ԱԺ ՀՅԴ խմբակցությունը եւս չի մասնակցի ԱԺ նախագահի թեկնածուի քվեարկությանը: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Հիշեցնենք`ՀԱԿ խմբակցությունը եւս չի մասնակցելու քվեարկությանը:
«Մենք բազմիցս ասել ենք, որ չենք մասնակցի այնպիսի միջոցառումների, որոնք կրում են ձևական բնույթ, որի արդյունքը կանխատեսելի է»,-լրագրողների հետ զրույցում իրենց որոշումը բացատրեց Արմեն Ռուստամյանը` հավելելով, որ իրենց այդ քայլը որեւէ կերպ անձնավորված չէ:
Կարծիք հայտնելով ԱԺ նախագահի ՀՀԿ-ական թեկնածու Գալուստ Սահակյանի մասին՝ Արմեն Ռուստամյանն ասաց, որ նա փորձառություն ունի. «Չեմ ուզում վատատեսությամբ սկսել: Փորձ ունի և կարողություն՝ հարթելու գրեթե անհնարին թվացող տարաձայնությունները, ինչը խոսում է քաղաքական գործչի երկարամյա փորձի մասին»:
Գալուստ Սահակյանի սույն հատկանիշներն, ըստ Արմեն Ռուստամյանի, հնարավորություն կտան պահպանել կոնսենսուսների մթնոլորտը խորհրդարանում:
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է կառավարությունում տեղի ունեցող կադրային փոփոխություններին, ՀՅԴ խմբակցության ղեկավարն ասաց, որ ինչ որ տրամադրություններ երևում են, որ իշխանությունները չեն ցանկանում նախորդ կառավարության կրողը լինեն, իսկ դա ամենակարևոր հարցն է: Սակայն, ամեն բան պարզ կլինի, երբ նոր կառավարությունը ներկայացնի իր ծրագիրը, իր առաջնահերթությունները: «Մինչև հիմա գնահատական չի տրվել, պատճառներն անհայտ են, թե ինչու Տիգրան Սարգսյանը հրաժարական տվեց, իսկ թաքցնելով, քողարկելով հարց չի լուծվում, առաջընթաց չի գրանցվում»,- իր խոսքը եզրափակեց ՀՅԴ-ական գործիչը`քաղաքականության մեջ կարեւոր համարելով գնահատականներ տալը ու նոր առաջ շարժվելը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ