Ինչպես արդեն հաղորդել ենք՝ այսօր, խորհրդարանական հերթական քառօրյայի մեկնարկին ԱԺ դարպասների մոտ էին հավաքվել բնապահպան ակտիվիստները: Ակցիայի նպատակն էր` իրազեկել հանրությանը եւ հորդորել ԱԺ պատգամավորներին, որ «հիմար օրենսդրական փոփոխությունը չանեն»:
Բանն այն է, որ կառավարությունը նախագիծ է ներկայացրել, որով նախատեսվում է Սեւանի մասին օրենքում փոփոխություններ: Դրանք նախատեսում են Սեւանից առավել մեծ քանակությամբ ջուր բաց թողնել: Բնապահպանները գտնում են, որ դրա արդյունքում Սեւանի մակարդակը կիջնի, ինչն էլ, ըստ բնապահպանների, լուրջ բնապահպանական հետեւանքներ է ունենալու, քանզի Սեւանն ամբողջական էկոհամակարգ է:
«Ջրի մակարդակի բարձրացում-իջեցումից տեղի են ունենում եւ ջրի որակի փոփոխություն, եւ այնտեղ բնակվող կենդանական աշխարհի: Իսկ մեր, այսպես ասած, կառավարիչները` դրա վրա թքած ունեն եւ Սեւանն օգտագործում են, որպես բիզնեսի աղբյուր»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ակտիվիստ Գեւորգ Սաֆարյանը:
Բնապահպանները հարցը դիտարկում են, որպես ազգային անվտանգությանը սպառնալիք, իսկ Սեւանն էլ մեր ազգային անվտանգության բաղկացուցիչ մասն է:
Կարդացեք նաև