրությունը փոխանցվել էր նաև ֆուտբոլիստներին: Ելնելով ստեղծված իրավիճակից, «Արարատ» ֆուտբոլային ակումբի ղեկավարությունը կայացրեց մարզչի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին որոշում:
Հարկ ենք համարում նշել, որ «Արարատ» ֆուտբոլային ակումբի սեփականատերերը և ղեկավարությունը ջանք ու եռանդ, ինչպես նաև միջոցներ չեն խնայում`ակումբի առաջընթացը ապահովելու համար: Ընթացիկ մրցաշրջանի առաջին և երկրորդ կեսերին նախապատրաստվելու համար «Արարատը» 5 ուսումնամարզական հավաք է անցկացրել, որոնցից երեքը` արտերկրում: Թիմի կազմն ուժեղացվել է ինչպես տեղացի, այնպես էլ` արտասահմանցի ֆուտբոլիստներով: Հովանավորների ուշադրության կենտրոնում է ակումբին պատկանող Ձորաղբյուրի մարզաբազան:
Մեծ աշխատանք է կատարվել խաղադաշտերի որակի բարելավման ուղղությամբ: Ավարտին են մոտենում մարզաբազայի վարչական և հյուրանոցային մասնաշենքի շինարարական աշխատանքները: Ակումբի մանկապատանեկան մարզադպրոցի տարբեր տարիքային խմբերում մարզվում են ավելի քան 300 երեխաներ:
«Արարատի» հաղթանակները խրախուսվում են բարձր պարգևավճարներով: Չորրորդ շրջանից առաջ ակումբի ղեկավարների և ֆուտբոլիստների հանդիպման ժամանակ կողմերը եկան համաձայնության այն մասին, որ առանձին հաղթանակների համար հատկացվող պարգևավճարները կփոխարինվեն չեմպիոնական տիտղոսը նվաճելու դեպքում աննախադեպ բարձր պարգևավճարով:
Բոլոր որոշումները, որոնք կայացվում են ակումբի սեփականատերերի և ղեկավարության կողմից, ունեն միայն մեկ նպատակ`ուժեղացնել «Արարատը», ապահովել թիմի մշտական առաջընթացը և, մշտապես բարձրացնելով թիմի առջև դրված նշաձողը` արձանագրել նորանոր հաջողություններ և նպաստել հայկական ֆուտբոլի զարգացմանը:
«Արարատի» բոլոր երկրպագուներին կոչ ենք անում համախմբվել մեր թիմի շուրջը և աջակցել «Արարատին», որը իր բոլոր ուժերը կներդնի չեմպիոնական տիտղոսին արժանանալու համար: Միասին մենք ավելի ուժեղ ենք:
«Արարատ» ՖԱ մամուլի քարտուղարություն
https://www.fcararat.am/