Ազատության հրապարակից քիչ անց պետք է մեկնարկեր երթ՝ դեպի Ռուսաստանի դեսպանատուն։ Այն կազմակերպել էր «Արարում եմ» ֆեյսբուքյան նախաձեռնությունը: Մաքսային միությանը դեմ քաղաքացիները շարժվելու էին դեպի ՌԴ դեսպանատուն և իրենց բողոքի ձայնը արտահայտելու ընդդեմ Մաքսային միության անդամակցության:
Ազատության հրապարակում են Դավիթ Շահնազարյանը, Արթուր Սաքունցը, Տիգրան Խզմալյանն ու այլ հասարակական, քաղաքական գործիչներ:
Կարդացեք նաև
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, անդրադառնալով ՌԴ դեսպանի այն հայտարարությանը, թե «ռուսական կողմը կխափանի իր բարեկամական երկրների ներքին գործերին «մեր մտքերին ու սրտերին խորթ գաղափարներ ներդնելու պատրվակով» կատարվող ցանկացած ագրեսիվ միջամտություն», մտահոգություն հայտնեց, թե այս հայտարարությունը վկայում է այն մասին, որ ՀՀ-ն ղեկավարվում է ոչ թե Բաղրամյան 26-ից, այլ ՌԴ դեսպանատնից: Ու շեշտեց, թե երթի մասնակիցները ՌԴ դեսպանատան մոտ նաև այս հայտարարության դեմ են հանդես գալու և պահանջելու ՌԴ դեսպանին ճանաչել որպես «պերսոնա նոն գրադա»:
Սակայն շուրջ մեկուկես ժամ սպասելուց հետո նախաձեռնողներն այդպես էլ չհայտնվեցին:
Արթուր Սաքունցը հայտարարեց, թե քանի որ նախաձեռնողները չհայտնվեցին, երթը տեղի չի ունենա: Փոխարենը ընդդեմ Մաքսային միության երթ տեղի կունենա մայիսի 18-ին:
Aravot.am-ի հարցին՝ նախաձեռնողների չներկայանալը կասակածելի չէ՞, պարոն Սաքունցը պատասխանեց. «Իհարկե, կասկածելի է»:
Երթի մասնակիցները ՌԴ դեսպանատան մոտ կներկայանան Ազատություն քաղբանտարկյալներին, ոչ Մաքսային միությանը պաստառներով:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ