Լրահոս
Օրվա լրահոսը

Յապոնչիկը կենդանի է. Սերգեյ Գալոյան

Ապրիլ 28,2014 15:16

«Հին Հռոմից սկսած մինչեւ մերօրյա Ադրբեջանը բոլոր կրիմինալ աշխարհը կապված է իշխանությունների հետ, եւ իշխանության գալիս են նաեւ կրիմինալ աշխարհի միջոցով»,- այսօր՝ ապրիլի 28-ին՝ լրագրողների հետ հանդիպման ընթացքում, հայտարարեց գրող Սերգեյ Գալոյանը:

Գրողի խոսքերով՝ այսօր իրեն գողական կարող է համարել Երրորդ մասի շուկայում կանգնած մի երիտասարդ տղա, ով իր գրպանում ունի մեկ հատ կիսատ-պռատ, ժանգոտված դանակ. ««Գողական» հասկացությունը մեր մոտ լղոզվել է. Կա օրենքի իշխանություն եւ կա օրենքի իշխանության արհամարհում այն երկրներում, որոնք ծանր տնտեսական պայմաններում են ապրում, տնտեսական դժվարություններ ունեն, անպայման կրիմինալ տարրը շատանում է: Այն երկրներում, որոնք մասնակցել են պատերազմի, անպայման պատերազմի դաշտից հսկա զենք է ներկրվում եւ մուծվում այս բնակչության մեջ: Մենք մինչեւ այսօր պատերազմական իրավիճակի մեջ ենք կիսատ-պռատ ադրբեջանցիների հետ. Զենք է գալիս, զենք է գնում, իսկ եթե մի տեղ զենք կա, անպայման զենքը վաղ թե ուշ կրակելու է»:

Սերգեյ Գալոյանը համարում է, որ Հայաստանի Հանրապետությունը հոյակապ օրենքներ ունի, որոնք մշակվել են «այնպիսի պայծառ դեմքի ձեռքով», ինչպիսին է Սամվել Ալեքսանյանը, սակայն այդ օրենքները չեն կիրառվում:

Գրողը զարմանալի է համարում այն փաստը, որ Ազգային ժողովի ներսում պատգամավորներից ոմանք իրար դիմում են ոչ թե անուններով, այլ մականուններով.
«Այնպիսի իրավիճակ պետք է ստեղծվեր, որ ես հարգեի այնտեղ նստած մարդկանց, բայց ես էլ չեմ հարգում: Ազգային ժողովի այդ պատգամավորը մտածում է՝ «օրենքը ես եմ գրել (այսինքն՝ ինքը չի գրել, մի խելոք մարդ նստել գրել է, տակը ստորագրել է, որ ինքն է գրել), ես էլ այսօր կխախտեմ, ո՞վ ինձ կարող է որեւէ բան ասել», որովհետեւ կա մի զարմանալի երեւույթ՝ պատգամավորական անձեռնմխելիության օրենքը, ինչի՞, եթե մարդ հանցագործ է նստեցրեք, ձեզնից ինչո՞վ է լավը»:

Պարոն Գալոյանը, անդրադառնալով հայկական սերիալներին, ասաց, որ երիտասարդները, եթե ցանկություն ունեն ծանոթանալ գողական աշխարհի հետ, թո՛ղ համապատասխան գրականություն կարդան, քանի որ սերիալները կա՛մ դեպքերը ռոմանտիկ են դարձնում, կա՛մ էլ՝ ծիծաղելի. «Ես, Սովետական միությունում ամենահայտնի օրենքով գողերից մեկի հետ նստած սերիալ էինք նայում, ինքը նայեց-նայեց (ինքը հայերեն գիտի) ասաց՝ «էս մե՞նք ենք, էս աստիճանի մենք ապո՞ւշ ենք կամ էս աստիճանի դաժա՞ն ենք»: Չի՛ կարելի»:

Այն հարցին, թե արդյոք օրենքով գողեր Յապոնչիկը եւ Դեդ Հասանը կենդանի՞ են, քաղաքագետը պատասխանեց՝ «Յապոնչիկը կենդանի է, իսկ Դեդ Հասանը՝ ո՛չ»: Նա նշեց, որ ունի Յապոնչիկի հուղարկավորության արարողությունից տարբեր հեռուստաընկերություններից վերցված ութ ժամանոց տեսանյութ.

«Ամենակարեւոր հանգամանքը՝ քրիստոնյա մարդու դագաղը, որը գնդակները ստացել է որովայնի շրջանում, նրա դագաղը միշտ փակ է տարվում, այդպիսի բան քրիստոնյա ազգերի մոտ գոյություն չունի. Փակվում է դագաղը միայն այն ժամանակ, երբ որ մահացած մարդու գլուխը պարզապես փշրված է լինում: Ինչի՞ է փակ գնում, ինչի՞ է իր հուղարկավորությունը կատարվում ոչ թե Վագանկովյան գերեզմանատան եկեղեցում, այլ Մոսկվա քաղաքից 150 կմ հեռավորության վրա: Ինչի՞ Ալլա Պուգաչովան, Կաբզոնը եւ շատ այլ հայտնի մարդիկ, ովքեր վախ չունեն իշխանություններից, որ գան հրաժեշտ տալու, հրաժեշտ են տալիս այս եկեղեցում եւ ոչ թե Վագանկովյան գերեզմանատան եկեղեցում»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930