Լրահոս
Օրվա լրահոսը

Ազգային ժողովում քննարկվում է Սեւանա լճից ջրառը մեծացնելու կառավարության նախագիծը (Տեսանյութ)

Ապրիլ 28,2014 14:34

Ազգային ժողովում այսօր քննարկվում է «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ oգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաuտատելու մաuին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին կառավարության հեղինակած օրենքի նախագիծը:

Այս նախագիծն ընդունելու դեպքում Սեւանի լճից տարեկան թույլատրելի 170 մլն խորանարդ մետր ջրի փոխարեն կվերցվի 240 մլն խորանարդ մետր ջուր՝ հինգ տարվա ընթացքում:

Կառավարությունը այս օրինագծի հրատապությունը եւ անհրաժեշտությունը փորձեց բացատրել ինչպես ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հանձնաժողովի նիստում, այնպես էլ այս հարցին նվիրված խորհրդարանական լսումների ժամանակ:

Ըստ այդ բացատրությունների՝ ջրի դեֆիցիտ ունենք, որին հանգել ենք տարիների ընթացքում Հայաստանի ստորգետնյա ջրերի անխնա օգտագործումից՝ հիմնականում ձկնաբուծության նպատակներով: Սակայն, եթե հիմա Սեւանից ոռոգման նպատակների համար հավելյալ ջուր չվերցնենք՝ գյուղատնտեսությանը խոշոր վնաս կհասցվի:

Այսօր Ազգային ժողովի նիստի ժամանակ ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ, ԲՀԿ խմբակցության անդամ Լյովա Խաչատրյանը կրկին ասաց, որ կառավարությունը այս նախագծով անելանելի դրության մեջ է դնում խորհրդարանին: Մի կողմից անթույլատրելի է Սեւանից ջրառը մեծացնելու թույլտվություն տալը, քանի որ, չի բացառվում, որ դա կբերի բացասական բալանսի, այսինքն՝ Սեւանի մակարդակի նվազման, մյուս կողմից՝ չթույլատրելու դեպքում կրախի առաջ կկանգնի մեր գյուղատնտեսությունը:

Լյովա Խաչատրյանը կրկին հնչեցրեց նորանոր ջրամբարների հրատապ կառուցման անհրաժեշտության հարցը: Նա հիշեցրեց, որ ՍՍՀՄ ժամանակ 170 ջրամբար էր նախագծված, որոնց մի մասն արդեն սկսում էր կառուցվել, եւ այդ ջրամբարների կառուցման դեպքում Սեւանից ընդհանրապես ջրառի կարիք չէր լինի:

Նա հիշեցրեց նաեւ, որ քանիցս առաջարկել է Արփայի վրա ջրամբար դնել, եւ մեր կառավարությունը քանիցս մերժել է, ու հիմա այդ ամբարը թուրքերն են դրել եւ երբ ուզում են Արաքսից ջուր են բացթողնում, երբ չեն ուզում՝ չեն տալիս: Նա նաեւ առաջարկեց որպես հրատապ լուծում Հյուսիս-Հարավ ճանապարհի շինարարության գումարի մի մասը հատկացնել ջրամբարների կառուցմանը՝ «ո՞ւմ է պետք էդ Հյուսիս-Հարավը»:

Իր ելույթում ՀԱԿ խմբակցության անդամ Ստեփան Դեմիրճյանն էլ անդրադարձավ ձկնաբուծությանը, որը խլում է հայաստանյան ջրային պաշարի ծախսի 65-70% -ը: «Առանց աչք թարթելու թույլտվություններ են բաժանել, ո՞վ պիտի պատասխան տա դրա համար»,-վրդովված ասաց պատգամավորը՝ նկատելով, որ ձկնաբուծարանների անխնա շահագործման արդյունքում մեր ստորգետնյա ջրերի պաշարները սպառվել են: Ջրի կորուստը մեզ մոտ կազմում է 65%, եւ դա ոչ արդյունավետ կառավարման, անպատասխանատվության եւ կոռուպցիայի արդյունքում՝ նկատեց Ստեփան Դեմիրճյանը՝ շեշտելով, որ այդ ամենի համար անպայման պետք է գտնել պատասխանատուներին եւ պատժել, իսկ բնապահպանական ոլորտում քաղաքականությունը եւ պետության վերաբերմունքը բնապահպանական խնդիրների նկատմամբ պետք է կտրուկ փոխել:

 

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Տեսանյութը՝ «Ա1+»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930