Բնապահպան Սիլվա Ադամյանը պնդում է, որ կառավարությունը Սեւանա լիճը փորձում է հասցնել կատաստրոֆայի:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր Սեւանա լճի ճակատագրով մտահոգված մի խումբ բնապահպաններ բողոքի ակցիա էին անցկացնում ԱԺ շենքի դիմաց, որտեղ քննարկվում էր կառավարության ներկայացրած Սեւանա լճի մասին 2 նախագիծ:
«Առաջին նախագիծը` ջրի բացթողման մասին, առաջացնելու է էկոլոգիական խնդիրներ` ջրի ջերմաստիճանի բարձրացում, էկոլոգիայի խախտում եւ ոչ մի պարագայում դա չի կարելի անել»,- ասաց տիկին Ադամյանը:
Նա դատապարտեց նաեւ կառավարության` ԱԺ ներկայացրած մյուս նախագիծը` արհեստական, 0,91 տոկոս գենետիկորեն մոդիֆիկացված կերով պարունակություն իջեցնել ջրի մեջ. «Դա լուրջ հետեւանքներ կունենա ջրի համար, կբերի ջրի որակի խախտմանը: Եվ այն մասում, որտեղ ձկնաբուծական թափոնները կառաջանան, այդ հատվածում կարող ենք լճից ձեռք քաշել, որովհետեւ տարիներ են պետք, որ լիճը ինքնամաքրվի»:
Տիկին Ադամյանը վստահեցնում է՝ սուտ ու չհիմնավորված պատճառաբանություններ են, թե Սեւանի ջրի բացթողումը կնպաստի լրացնել Արարատյան դաշտի ջրի պակասը. «Մարդիկ պետք է պատասխան տան իրենց արածի համար: Ո՞վ է անկանոն ձեւով սպառել, ո՞ւմ թույլտվությամբ եւ ստորագրությամբ է սպառվել Արարատի ստորգետնյա ջրերը: Սեւանա լի՞ճը պետք է պատասխան տա իրենց արածի համար: Պատճառաբանել, թե Սեւանը հիմա պետք է բաց թողնենք, խախտենք լճի էկոլոգիան, որ Արարատյան հարթավայրի ժողովրդին օգնենք, ճիշտ մոտեցում չէ»:
Կարդացեք նաև
Բնապահպան Լեւոն Գալստյանն էլ չհիմնավորված համարեց Սեւանա լճի ջրի բացթողման նախագիծը. «Ուղղակի կառավարությունը որոշում է ընդունել՝ ելնելով նրանից, որ Արարատյան դաշտում չի բավականացնում ոռոգման ջուրը… այդ որոշումը ցանկանում են իրականացնել 5 տարի շարունակ: Հարց է առաջանում` ի՞նչ հիմնավորմամբ, գիտական հետազոտությունների հիման վրա՞ է որոշվել 70 միլիոն խ/մ ջուր բաց թողնել եւ ինչո՞ւ 5 տարի»:
Նա լուրջ կասկածներ ունի, որ դա արվում է այն պատճառով, որ լուրջ թերացումներ կան Սեւանի ափամերձ տարածքները մաքրելու պարտավորությունն իրականացնելու հարցում: Մյուս տարբերակն էլ, ըստ պարոն Գալստյանի, իշխանությունների մտահոգություններն են` ջրի մակարդակի բարձրացման առումով: Ըստ նրա, վտանգ կա, որ ջրի մակարդակի բարձրացման դեպքում որոշ պաշտոնյաների օբյեկտներ կմնան ջրի տակ:
Մանրամասները` տեսանյութում
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ